Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատության մունետիկ՝ Արթուր Մկրտչյան

Փետրվար 18,2009 00:00

Այս օրերին Ղարաբաղի բոլոր քաղաքներում եւ մի փոքրիկ գյուղում՝ Ուխտաձորում, տեղի են ունենում ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախի ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Մկրտչյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումներ:

Հադրութում եւս մարդիկ հավաքվում են հիշելու իրենց հայրենակցին, ընկերոջը, բարեկամին: Ամենուր գեղեցիկ խոսքեր են ասվում Արթուր քաղաքական գործչի, մարդու, ընկերոջ մասին, բայց դրանք մեկ այլ երանգ են ստանում նրա ծննդավայրում՝ Ուխտաձորում ու Հադրութում, որտեղ ծնվել, մեծացել, ուսում է ստացել Արթուրը: Այստեղ նրան գիտե ամեն ոք, յուրաքանչյուրը պատրաստ է պատմելու Արթուրի մասին, հիշողություններով լեցուն են նրա համագյուղացիները:

Մարդկանց հոծ խմբի մեջ տարբերվում էին երկու հոգի: Արթուր Մկրտչյանի ուսուցիչներն են: Նրանց հետ զրույցում Արթուրը երեւաց ուրիշ, դեռեւս անծանոթ, բայց միեւնույն ժամանակ այնքան հարազատ ու այնքան ջերմ:

Արմիդա Բալասանյանը հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է: Իր աշխատանքային փորձը սկսել է Ուխտաձորի դպրոցում, որտեղ եւ սկզբից դասավանդել, ապա մի քանի տարի հետո աշխատել է Արթուր Մկրտչյանի հետ: Տիկին Բալասանյանը խոսելու ու պատմելու շատ բան ունի, բայց հուզմունքից բառերը դողում են: «Արթուրը նման է հորիզոնի՝ ինչքան հեռանում ես նրանից, այնքան մոտենում է ինքը: Նա իմ աչքի առաջ է մեծացել: Հինգերորդ դասարանում էր Արթուրը, երբ ես առաջին անգամ մտա դպրոց: Հիշում եմ, երբ նա արդեն բարձրագույնն ավարտել ու դասավանդում էր հայրենի դպրոցում: Մի անգամ տեսա, թե ինչպես է վրդովմունքով թափահարում «Հայոց պատմություն» դասագիրքը: Հարցրի՝ ի՞նչ է պատահել: Ասաց՝ այս դասագրքով հնարավոր չէ հային հայեցի դաստիարակել: Այն ժամանակ ի՞նչ իմանայինք, որ Արթուրը կդառնա հայոց նորօրյա պատմության կերտողն ու գրիչը: Միշտ շրջապատված էր հետաքրքրասեր աշակերտներով, որոնք դարձան նրա գաղափարակիցը, իսկ հետո էլ՝ պայքարի ընկերները: Ուխտաձորը Արցախյան ազատագրական պայքարին տասնյոթ զոհ է տվել, նրանցից երեքը Արթուրի աշակերտներն էին, որ իրենց ուսուցչի հետ կիսեցին նահատակ կոչվելու ճակատագիրը: Միշտ դժգոհում էր գյուղի՝ Էդիլլու օտարահունչ անվան համար: Սիրում էր հաճախակի այցելել գյուղի աղբյուրը, որ ծորում է դարավոր ծառերի տակ՝ իսկը ուխտատեղի էր: Այդ վեհ զգացմունքներն էին, հավանաբար, Արթուրին մղել առաջարկելու գյուղը վերանվանել Ուխտաձոր: Մեր պատմությունը լի է առեղծվածային «ինչուներով», որոնց գումարվեց եւս մեկը՝ Արթուրի մահը: Սակայն ինձ համար նա միշտ կենդանի է, նրա բարի ժպիտը որպես բարի նախատինք, որպես հրամայական պահանջ է սերունդներին՝ կիսատ չթողնել սկսած գործը»:

Ուխտաձորի դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Միքայել Խաչյանը սիրով ու գորովանքով է խոսում իր սանի մասին. «Երբ Արթուրը մահացավ, նրա մայրը՝ Լուսիկ մայրիկը, երկար ժամանակ ինձ հետ չէր խոսում: Ասում էր, ախր ինչո՞ւ ես դու նրան գրականություն ու պատմություն սովորեցրել, չիմանար այդ ամենը՝ չէր ընտրի այս ճանապարհն ու կենդանի կլիներ: Ես համաձայն չեմ: Հայրենիքի սերը ներծծված էր Արթուրի արյան մեջ, նա պատկանում էր այն մարդկանց թվին, որոնց աշխարհ գալը անհրաժեշտություն էր: Պատմությանը պետք էր Արթուրը, մեր երկրին պետք էր Արթուրը, նա պիտի դառնար մեր նոր պատմությունը կերտողներից մեկը: Ուստի նրա ծնունդը ճիշտ ժամանակին էր եւ ճիշտ տեղում: Պիտի ասեմ, որ դեռ դպրոցական նստարանից Արթուրը մեծ հակում ուներ դեպի պատմագիտությունն ու քաղաքականությունը: Պրպտուն, հետաքրքրասեր, ընդունակ էր: Մի անգամ, հերթական տեսչական ստուգումների ժամանակ, պատմության առարկայի տեսուչը իմ վարած դասը լսելուց հետո ցանկություն հայտնեց զրուցել աշակերտների հետ: Զրույցից հետո վերադարձավ ուսուցչանոց՝ զարմանքը դեմքին ու ասաց՝ զարմանահրաշ սան ունես, ոչ միայն իմ հարցերին պատասխանեց, այլեւ իր հարցը առաջադրեց, որին մի կերպ պատասխանեցի:

Մասնակցեց կամավորական ջոկատների ստեղծմանը, այնուհետեւ ղեկավարեց Հադրութի ինքնապաշտպանական ջոկատի շտաբը, իսկ իր հայրենիքի համար ամենածանր ու ճակատագրական օրերին էլ ստանձնեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը: Շարժման սկզբնական փուլում մենք մի կարգախոս ունեինք՝ միացում: Սակայն Արթուրը, մեր զրույցների ժամանակ, համոզում էր ինձ, որ մենք պետք է հրաժարվենք այդ կարգախոսից: Նա այնպիսի եռանդով էր բացատրում այդ կարգախոսի վնասակարությունը, որ ես ոչ միայն համոզվեցի, այլ նաեւ զարմացա, թե ի՞նչ խորությամբ է տիրապետում միջազգային հարաբերությունների օրինաչափություններին: Նա պնդում էր, որ շարժումը պետք է կոչվի ազգային-ազատագրական, հակառակ դեպքում միջազգային ուժերը կսկսեն շահարկել այն: Կարծում եմ, հենց առաջինը նա էր, որ հարցին այդպիսի մոտեցում ցուցաբերեց:

Ես երջանիկ եմ, որ բախտ եմ ունեցել դասավանդելու, շփվելու, խոսելու ու կիսվելու Արթուրի հետ: Ինձ համար նա երբեք չի մահացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել