Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«7-Ի ԳՈՐԾՈՒՄ» ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԿԱ

Փետրվար 18,2009 00:00

Նախկին քննիչի դիտարկումները

\"\"Ես ՀՀ գլխավոր դատախազության նախկին քննիչ եմ, ներկայումս ապրում եմ Ռուսաստանում: Հեռակա ծանոթանալով «Մարտի 1»-ի գործի հետ կապված մամուլի հրապարակումներին, իմ դիտարկումներն եմ ուզում հայտնել «Առավոտի» ընթերցողներին:

Ազգաբնակչության մեծամասնությունը գիտի, որ հանրապետությունում շարունակվող սպառնալից ներքաղաքական իրավիճակը պայմանավորված է փետրվարի 19-ին անցկացված ընտրությունները բացահայտ կեղծելու հետ:

Այն հանգեցրեց նաեւ մարտի 1-ի իրադարձություններին: Սպանվեց 10 մարդ, տասնյակ մարդկանց առողջությանը վնաս հասցվեց, անհիմն կալանվեցին եւ ազատազրկվեցին հարյուրավոր մարդիկ, անօրինական սահմանափակվեցին խոսքի եւ այլ ազատությունները։ Ողջամիտ մարդիկ պատրաստակամ են երկիրը առկա փակուղային վիճակից դուրսբերման համար կարծիքներ հայտնել, սակայն հանդիպելով ռեժիմի բազմաբնույթ հալածանքներին, վրեժխնդրություններին՝ լռում են։ Ոչ թե վախի ազդեցությամբ, այլ մասնագիտական արժանապատվությունից ելնելով՝ փոխելով անուն-ազգանունս, ես կփորձեմ դիրքորոշումս հայտնել «7-ի գործով» մեղադրանքների շուրջ:

Տեղյակ լինելով մարտյան իրադարձություններին եւ ծանոթանալով գործով մեղադրական եզրակացությանը, գտնում եմ, որ Ալ. Արզումանյանի եւ մյուսների արարքում «Զանգվածային անկարգություններ եւ պետական իշխանությունը յուրացնելու» հանցագործության հանցակազմը բացակայում է։ Փաստարկը հիմնավորելու համար կփորձեմ դիտարկել այդ հանցագործությունների էությունը եւ ապացույցները։ Զանգվածային անկարգությունները, 225 հոդվածով, մարդկանց մեծ խմբի (ամբոխ) կատարած ոտնձգությունն է ընդդեմ հասարակական կարգին եւ հասարակության անվտանգությանը, որոնք ուղեկցվում են մարդկանց նկատմամբ բռնություններով, հրկիզումներով, ջարդերով, գույքի ոչնչացմամբ, պայթուցիկ սարքերի գործադրմամբ, նաեւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով։

Մարտյան իրադարձությունների ժամանակ, իրոք, կատարվել են հոդվածի դիսպոզիցիայում թվարկված արարքները, այսինքն, ոտնձգություն է կատարվել օրենքով պաշտպանվող սոցիալական արժեքի դեմ: Քրեական իրավունքում օրենքով պահպանվող այդ արժեքները կոչվում են հանցագործության օբյեկտ։

Հանցակազմն ունի օբյեկտիվ կողմ, որը բնութագրում է հասարակական վտանգավոր արարք կատարողի ներքին հոգեբանական կողմը, այսինքն՝ նրա մտահղացումներն են եւ իրացման նպատակը:

Զանգվածային անկարգությունների օբյեկտիվ կողմը անկարգություններ կազմակերպելն է, որը կարող է արտահայտվել տարբեր ձեւերով:

1. Անկարգությունները նախապատրաստել են, ծրագրել:

2. Ստեղծել են մարդկանց խմբեր, որպեսզի կատարեն բռնարարքներ:

3. Անկարգությունների մասնակիցներին հրահրել, դրդել, պրովոկացիայի են ենթարկել, որ կատարեն հրկիզում եւ այլն:

4. Մշակել են անկարգությունների մեխանիզմը եւ ղեկավարել դրանք:

5. Կոչ են արել մասնակիցներին՝ չենթարկվելու իշխանության ներկայացուցչի օրինական պահանջներին եւ այլն:

Ալ. Արզումանյանի եւ մյուսների արարքում գործողություն (անգործություն) հանցակազմի օբյեկտիվ կողմը բացակայում է, այսինքն՝ բավարար ապացույցներ չկան, որ նրանք են կազմակերպել զանգվածային անկարգությունները եւ նախատեսել վտանգավոր հետեւանքների առաջացումը։

Այդ փաստարկն անվիճելի է, որովհետեւ մարտի 1-ին Ալ. Մյասնիկյանի հրապարակում մարդիկ (ամբոխը) հավաքվել էին ոչ թե Ալ. Արզումանյանի եւ մյուսների կազմակերպմամբ բռնություններ կատարելու նպատակով, այլ դրդապատճառը եղել է նույն օրը վաղ առավոտյան ոստիկանության ուժերի կողմից Ազատության հրապարակից խաղաղ ցուցարարներին մաքրելու անխելամիտ օպերացիան եւ այդ սադրանքի ժամանակ ցուցարարների նկատմամբ ակնհայտ անհամաչափ բռնությունները։ Անվիճելի է, որ հրապարակում ամբոխի կուտակումը եղել է ինքնաբուխ, իրենց ազատությունները բռնությամբ սահմանափակելու բողոքի արտահայտություն։

Ալ. Արզումանյանի եւ մյուսների մեղքը պետք է ապացուցել նաեւ անկարգությունների կատարման փուլում, այսինքն, որ նրանց դրդմամբ, հրահրմամբ են կատարվել ջարդերն ու բռնությունները, կամ էլ իրենք են անձամբ կատարել։ Այդ ապացույցները նույնպես չկան, ընդհակառակը՝ բազմաթիվ են ուղղակի ապացույցները, որ նրանք (Սուքիասյանը եւ մյուսները) ժողովրդին հորդորել են չգնալ պրովոկացիաների, ցուցաբերել զսպվածություն եւ հնազանդություն։ Բացի վերը շարադրվածից, անհրաժեշտ է նկատել, որ գործի ողջ քննությունն է անբավարար, եւ մի շարք արմատական խնդիրներ չեն հանգուցալուծվել։

Առաջին. ինչպես հայտնի է, Մյասնիկյան հրապարակում հակամարտությունը եղել է ժողովրդի եւ ոստիկանության ուժերի միջեւ, սակայն դեռեւս քննությամբ չի գնահատվել ոստիկանական ուժերի գործողությունների օրինականության հարցը՝ ինչպես Ազատության, այնպես էլ Մյասնիկյան հրապարակներում։ Եթե պարզվի, որ հակամարտության ընթացքում ոստիկանության ուժերը գերազանցել են իրենց լիազորությունները, ձեռնարկումները եղել են անհամաչափ եւ ցուցաբերել են մասնագիտական անփութություն, որոնք հանգեցրել են հասարակական վտանգավոր հետեւանքների, ապա կունենանք այլ բնույթի հանցագործություն։

Երկրորդ. հրահրված անկարգությունների հետեւանքով դիտավորյալ սպանվել է 10 մարդ, հարյուրավոր մարդկանց առողջությանը պատճառվել են ծանր եւ միջին աստիճանի վնասվածքներ, հրկիզվել է գույք եւ այլն, բայց դրանց կատարողները դեռես չեն հայտնաբերվել։ Դիմենք հասարակ տրամաբանությանը, եթե բռնարարքներ կատարողները պարզված չեն, ինչ հիմքերով եւ ապացույցներով են հասարակական վտանգավոր արարքի հետեւանքները վերագրվել Ա. Արզումանյանին եւ մյուսներին, գործողության կամ անգործության հետ։ Այս հանգամանքը վկայում է, որ հանցակազմի օբյեկտիվ կողմին վերաբերող հանրության վտանգավոր արարքի եւ հետեւանքի միջեւ պատճառական կապը նույնպես ապացուցված չէ։

Անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ 10 մարդու սպանություններին եւ տասնյակ մարդկանց առողջությանը ծանր եւ միջին աստիճանի վնաս պատճառելու կարեւոր հանգամանքին։ Ինչպես հայտնի է, այդ հանցագործություններն ընդգրկվել են Ալ. Արզումանյանին եւ մյուսներին առաջադրված մեղադրանքի ծավալներում։ Օրենքի սկզբունքն այն է, թե զանգվածային անկարգությունների ժամանակ կատարվել է դիտավորյալ սպանություն, բռնաբարություն, մարդկանց առողջությանը դիտավորյալ վնաս է պատճառվել, ապա դրանք դիտվում են առանձին ինքնուրույն հանցագործություններ եւ անկարգությունների հետ որակվում են համակցության կարգով։ Անկարգությունների կազմակերպիչը սպանության, բռնաբարության, մարդկանց առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու համար պատասխանատվության կարող է ենթարկվել, եթե այդ հանցագործությունների կատարումը հրահրել, դրդել, օժանդակել կամ կատարել է ինքը։

Մամուլից հայտնի է, որ «7-ի գործից» անջատվել է դիտավորյալ սպանությունների եւ ոստիկանական ուժերի գործողությունների գնահատման մասը։

Այդ որոշումը սխալ է, կարելի է եզրակացնել, որ կատարվել է քննչական աճպարարություն եւ պարտակել են սպանությունները (նաեւ այլ բռնարարքներ կատարողներին)։ Համոզիչ չէ նաեւ այն վարկածը, թե անկարգությունները եւ նրա հետեւանքները սադրել են այլ ուժեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել