Ռուսաստանը Հայաստանին $500 մլն կայունացնող վարկ կտրամադրի առանց որեւէ նախապայմանի: Ռուբլու գոտի մտնելու մասին խոսակցությունները սադրանք են: Այս մասին երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Ըստ Վ. Արամյանի, 2 երկրների տնտեսությունները բավականաչափ ինտեգրված չեն, հետեւապես վաղ է խոսել միասնական ռուբլու համակարգի մասին: Փոխնախարարի կարծիքով, Հայաստանին վարկ տրամադրելը բխում է նաեւ Ռուսաստանի շահերից, քանի որ մեր երկրում գործում են ռուսական կապիտալով բազմաթիվ ընկերություններ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, ի պատասխան ռուբլու գոտի մտնելու վերաբերյալ «Առավոտի» հարցին, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել էր. «Հայաստանը լրջորեն հետաքրքրված է, որպեսզի ռուբլին օգտագործվի որպես հաշվարկային արժույթ, որի միջոցով հնարավոր կլինի առեւտրային գործարքներ կատարել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԱՊՀ երկրների հետ: Մենք ամեն ինչ կանենք, որ դա դառնա իրականություն»: