Սյունիքի մարզում բրուցելոզով հիվանդ անասուններից վարակը փոխանցվել է տասնյակ մարդկանց: «Առավոտը» խնդրին անդրադարձել է նախորդ համարում:
Այս առնչությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը «Արմինֆոյին» ասել է, թե Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում բրուցելոզի բռնկման օջախն ամբողջովին հսկողության տակ է գտնվում: Ինչ վերաբերում է գյուղացիների վարակվելուն, ապա Գ. Բաղիյանն ասել է, թե ինքն այդ մասին տեղեկատվությանը չի տիրապետում:
Թեեւ ոլորտի պաշտոնյան տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Սյունիքում, նշենք, որ «Առավոտի» հետ զրույցում 31 մարդկանց բրուցելոզով հիվանդանալու փաստը հաստատել են Ծղուկի գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանը եւ գյուղի բուժքույր Լյուդմիլա Հակոբյանը: