Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծերանոցից՝ հիվանդանոց

Փետրվար 18,2009 00:00

Նախկին դատապարտյալը՝ անօթեւան

Նորքի ծերանոցի 72-ամյա բնակիչ Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը օրեր առաջ տեղափոխվել է հիվանդանոց: Նա ծանր հիվանդ է թոքաբորբով: Օրեր առաջ Ռ. Սաֆրազբեկյանը դիմել էր «Առավոտին», հայտնելով, որ կյանքի մայրամուտին է տեղեկացել, որ ինքը տուն է ունեցել: Սաֆրազբեկյանն ապրել է Երեւանում՝ Սպանդարյան փողոցի թիվ 55 տանը: 1960 թ. պատահաբար հայտնվել է փողոցային կռվի մեջ, ինչը ճակատագրական է դարձել նրա համար. դատապարտվել է ազատազրկման: Բայց դրանով սկիզբ է դրվել մի մղձավանձի, երբ տեղի-անտեղի «գործ է սարքվել» նրա վրա՝ հիմքում դրվելով նրա դատված լինելը: «Ես կոմունիստական հասարակարգի անօրինականությունների զոհն եմ եւ թանկ եմ վճարել դրա համար»,- ասում է «Ուդի» մականունով հայտնի ծերունին: Այդ անօրինականությունների արդյունքում 72-ամյա Ռ. Սաֆրազբեկյանն իր կյանքի 47 տարիներն անց է կացրել բանտերում: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղեկանքի, նա միայն Հայաստանում դատապարտվել է 14 անգամ: Իսկ մղձավանձը շարունակվում է առայսօր:

1970 թ. կազմված մի անօրինական արձանագրության արդյունքում՝ Ռ. Սաֆրազբեկյանը զրկվել է իր հայրական, պապական տնից եւ այսօր բնակվում է ծերանոցում: «Տասնյակ տարիներ մահի ու հույսի արանքում ապրած մարդուց խլել են վերջին ու միակ՝ ազատ ապրելու հնարավորությունը, գլխի տանիքը եւ ոչ ոք չի ուզում դրա համար պատասխան տալ, ուղղել կատարված սխալը»,- ասում է Ռ. Սաֆրազբեկյանը: Նրան վերջերս է հաջողվել գտնել Սպանդարյանի շրջսովետի 1970թ. հուլիսի 16-ի թիվ 18 արձանագրության քաղվածքը, որում գրված է. «Գլխավոր պողոտայի բացման կապակցությամբ իրացվում է Սպանդարյան փողոցի նո. 55 տան բնակիչ Ռ. Սաֆրազբեկյանի զբաղեցրած 1 սենյականոց բնակարանը, որտեղ բնակվում է 4 անձ, ինքը դատապարտված է 2 տարի ազատազրկման եւ մինչեւ այժմ չի վերադարձել կալանքից: Նրա կինը՝ քաղ. Սվետլանա Մելքոնի Միլոյանը դիմել է Սպանդարյան շրջսովետի գործկոմի կոմունալ բաժին, որ իր ընտանիքը հնարավորություն չունի պայմանագրային կարգով բնակարան ստանալու եւ խնդրել է իրեն հատկացնել քաղ. Լենվել Միհրանի Սահակյանի զբաղեցրած բնակարանը, նկատի ունենալով, որ իր ծնողները բնակվում են այդ շենքում: Քաղ. Լ. Սահակյանը նույնպես դիմել է Սպանդարյան շրջսովետի գործկոմի կոմունալ բաժնին, որպեսզի իրացման նպատակով տնօրինվի Նորքի 2-րդ զանգվածի նո. 47 շենքի 5-րդ մուտքի 2-րդ հարկի նո. 49 երկու սենյականոց բնակարանը եւ փոխարենն իրեն հատկացվի քաղաքի կենտրոնական մասերում կառուցվող շենքերից բնակարան: Քաղ. Ս. Մելոյանը խնդրել է պայմանագիրը տալ իր ամուսնու անունով եւ ազգանունը գրել պայմանագրի մեջ»: Գործադիր կոմիտեն որոշել է. «Հարգել քաղ. Ս. Մելոյանի եւ Լ. Սահակյանի խնդրանքը, թույլատրել Սպանդարյանի շրջսովետի գործկոմի կոմունալ բաժնին, իրացման նպատակով տնօրինելու Նորքի 2-րդ միկրոշրջանի նո. 47 շենքի 5-րդ մուտքի 2-րդ հարկի նո. 49 երկու սենյականոց բնակարանը եւ այն հատկացնել քաղ. Սվետլանա Մելքոնի Մելոյանի ընտանիքի 3 անձին (իրեն անվան), փոխարենը քաղ. Լ. Սահակյանի ընտանիքին հատկացնել ստադիոնի հատվածում կառուցվող շենքերից 2 սենյականոց բնակարան»:

Ռ. Սաֆրազբեկյանը նշում է, որ արձանագրությունը սկսվում է այսպես. «Քաղ. Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի բնակարանի իրացման եւ քաղ. Լենվել Միհրանի Սահակյանի բնակարանը տնօրինելու մասին», բայց, չգիտես ինչու, փոխանակումը իրականացվել է առանց տիրոջ՝ Ռ. Սաֆրազբեկյանի համաձայնության կամ նրան տեղյակ պահելու, թեպետ արձանագրվել է, որ «Ս. Մելոյանը խնդրել է պայմանագիրը տալ ամուսնու անունով եւ ազգանունը գրել պայմանագրի մեջ»: Արձանագրության մեջ նշված է, որ Ռ. Սաֆրազբեկյանը «դատապարտված է 2 տարի ազատազրկման եւ մինչեւ այժմ չի վերադարձել», այնինչ՝ դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով եւ չարաբաստիկ 1970 թ. հուլիսի 16-ին նրա՝ կալանքից ազատվելուն մնացել էր 3 ամիս 24 օր: «Եթե ճիշտը գրեին, չէին կարողանա բնակարանս խլել»,- գրում է Ռ. Սաֆրազբեկյանը:

Սրանք դեռ բոլոր կեղծիքները չեն, որ տեղ են գտել արձանագրությունում: Իրականում Ռ. Սաֆրազբեկյանը Սպանդարյան 55 տանը ունեցել է ոչ թե 1, այլ երեք սենյակ՝ 24, 18 եւ 16 քմ մակերեսով, չհաշված բոլոր կոմունալ հարմարությունները: Ռ. Սաֆրազբեկյանը հարցի առնչությամբ դիմել է Երեւանի քաղաքապետին եւ 23.06.2008թ. ստացել «Ձեր կողմից չի ներկայացվել որեւէ իրավահաստատող փաստաթուղթ՝ նշված տունը Ձեզ պատկանելու կամ իրացված լինելու վերաբերյալ» պատասխանը: Նաեւ տեղյակ են պահել, որ քաղաքապետարանն իր տրամադրության տակ չունի ազատ, չբաշխված բնակարաններ, հետեւաբար՝ դիմումը բավարարելու հնարավորություն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728