«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանի կարծիքով՝ ճգնաժամից տուժած ձեռնարկությունների չվճարած հարկերը լրացնելու համար սկսվեց ՀԴՄ-ների գործընթացը:
Խոշոր հարկ վճարողները տարեցտարի քչանում են, իսկ մանր եւ միջին բիզնեսի վրա ծանրանում է բյուջեն լցնելու պարտավորությունը: Գումարային առումով մեր բյուջեն լցվում է հենց նրանց հաշվին: «Առավոտի» հետ հարցազրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ Մովսես Արիստակեսյանը: Վերլուծելով նախորդ տարվա խոշոր հարկատուների ցուցակը՝ Մ. Արիստակեսյանը բացահայտել է, որ խոշոր հարկատուների վճարած հարկերի չափը տարեցտարի չի ավելանում. «2006-ին 20-30 միլիարդ դրամ հարկ վճարել է ընդամենը 1 կազմակերպություն, 2007-ին այդքան գումար կարողացել են վճարել 2-ը, իսկ 2008-ին՝ ընդհանրապես նման ընկերություն չի եղել: 10-20 միլիարդ դրամ 2 տարի առաջ վճարել է կրկին 1 կազմակերպություն, 2007-ին՝ 2, իսկ նախորդ տարի՝ 6 կազմակերպություն»: Պարոն Արիստակեսյանի համոզմամբ՝ շատ ընկերություններ դեռեւս շարունակում են մնալ «ստվերում». «Ցեմենտի գործարանը կամ «Միկա ցեմենտը» զարմանալիորեն քիչ հարկ են վճարել, առաջինը՝ 1 միլիարդ 616 միլիոն, իսկ երկրորդը՝ 493 միլիոն: Սա զարմանալի է, քանի որ շինարարության բում է, գազի սուբսիդիա կա, գումարած այն, որ ցեմենտի գները կտրուկ բաձրացան: Նույնը կարելի է ասել «Արարատ ցեմենտի» մասին: Ես կարծում եմ, որ նրանց ստվերը կազմում է 80-90%: Զարմանալի է նաեւ այն, որ «Արմենիա տելեկոմ քոմփնիի» հարկերը գնալով պակասում են, այն դեպքում, երբ նրանց բաժանորդների թիվը մնում է նույնը կամ նվազել է շատ քիչ: Հետաքրքիր է նաեւ «ՄԱՊ»-ի քիչ հարկեր մուծելու հանգամանքը, այս ընկերությունը շատ գովազդներ է տվել, հետեւապես պետք է նրա իրացումը շատանար: «Արմենիա միջազգային օդանավակայանները» տարեցտարի ավելի քիչ է վճարում հարկ: Ես չգիտեմ, թե ինչու է այդպես. միակ ավիափոխադրողն է, տոմսերի գներն էլ անընդհատ թանկանում են»: Մ. Արիստակեսյանի խոսքերով, զարմանալի է նաեւ այն, որ ՀՀԿ-ի գրասենյակը ավելի շատ սոցվճար է մուծում, քան ՀՀԿ-ական բիզնեսմեններին պատկանող գործարանները. «Նախորդ տարի ՀՀԿ գրասենյակը վճարել է 37 միլիոն դրամ, իսկ, ասենք, «Երեւանի ալրաղացը» վճարել է 23 միլիոն դրամ սոցվճար, «Միկա Արմենիա թրեյդինգը» եւ «Միկա Կորպորեյշնը» վճարել են 34 միլիոն դրամ»:
Պարոն Արիստակեսյանին զարմացրել է նաեւ մի քանի խոշոր այլ ընկերությունների կատարած սոցվճարումների չափը. «Ամենավատ վիճակում «Հայաստան» առեւտրի կենտրոնն է: 2008-ի 1000 խոշոր հարկատուների ցուցակում 489-րդ տեղում է, իսկ սոցվճարների մասով առեւտրի կենտրոնն ընդհանրապես ցուցակում չկա: «Հրազդան» տոնավաճառն այս առումով մեծ առաջխաղացում ունի. 115-րդ հորիզոնականից թռել է 139-րդը՝ ավելացնելով իր հարկի չափը 150 միլիոնով: Բայց հաշվի առնելով այն, որ այստեղ աշխատողներից ավելի մեծ գումարներ են պահանջում, քան, ասենք, «Մալաթիայում», ուրեմն նրանց վճարածն էլ քիչ է»:
«Առավոտի» այն հարցին, թե ճգնաժամից տուժած հանքարդյունաբերական ձեռնարկությունների չվճարած հարկերի պակասն ինչպե՞ս է լրացվելու, պարոն Արիստակեսյանն ասաց. «Հենց դրա համար էլ ձեռնարկվեց ՀԴՄ-ների քայլը: Ես ողջունում եմ այդ քայլը, բայց կարծում եմ, որ տնտեսական ճգնաժամի պարագայում այն ժամանակավրեպ է»:
Անդրադառնալով տոնավաճառների խնդրին, Մ. Արիստակեսյանն ասաց. «Իմ կարծիքով, «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում վարչապետը չէ, որ պիտի գնար ստուգման: Փառք ու պատիվ մեր վարչապետին, սակայն դրա համար կա հարկային տեսուչ, որը հարկատուներից գումար է ստանում: Նա ստուգումների է գնում տվյալ հաստատություն ու հասկանալի պատճառներով այսքան ժամանակ արձանագրել է, որ ամեն ինչ լավ է տոնավաճառում: Վարչապետի ստուգման ժամանակ պարզվեց, որ այս շուկան «ստվերում» է գործում: Սակայն այդ տեսուչը ի՞նչ եղավ, պատժվե՞ց: Արդյո՞ք ակտ կազմվեց, ու հաշվարկվեցին այդ 3 տարիների հարկերը, նրանից պահանջվեց այդ գումարը մուտք անել պետական բյուջե: Իրականում շուկայի տերն ամեն մեկին հասանելիք, ասենք՝ 7 քմ-ն հատկացրել է 3 հոգու եւ բոլորից էլ նույնքան գումար վերցրել, սակայն որպես հարկ վճարել է 1 հոգու փոխարեն: Նույնը կարելի է ասել «Ռաֆայել եւ Տաթեւ» տոնավաճառի մասին, որը Մալաթիայում է գտնվում: Բոլորս էլ գիտենք, թե այնտեղ ինչպիսի առեւտուր է գնում եւ ինչ պայմաններ են. նույնն է, ինչ «Վաղարշ եւ որդիներ» տոնավաճառում»: