Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայրիկյանը դիմել է Օբամային

Փետրվար 18,2009 00:00

\"\"Հայրիկյանի՝ հայկական ժողովրդավարության տարբերակը հավանաբար կդառնա ամերիկյան

– Պարոն Հայրիկյան, 1,5 ամիս Հայաստանում չէիք. որտե՞ղ էիք, ինչո՞վ էիք զբաղված:

– Քաղաքական կամ քաղաքագիտական կարեւորություն ունեցող գործերից նշեմ, որ բավականին լուրջ թիմով, լուրջ եւ համակարգված ես ու իմ ընկերները սկսել ենք աշխատել պետությունների ժողովրդավարականության բանաձեւը եւ դրանից բխող՝ իմ՝ կատարյալ ժողովրդավարություն մոդելը պետությունների սեփականություն դարձնելու գործով: Դրա վերջնական նպատակը ՄԱԿ-ի մակարդակով ժողովրդավարության համընդհանուր հռչակագրի ընդունումն է՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նմանությամբ:

– Ովքե՞ր են Ձեր ընկերները եւ մասնավորաբար՝ ի՞նչ եք արել:

– Առաջին գործն Օբամային ուղղված նամակն է: Դրան հաջորդել են սենատորներին, կոնգրեսականներին, Սարկոզիին, տեսագիտակրթական կենտրոններին ուղղված նամակները: Իսկ իմ ընկերները հայ եւ ամերիկացի մասնագետներ են, համակիրներ, քանի որ այնպիսի գաղափար է առաջ մղվում, որ որեւէ մեկը 10 րոպեի ընթացքում հասկանում է, որ դա երբեւէ չի կիրառվել եւ անփոխարինելի բան է:

– Օբամային ուղղված նամակի հիմնական շեշտադրումը ո՞րն է:

– Օբամային ներկայացված է բանաձեւը: Չնայած ես Հայաստանում փորձել եմ՝ խոսել եմ նախագահի, ԱԺ խոսնակի մակարդակով, 7 կուսակցությունները (խոսքը «հայրենասիրական ընդդիմություն» կոչվող ֆորմատի մասին է- Ն. Գ.) ընդունել են, մեզ խոստացել են, որ հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն,… Արցախի նախագահը շատ խանդավառությամբ ընդունեց, եւ նույնիսկ տարբերակ կար Արցախով սկսել՝ գործը պիտի Արցախի խորհրդարանն աներ, սակայն Աշոտ Ղուլյանն ասաց, որ անհրաժեշտ մասնագետներ չունեն: Նաեւ զգացի, որ սպասում են ՀՀ-ում քայլ արվի. ես էլ հո անմիտ չե՞մ՝ նստեմ ու սպասեմ, թե Հայաստանը երբ պիտի հասունանա համամարդկային կարեւորություն ունեցող որեւէ գաղափարի համար: Առանց լուրջ քննադատական խոսքի ասում եմ՝ քանի որ Հայաստանում չեն շտապում, պետք է համակերպվեմ փաստի հետ, որ այն, ինչը ժամանակին ցանկանում էի ներկայացնել որպես հայկական ժողովրդավարության տարբերակ՝ հեշտ իրականանալի չէ: Եվ, հավանաբար, ԱՄՆ-ն է, որ ավելի պատրաստ է այդ գիծը որդեգրելու ու հետո նաեւ դարձնելու աշխարհի սեփականությունը: Օբամային ուղղված նամակում նշված է, որ չնայած սա քաղաքագիտական ոլորտի նորամուծություն է, բայց քանի որ աշխարհն այսօր պետք ունի նաեւ տնտեսական ճգնաժամից դուրս գալու բարոյահոգեբանական գործոնների, սա կարող է այդ գործոններից մեկը դառնալ:

– Ձեր բացակայության ընթացքում Հայաստանում հերթական աղմկոտ դատավարությունն է փորձում մեկնարկել: Հավանաբար տեղեկացված եք «7»-ի գործից եւ նրա շուրջ զարգացումներից: Ի՞նչ կասեք:

– Իմ կարծիքը մասնագիտական է, բայց չէի ցանկանա, որ առաջարկները, որոնք կողքից արել եմ բարեկամների միջոցով եւ այլն, մամուլով էլ հնչեցնել, որովհետեւ դա կարող է շահեկան չլինել դատապարտման ընթացքի մեջ գտնվող մարդկանց համար:

– Իսկ իբրեւ քաղաքական գործիչ եւ նախկին քաղբանտարկյալ՝ ի՞նչ եք մտածում այս ամենի մասին:

– Ողջունելի չէ ՀՀ-ում քաղկալանավորների գոյության փաստը, ինչ առիթով էլ որ դա լինի: Ավելին՝ տխրեցնող է: Այդ 7-ից մի քանիսը հաստատ քաղկալանավոր են: Բոլորին չեմ ասում, որովհետեւ ոմանց զենքի հոդվածներով են բռնել: Չեմ ցանկանում ընդարձակվել, բոլոր պատեհ առիթներով իմ կարծիքը ասել եմ: Ուրախանում եմ, որ ինչ-որ ուղիներ փնտրում են իրավիճակից դուրս գալու համար, բայց այսքան ձգձգելը նշանակում է ռուսական իմպերիալիզմի խաղը խաղալ: Ցանկացած գրագետ հայ այսօր գիտի, որ երբ Հայաստանը արտամղվում է եվրոպական միջավայրից՝ դա ռուսական իմպերիալիզմի խաղն է: Այդ խաղին նպաստելով, դրան ընդառաջ քայլեր անելով՝ դառնում ենք ռուսական իմպերիալիզմի խաղալիքը: Իսկ այդ իմպերիալիզմը մեր ազգի մեծագույն թշնամին է. դա միայն անցյալով չի կարելի դատել, այլ նրանով, որ ՌԴ-ում օրական 3 հայ է սպանվում: Եվ հայկական կոչված պետությունն էլ՝ իր հայ կոչվող ղեկավար ապաշնորհ գործիչներով՝ ԱԳՆ, դեսպանություն, ազգային անվտանգություն, պետք է արձագանքեին եւ հայերի սպանությունը դարձնեին համամարդկային ուշադրության առարկա: Բայց իրենք դառնում են ռուսական իմպերիալիզմի ու ոճրագործների փաստաբաններ, արդարացնելով, թե գիտեք՝ մեկ-մեկ հայերն են իրար խփում, իրենք միայն հայերին չեն սպանում:…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել