Հայաստանում մատների վրա խանութներ կարելի է հաշվել, որ ապրանքներն իսկապես զեղչում են
Վերջին տարիներին մայրաքաղաքի խանութների մատուցած ծառայություններում ավելի ու ավելի հաստատուն տեղ է գրավում աշխարհում վաղուց ընդունված այնպիսի երեւույթ, ինչպիսին է տոնական եւ սեզոնային զեղչերի կիրառումը: Ընդամենը մի քանի տարի առաջ Երեւանում հատուկենտ խանութներ էին զեղչեր կիրառում, իսկ այսօր հատկապես տոնական զեղչերի մեխանիզմը դարձել է համատարած ոչ միայն հագուստեղենի, կահույքի կամ կենցաղային տեխնիկայի խանութներում, այլեւ՝ արդեն սննդամթերքի առեւտրով զբաղվող կենտրոններում:
Եթե նախկինում միջին գնային կարգի ապրանքներն ավելի ձեռնտու էր ձեռք բերել տոնավաճառներից, ապա այժմ շարքային սպառողների մեծ մասի համար գերադասելի է դարձել խանութներից օգտվելը, քանի որ զեղչերի ընթացքում գներն այդտեղ ավելի մատչելի են, քան տոնավաճառներում: Բացի այդ, խանութների տեսականին ավելի որակյալ ու բազմազան է, գնումներ կատարելն էլ՝ որոշ չափով ավելի հարմարավետ ու հաճելի: Ուստի, մրցակցության կանոններից ելնելով, այս տարի արդեն մայրաքաղաքի գրեթե բոլոր տոնավաճառներում նույնպես սկսել են կիրառել տոնական ու սեզոնային զեղչեր:
Նկատենք, որ վերջին 2-3 տարիների ընթացքում ավելացել է ոչ միայն զեղչեր կիրառող խանութների թիվը, այլեւ մեծացել են բուն զեղչերը: Եթե երկու տարի առաջ 30-40% զեղչն անսովոր երեւույթ էր, ապա այսօր 50%, անգամ 70%-անոց զեղչերով ոչ ոքի չես զարմացնի: Հատկապես այս տարի նման մեծ զեղչեր ազդարարող ցուցանակներ կարելի է տեսնել մայրաքաղաքի գրեթե բոլոր միջին գնային խանութների ցուցափեղկերին: Սակայն խնդիրն այն է, որ այդ ցուցանակներում նշված թվերը միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Զեղչով աշխատող խանութների գերակշիռ մասը խաբում է իր հաճախորդներին, որոշները՝ շատ, որոշներն՝ ավելի քիչ:
Հաճախ ցուցանակով գայթակղված մտնել ով ներս՝ հաճախորդը հիասթափվում է, որովհետեւ պարզվում է՝ ցուցանակի վրա նշված զեղչը վերաբերում է միայն մի քանի տարվա վաղեմության մեկ-երկու նմուշների: Ինչպես, օրինակ՝ «Էմմանուել» եւ «Գրանտս» խանութ-սրահներում է: Կամ՝ զեղչն արված է միայն հին հավաքածուի համար, սակայն, թե կոնկրետ ո՞ր նմուշն է նոր, իսկ որը՝ հին հավաքածուից, տեղում որոշում է վաճառողը՝ ելնելով հաճախորդի գնողունակության վերաբերյալ սեփական պատկերացումից: Ինչպես, օրինակ՝ «Սավոնա» եւ «Why not» խանութներում:
Որոշ սրահներում էլ պարզապես տպում են նոր գնապիտակներ, եւ եթե ապրանքն արժե 15 հազար դրամ, նոր գնապիտակի վրա գրում են 30 հազար եւ շատ բարյացակամորեն այն զեղչում են 50%-ով՝ արդյունքում ապրանքն առաջարկելով հին գնով: Այս եղանակով աշխատող սրահների անունը չենք նշում՝ չցանկանալով նրանց համար խնդիրներ ստեղծել, քանի որ նրանք այդ կերպ օրենք են խախտում:
Կան խանութներ էլ, որոնք 70%-անոց զեղչի մեծ ցուցանակի վրա փոքր տառերով գրում են «մինչեւ» բառը, ինչպես, օրինակ՝ «Տերանովա» առեւտրի կենտրոնում: Այստեղ 70%-ով զեղչված գոնե մեկ ապրանք գտնելու մեր բոլոր փնտրտուքներն ապարդյուն էին: Խանութի վաճառողները՝ ի պատասխան, երկչոտ ժպտում էին՝ հիշեցնելով «մինչեւ» բառի մասին:
Ցավոք, նման անբարեխիղճ առեւտրի համար մեր օրենսդրությամբ որեւէ պատասխանատվություն սահմանված չէ: Թեեւ առայժմ նման խանութները կարողանում են խաբելով իրենց հաճախորդներին՝ զեղչերի ընթացքում ապահովել մեծածավալ առեւտուր, բայց դա երկար չի տեւի: Քանի որ Երեւանում այսօր կան նաեւ խանութներ, որոնց հայտարարած զեղչերն իրական են: Դրանք հիմնականում որեւէ հայտնի բրենդի ներկայացուցիչներն են եւ աշխատում են այդ ֆիրմայի կանոններով՝ համաձայն պայմանագրի: Ուստի, բարեբախտաբար, սպառողն ունի ընտրության հնարավորություն եւ, բնականաբար, մեկ անգամ խաբվելուց հետո, կնախընտրի այլեւս օգտվել իր հաճախորդներին հարգող խանութներից: