Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել հանրապետության մարզերի 2008 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ու իրականացված ծրագրերի ամփոփման, առկա խնդիրների վերհանման եւ առաջիկա ամիսների ընթացքում կատարվելիք աշխատանքների համակարգման ու դրանց արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով: Նա խստորեն հրահանգել էր, որ մարզպետներն իրենց աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարեն, եւ ցուցում էր տվել, որ հատկապես ուշադիր լինեն ուսուցիչների աշխատավարձերի վճարումների հարցում: Մեր տեղեկություններով, նախագահի այս խիստ զգուշացումը երեկ նոր զարգացում է ունեցել: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը հանրապետության բոլոր մարզպետներին անձամբ հրահանգել է ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ զբաղվել բյուջետային աշխատողների աշխատավարձերի վճարումներով, հետեւել, որ ուշացումներ չլինեն, քանի որ բյուջեն խնդիր չունի: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը խոստացել է, որ անգամ մեկ մարդու բողոքի դեպքում մարզպետները կստանան խստագույն պատիժ եւ կազատվեն զբաղեցրած պաշտոնից: