Փետրվարի 19-20-ը Վիեննայում կայանալու է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը: Եվ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովն արդեն փետրվարի 16-ին ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնել է, թե նստաշրջանում մտադիր են արծարծել Ռուսաստանի կողմից Հայաստանին 800 մլն դոլարի սպառազինության հանձնման հարցը: Հիշեցնենք, որ այդ տեղեկատվությունը հերքել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի պատկան մարմինները: Ենթադրելի է, որ նստաշրջանի ընթացքում համանման հերքում կհրապարակի նաեւ Հայաստանի պատվիրակությունը: «Մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք ոչ միայն այդ ուղղությամբ, այլեւ կքննարկենք ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացումը, տարածքների հրկիզման եւ այլ հարցեր»,- ասել է Էլդար Իբրահիմովը:
Իսկ այսօր Վիեննայում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հանդիպումը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակությունների հետ: Նա մտադիր է պատվիրակություններին փոխանցել ԵԱՀԿ մշտական կոմիտեում փետրվարի 19-ին ներկայացնելիք իր զեկույցի որոշ մանրամասներ, ինչպես նաեւ ամփոփել Հարավային Կովկասի տարածաշրջան կատարած իր այցի արդյունքները: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Լարիսա Ալավերդյանը PanARMENIAN.Net-ին հաղորդել է. «Հանդիպման ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան եւ վրացա-հարավօսական հակամարտությունները: Գորան Լենմարկերը մեկ անգամ չէ, որ նշել է, թե միջխորհրդարանական համագործակցությունը կարող է նպաստել նման հարցերի լուծմանը»: Ալավերդյանը հավելել է, որ պատվիրակությունների միջեւ ոչ պաշտոնական հանդիպումները գրեթե միշտ են տեղի ունենում: