Դրանցից մեկը 72-ամյա փախստական Ռուդիկ պապիկն էր
«Առավոտի» 2007թ. հունվարի 19-ի համարում մի հրապարակում կար՝ «Արդեն 7 ամիս «ԲՈՄԺ» եմ» վերտառությամբ: Հրապարակման հերոսը 1989թ.-ին ադրբեջանցիներից մազապուրծ եղած ու Բաքվից Հայաստան տեղափոխված 70-ամյա մի բարեկիրթ պապիկ էր՝ Ռուդոլֆ Ստեփանյանը: Ճակատագրի բերումով ադրբեջանաբնակ մեր հայրենակիցները իրենց տները հարկադրաբար թողել եւ ապաստանել էին Հայաստանի էս ու էն հանրակացարան-հյուրանոցում: Ռուդոլֆ Ստեփանյանը, որ հրաշալի լուսանկարներ էր անում ու երազում էր, որ մի օր իր այդ լուսավոր նկարները կհայտնվեն որեւէ թերթում կամ ցուցահանդեսում, մոր հետ միասին փախստականի կարգավիճակ էր ստացել ու ապաստանել էր «Էրեբունի» հյուրանոցի 2-րդ մասնաշենքի մի նեղ ու ցուրտ սենյակում: Մայրը շուտով մահացել էր, իսկ 2006-ի ամռանը մեր պապիկին, որն այդ պահին արդեն վեց տարի քաղցկեղով հիվանդ էր եւ հաշվառված էր օնկոլոգիական հիվանդանոցում, հյուրանոցի գնորդը պարզապես անպետք իրի նման դուրս էր նետել հյուրանոցից՝ թույլ չտալով անգամ իրերը հավաքել: Այն գումարը, որն, իբրեւ «բարեգործություն», բաժին էր հասել փախստականին՝ հյուրանոցից դուրս գալու դիմաց, կազմում էր 8750 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հյուրանոցի իր սենյակը նա ազատել չէր հասցրել, որովհետեւ այդ գումարով կացարան գնել չէր կարող ու տեղափոխվելու տեղ չուներ, գումարն էլ չէր ստացել: Ճակատագրով, բայց ո՛չ երբեք հոգեբանությամբ «ԲՈՄԺ», իսկ իր ձեւակերպմամբ՝ «բեժենեց օբմանուտի մեստնիմի ժուլիկամի», դարձած Ռուդոլֆ Ստեփանյանին մենք հանդիպեցինք հենց 2007-ի հունվարի ցուրտ մի օր: Նա պատմեց, որ ստիպված է քնել հյուրանոցի մոտ կայանած բենզակիր ավտոմեքենայի վարորդական խցիկում, որ գոնե պաշտպանվի ձմռան ցրտից: Նա մի նամակով եւ հույսով դիմել էր այն ժամանակ դեռեւս վարչապետ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով, որ իրեն կացարան տրամադրեն. «Ես մեղավոր չեմ, որ 1989 թվականին ջարդից փրկվել եմ: Ես շատ քիչ բան եմ խնդրում. տվեք ինձ իրավունք ապրել իմ կյանքի վերջին տարիները իմ տանը: Նախապես շնորհակալ եմ, փախստական ԲՈՄԺ»:
Օրերս սարսափով իմացա, որ այդ բարի պապիկը, որ օրական մեկ անգամ սնվում էր ինչ-որ բարեգործական ճաշարանում եւ տեղափոխվել էր նույն հյուրանոցի տարածքում ստվարաթղթե ու տախտակե մի տնակում, որն ավելի շատ, կներեք, շան բուն էր հիշեցնում, օրեր առաջ մահացել է ցրտից: Նրա կացարանի մոտ տեղադրված կրպակի աշխատողը պատմեց, որ տեսնելով ցրտահարված Ռուդիկին՝ ինքը շտապօգնություն է կանչել, բայց վերջիններս միայն մի ասեղ սրսկել, ուշքի են բերել նրան՝ հրաժարվելով հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանությունը եւս հրաժարվել է որեւէ կերպ օգնել 72-ամյա փախստականին: Միայն երկրորդ շտապօգնությունն է, որ համաձայնել էր նրան հիվանդանոց տեղափոխել: Ուշ էր եղել: Ժամեր անց «բեժենեց օբմանուտի մեստնիմի ժուլիկամի»-ն մահացել էր: Թե որտեղ են հուղարկավորել նրան՝ ոչ ոք, թերեւս, չգիտի, որտեղ են նրա իրերն ու ձեռք բերած լուսանկարչական ապարատն ու նրա արած լուսանկարները՝ եւս անհայտ է:
Մարդու նկատմամբ հումանոիդներիս վայրենի անտարբերության մասին ընդամենը օրերս խոսվում էր հեռուստաընկերություններից մեկի եթերում: Եվ հենց այդ եթերում էր, որ լրագրողներն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Խաչատրյանը ինչ-ինչ դատողություններ էին անում: Վերջինս անգամ հայտարարեց, թե իրենց նախարարությունը շատ օպերատիվորեն է արձագանքում անօթեւանների խնդիրներին. թե որտե՞ղ էր այդ նախարարությունը, երբ 72-ամյա ծերունին ձմռան ցրտին փողոցում էր ապրում՝ հայտնի չէ: Թեեւ նա թաքնված չէր եղել, բողոքել էր անընդհատ եւ պարբերաբար: Հ. Խաչատրյանն ասում էր, թե իր տվյալներով, վերջին շրջանում անօթեւանների ցրտահարության դեպքեր չեն եղել: Պարզվում է՝ եղել են, պարզապես առանձին պաշտոնյաներ իրենց տաքուկ տներում նստած՝ դա չեն «նկատել»:
Եվ որպես հավելում՝ հիշեցնենք, որ 2007թ. ՄԱԿ-ը 600 մլն դոլար էր հատկացրել ՀՀ կառավարությանը՝ փախստականներին կացարաններով ապահովելու համար: Թե որտե՞ղ ծախսվեցին կամ մսխվեցին այդ գումարները, գիտի միայն հայրենի կառավարությունը: