Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՊԱՍԻՎ Է

Փետրվար 18,2009 00:00

Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոն մինչ օրս դիմել է 100-ից ավելի քաղաքացի

\"\"Արդեն չորս ամիս է՝ Կապանում գործում է Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոնը, որի առաքելությունը կոռուպցիոն երեւույթների արձանագրումն է, կոռուպցիային վերաբերող օրենքների թերությունների բացահայտումը, ընթացակարգային, համակարգային փոփոխությունների իրականացումը, անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը բնակչությանը: Ծրագրի իրականացման նպատակով կենտրոնը համագործակցում է մարզի ՏԻՄ-երի, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, տեղական ԶԼՄ-ների հետ: Կենտրոնի հիմնադիրը «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն է՝ «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության (Casals &.Associates inc.) «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» շրջանակներում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ: Ծրագիրը մեկնարկել է 2008թ. սեպտեմբերի 1-ից եւ կշարունակվի մինչեւ 2010թ. մայիսի 15-ը: Իրականացվող հակակոռուպցիոն ծրագիրն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոնն իր հակակոռուպցիոն տեղեկատվական կենտրոններն է բացել մարզի մյուս քաղաքներում՝ Գորիսում, Սիսիանում, Մեղրիում:

«Սյունիքի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի» համակարգող Տիգրան Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամիսների ընթացքում կենտրոնում իրավաբանական խորհրդատվություն է ստացել 100-ից ավելի քաղաքացի: Անհրաժեշտության դեպքում կենտրոնի իրավաբանները օգնում են քաղաքացիներին՝ ներկայացնելու դիմումներ համապատասխան հաստատություններ, իսկ հարկ եղած դեպքում՝ քաղաքացիների շահերը պաշտպանում դատարանում:

Կենտրոն դիմում են հիմնականում միջին եւ բարձր տարիքի քաղաքացիները՝ մեծամասամբ սեփականության իրավունքի խախտման, չվճարված աշխատավարձերի վերադարձման եւ այլ հարցերով: Քիչ չեն նաեւ երեխաների, հաշմանդամների իրավունքների ոտնահարման, ծնողական պարտականությունների, գումարի բռնագանձման եւ այլ հարցերով դիմողները: «Երիտասարդները մեզ առայժմ չեն դիմել: Կարծում եմ՝ այստեղ մտածելակերպի խնդիր կա նաեւ: Կենտրոն դիմում են հիմնականում այն մարդիկ, ովքեր բախվել են կոռուպցիոն երեւույթների հետ եւ դարձել դրանց անմիջական զոհը: Բավականին լուրջ գործեր ենք ստացել, որոնք առայժմ ուսումնասիրում են մեր իրավաբանները: Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով: Կազմակերպությունը Կապանում ունի նաեւ իրավաբանական կլինիկա, որի իրավաբանը, մեր կամավորների հետ, որոնք, ի դեպ, Կապանի բուհերի իրավաբանական ֆակուլտետներում սովորող բարձր կուրսերի ուսանողներ են, ամիսը 4 անգամ այցելում են մարզի գյուղեր, հանդիպում բնակչությանը»,- ասում է Տիգրան Ստեփանյանը: Միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում գրասենյակի իրավաբանները գյուղերում իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել 40 մարդու:

Քաղաքացիներն անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանում են նաեւ կենտրոնում գործող «թեժ գծի» միջոցով (0 800 01 114): Սակայն կենտրոնի ղեկավարը նշում է, որ 2006թ. ստեղծված եւ իրավապաշտպանությամբ զբաղվող «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հ/կ-ին արդեն ճանաչում են Կապանում, ուստի՝ ավելի շատ այցելում են կենտրոն, քան օգտվում «թեժ գծից»: Բայց, ընդհանուր առմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի եւ սեփական իրավունքների պաշտպանության հարցերում հասարակությունը պասիվ է:

«Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» շրջանակներում նախատեսված է հակակոռուպցիոն գրասենյակներ բացել Հայաստանի բոլոր մարզերում: Առաջին փուլով ստեղծվել է ընդամենը 5-ը՝ Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում եւ Երեւանում: Մոտ ժամանակներս կենտրոններ կգործեն նաեւ մյուս մարզերում, կստեղծվի հայաստանյան օն-լայն գրանցամատյան (վեբ կայք):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել