Մեղադրյալի մայրն անհանգստացած է
Կարեն Հարությունյանը՝ մոր հետ:
Անցյալ տարվա նոյեմբերի 17-ին, ժ.19.50-ի սահմաններում, թիկունքից հարձակման ենթարկվեց եւ բազմաթիվ մարմնական վնասվածքներ ստացավ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, իրավական հրապարակումներով ճանաչված լրագրող Էդիկ Բաղդասարյանը: Նա տեղափոխվեց Նոր Նորքի հիվանդանոց, ուր ենթարկվեց վիրահատության:
Հարուցվեց քրեական գործ՝ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 25-ին, ժ.14-ին, ոստիկանության բաժին որպես վկա հրավիրվեց գործազուրկ, 20-ամյա Կարեն Հարությունյանը, որը բաժին ներկայանալուն պես կալանավորվեց: Պարզվեց, որ Կ. Հարությունյանի նկատմամբ մինչ այդ հայտարարվել է հետախուզում, ինչին տեղյակ չէր ոչ կասկածյալը, ոչ նրա պաշտպանությունը ստանձնած ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը:
Երեկ մեղադրյալի մայրը՝ Մարինե Մարկոսյանն, «Առավոտին» տեղեկացրեց, որ որդուն հունվարից տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան՝ նրա մեղսունակությունը որոշելու համար: 21-րդ օրն է, ինչ տղան գտնվում է հոգեբուժարանում: Հոգեբուժարանի պատասխանը ստանալուն է սպասում ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը, որի վարույթում էր գտնվում Կարեն Հարությունյանի բողոքը՝ կապված իր նկատմամբ կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու հետ: Վերաքննիչն այս պահին կասեցրել է բողոքի քննությունը:
Մ. Մարկոսյանն ասաց, որ կալանավորելուց հետո որդուն չի տեսել արդեն 4 ամիս, քանի որ քննիչն արգելել է տեսակցությունը: Նա անհանգստացած էր որդու առողջությամբ: Նրա հետ զրույցից տեղեկացանք, որ որդին չի ծառայել բանակում՝ առողջական խնդիրների պատճառով:
Մ. Մարկոսյանն «Առավոտին» ասաց, որ դեպքի օրը ինքը գտնվել է «Էրեբունի» հիվանդանոցում, կաթիլայինի տակ: Ողջ օրը նրա կողքին է գտնվել Կարենը: Ի դեպ, այդ մասին ցուցմունք են տվել թե Մարինեին վիրահատած բժիշկը, թե բուժքույրը: «Մենք Կիեւյան փողոցում ենք ապրում: Այդ օրը, ժ. 20-ի սահմաններում, Կարենն ինձ վիրահատությունից հետո տեղափոխել է տուն: Նա չէր կարող ոչ միայն ծանր ապրումներ ունենալով ինձ մենակ թողնել, այլեւ ֆիզիկապես գտնվել Վերնիսաժի հատվածում, միաժամանակ՝ Կիեւյանում»,- ասում է Մ. Մարկոսյանը: Վերջինին անհասկանալի է թվում այն, որ 4 ամիսների ընթացքում տղային հարցաքննել են միայն մեկ անգամ եւ քննչական գործողություններ չեն կատարվում նրա հետ, իսկ գործը չի ուղարկվում դատարան: Փաստաբան Վահագն Մանուկյանը, գործի նյութերին ծանոթանալով, պարզել է, որ մեղադրանքն առաջադրելու հիմքերը չկան, որ Էդիկ Բաղդասարյանի դատաբժշկական փորձաքննության ենթարկելու եզրակացությունը թվագրված է դեկտեմբերի 8-ով: Այսինքն՝ մարդուն մեղադրանք է առաջադրվում, երբ դեռ պարզ չէ, թե տուժողը մարմնական ինչպիսի վնասվածքներ է ստացել՝ ծա՞նր, միջի՞ն, նվա՞զ…
Կարենն օդ կրակած ոստիկանի՝ Նորիկ Ավետիսյանի ցուցմունքի հիման վրա է հայտնվել անազատության մեջ: Ընդ որում, այս ոստիկանը Էդիկի վրա հարձակվողների թիվը նշել է նախ երեք, ապա՝ երկու: Սակայն երեկվա դրությամբ այլ մարդիկ չեն հետապնդվում, չեն հետախուզվում: «Արդյո՞ք ոստիկանության հետ երբեւէ առնչվել է Կարենը» հարցին՝ մայրը պատասխանում է բացասաբար, միայն հավելում է, որ ոստիկանն իրենց նախկին հարեւանն է: 12 եւ ավելի տարիներ առաջ նրանք ապրել են Գնունի փողոցում: Իսկ թե ինչո՞ւ է ոստիկանը հանկարծ հիշել իրենց սպանված հարեւանի որդուն, հայտնի չէ:
Երեկ տեղեկացանք, որ մայրն ու փաստաբանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ հանդիպման նպատակով: Միաժամանակ, փաստաբանը բացարկ է հայտնել Կենտրոնի դատավորին, որ գործին առանց գնահատական տալու՝ խափանման միջոց է ընտրել կալանքը: Կարենի համար միջնորդել են նաեւ գրավ կիրառել, ինչը, սակայն, մերժվել է: