Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉԳՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԶԱՐԻ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 18,2009 00:00

\"\"Խորհուրդ է տալիս ընդդիմության ներկայացուցիչը

Երեւանի քաղաքապետի պաշտոնը դարձել է կոալիցիոն քաղաքական ուժերի համար նոր ախորժաբեր երակ: «Երեւանի մասին» օրենքի ընդունումից հետո ընտրովի դարձած քաղաքապետի պաշտոնը գայթակղիչ է, սակայն, նկատի ունենալով քաղաքական իրավիճակը, քաղաքական ուժերի վարկաբեկվածության աստիճանը եւ տիրապետման լծակները, դժվար չէ ենթադրել, թե ինչ է սպառնում քաղաքապետի «ընտրովի» պաշտոնին եւ ինչպես է «ընտրվելու» մոտ 1,5 միլիոն բնակիչ ունեցող մայրաքաղաքի գլուխը: Արդեն իսկ տարբեր տեղեկություններ են տարածվում, թե ով է լինելու ապագա քաղաքապետը, թե ինչպես են իշխող ուժերն իրար մեջ բաժանել քաղաքապետարանի տեղերը, թաղապետական աթոռները, ավագանու բոլոր ընտրովի տեղերը: Կոալիցիոն ուժերից յուրաքանչյուրն իր հերթին ծրագրեր է մտմտում քաղաքապետարանում առավել տեղեր շահելու համար, ընտրազանգվածը էականորեն կորցրած ուժերը սկսել են նոր մարդկանց հավաքագրումը, դարձյալ հնչում են խոստումներ՝ ապագա պաշտոնների մասին: Ըստ որոշ տեղեկությունների, գործող քաղաքապետը կուղարկվի ՌԴ՝ դեսպան, թեպետ ասում են՝ այս տեղի համար կան նաեւ այլ թեկնածուներ, եւ հարցն առայժմ վերջնական լուծում չի ստացել:

Մեր տեղեկություններով, իշխանական կուսակցությունն իրենից հիասթափվածներին եւ հեռացածներին «գայթակղում» է քաղաքապետարանում պաշտոններ առաջարկելով: Իսկ ձայնագրիչի առաջ բոլոր ուժերի ներկայացուցիչներն էլ միաձայն հայտարարում են, որ դեռ որոշում չունեն, թե ինչպես են մասնակցելու քաղաքապետարանի ընտրություններին, եւ իբր՝ դեռ չեն էլ քննարկել այդ հարցը: Ի դեպ, այս հարցը դեռ չեն քննարկել նաեւ ընդդիմության ուժերը: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Առավոտին» ասաց, որ Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է բոլոր քաղաքական գործընթացներին. «Բայց տվյալ հարցն այս պահին Կոնգրեսի օրակարգում չէ՝ այն պարզ պատճառով, որ դեռ օր չկա նշանակված, դեռ գործընթացներ կան, որ պետք է տեղի ունենան, ընտրությունը նշանակվի, եւ դրանից հետո Կոնգրեսը կանդրադառնա այդ հարցին: Այս պահին Կոնգրեսը կենտրոնացած է մարտի 1-ի հանրահավաքի խնդրի վրա»: «Մենք վերջապես պե՞տք է վեր կանգնենք այն կրիմինալ-մենթալիտետից, որ իշխանությունը պետք է համակերպվի, ընդդիմությունը պետք է համակերպվի: Ընտրություններում որոշողը ժողովուրդն է. եթե ժողովուրդը արդար ընտրությամբ իր ձայնը կտա ոչ ընդդիմության թեկնածուին կամ ոչ իշխանության թեկնածուին, պետք է ընտրությունը ընդունել եւ արձանագրել այդ փաստը, ոչ թե ամեն ինչ տանել քաղաքական բազարի հարթություն»,- ի պատասխան մեր հարցի՝ հնարավո՞ր է, որ քաղաքապետի ընտրությունները առիթ դառնան իշխանություն-ընդդիմություն երկխոսության, ասաց Արման Մուսինյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի տեղեկացմամբ, Դաշնակցությունը եւս դեռ չի քննարկել հարցը, թեպետ, որ մասնակցելու են, հաստատ է: Տեսականորեն չբացառեց նաեւ, որ կոալիցիան ընտրության կարող է գնալ կոալիցիոն դաշինքով: Տեղեկություններ են տարածվում, որ քաղաքապետի պաշտոնը արդեն իսկ պայմանավորվածություն կա թողնել ՀՀԿ-ին (շրջանառվում է Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի անունը), իսկ ավագանու, թաղապետերի եւ այլ՝ առաջին հայացքից մանր-մունր պաշտոնները մեջ-մեջ արվեն կոալիցիոն մյուս ուժերի միջեւ: Մեր այս դիտարկմանը ի պատասխան՝ պրն Շահբազյանը ասաց, որ նման տեղեկությունները ինքը շատ լուրջ չի ընդունում, որովհետեւ. «Ես չեմ լսել, որ այսօր, օրինակ, ՀՀԿ-ն ունի հստակ թեկնածու, կամ այլ թեկնածուներ չեն հայտնվի»: ԲՀԿ քարտուղար Արամ Սաֆարյանը եւս խոսեց իրենց կուսակցության դիրքորոշում չունենալու մասին. «Գագիկ Ծառուկյանը ասեց, չէ՞, հեռուստատեսային ինտերվյուի ժամանակ, ասեց՝ դեռ չենք հավաքվել եւ չենք որոշել, կհավաքվենք, կորոշենք»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ թեկնածուներ կան, բայց հարցը դեռ քննարկման փուլում է. «Չեմ կարող այս պահին որեւէ բան ասել՝ ոչ թե նրա համար, որ քիչ ինֆորմացված եմ, այլ միայն նրա համար, որ չեմ ուզում ավելորդ շահարկումների տեղիք լինի: Կորոշենք առաջիկա օրերի ընթացքում եւ հանրությանը կներկայացնենք»: Հարցին՝ արդեն պա՞րզ է, որ քաղաքապետը լինելու է ՀՀԿ-ից, պարոն Սահակյանը պատասխանեց. «Ցանկացած ցուցակ ներկայացնող պետք է պայքարի, որպեսզի ըստ օրենքի, օրենքի սցենարի, քաղաքապետը իր կուսակցությունից լինի, կարծում եմ՝ այդ տեսակետից մենք որոշակի առավելություններ ունենք»: Գ. Սահակյանը կողմնակից չէ դաշինքի, կարծում է՝ ճիշտն այն է, որ յուրաքանչյուր կուսակցություն ընտրության գնա իր ցուցակով:

ՕԵԿ խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանն ասաց. «Մասնակցելու ենք, միանշանակ, բայց առայժմ կոնկրետ քննարկում չենք ծավալել, սպասում ենք, թե վերջապես երբ են լինելու ընտրությունները, որովհետեւ ընտրությունները ապրիլից մինչեւ դեկտեմբերի սկիզբ է, այ, էդ շրջանակներում՝ թե ե՞րբ է..»: Ըստ Արծրունի Աղաջանյանի՝ հնարավոր չէ նախապես որոշում կայացնել, որովհետեւ. «Աշնան ընտրությունն այլ է, հիմա, այս իրավիճակում այլ լուծում կստանա, բայց եթե ուշ է լինելու, այլ լուծում կստանա, ցանկացած իրավիճակում շտապողականությունը ճիշտ բան չի»: Ուզեցինք հստակեցնել՝ ինչ կլինի, եթե հիմա լինի, եւ ինչ չի լինի, եթե աշնանը լինի: Ա. Աղաջանյանը լրջորեն բացատրեց. «Մենք մասնակցելու ենք ընտրություններին, եթե մայիսին է լինելու, բնական է, արդեն կսկսենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, իսկ եթե մայիսին չէ, աշունն է լինելու, մենք հիմա այլ խնդիրներ ունենք, առաջիկա խնդիրները կլուծենք»: Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը. «Խնդիրը, օրինակ, տնտեսական ճգնաժամ, դիմակայություն, խնդիրներ, լուծման ուղիներ, մեր քաղաքացիների մեծ մասը աշխատում են Ռուսաստանում, մեծ մասը նաեւ բնակվում են ընտանիքներով, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե հանկարծ տնտեսական ճգնաժամի հետեւանքով ընտանիքներով ետ վերադառնան, իսկ ովքեր որ պիտի գնային աշխատելու՝ չգնան, ավելացրած արդեն աշխատանքից ազատումներ են եղել, խոսում են Ալավերդիում, Կապանում աշխատանքից ազատման մասին. սա խնդիր է, որին պետք է պատրաստվել»: Երեւանի քաղաքապետի ընտրությունները ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ՝ տարակուսանքին ի պատասխան՝ նա բացատրեց. «Նկատի ունեմ, որ այս խնդիրների լուծման համար էլ պետք է հետաքրքրվել, այսինքն՝ այլ հարց է՝ մի հարցի ուղղությամբ ես զբաղվում, այլ հարց է՝ թե քանի խնդիր ես դնում լուծելու համար»:

Ավելի ուշ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեզ ասաց, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին առնչվող հարցերը ՕԵԿ-ում դեռ չեն քննարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել