Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԵՐՈՎ ՀՈԴՎԱԾ

Փետրվար 18,2009 00:00

Այս հրապարակումը պատրաստված է քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի պատվերով, սակայն կարծում ենք՝ նրա հարցերը ներկայացնում են հանրային որոշ հետաքրքրություն:

\"\"Փետրվարի 10-ին նամակ էինք ստացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Վարդգես Գասպարիից, որը կալանավորվել է 2008-ի մարտի 1-ին: Այդ նամակում նա մի շարք հարցադրումներ է ուղղել՝ խնդրելով անդրադառնալ դրանց: Դրանց պատասխաններն այժմ ամփոփում ենք այս հրապարակման մեջ: Եվ ի հակակշիռ երբեմն անհասցե ու անհող մեղադրանքների, թե այսինչ հոդվածը գրված է սրա-նրա պատվերով՝ խոստովանում ենք, որ այս հոդվածն իրոք պատվերով է գրված, եւ պատվիրատուն էլ հայտնի է:

Վարդգես Գասպարին նախ հարցրել է. «Հաճախ խոսվում է Եվրոպայի խորհրդի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների մասին, բայց չգիտենք՝ ԵԽ-ն ունի՞ ինչ-որ պարտավորություն անդամ երկրների նկատմամբ, եւ հետաքրքիր է իմանալ՝ որո՞նք են»:

Աչքի անցկացրինք Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, որն ընդունվել է դեռ 1949-ին՝ Լոնդոնում, եւ հետագայում լրացվել: Սակայն այս փաստաթղթում չկա որեւէ կետ, որը կարելի լիներ հստակ բնորոշել իբրեւ ԵԽ պարտավորություն՝ անդամ երկրների հանդեպ: Պատճառն այն է, որ կանոնադրության մեջ առավել խոսվում է այն մասին, թե այդ կառույցում համախմբված երկրները համագործակցաբար ի՛նչ պիտի անեն, ի՛նչ նպատակներ են հետապնդում եւ ի՛նչ խնդիրներ են լուծելու:

Որպես ԵԽ պարտավորություն իր անդամ երկրների նկատմամբ՝ կարելի է դիտարկել միայն հետեւյալը, որ այս կառույցն իր փորձագիտական օժանդակությամբ (ասենք, օրենքների մշակման հարցում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի աջակցությամբ), ամեն ինչ անում է օժանդակելու, ուղղորդելու դեպի ժողովրդավարական սկզբունքները եւ չափանիշները, որպեսզի անդամ երկրներն իրականացնեն իրենց ստանձնած պարտավորությունները:

Վարդգես Գասպարիի մյուս հարցադրումներն են. «Եվրոպայի խորհուրդն ի՞նչ լծակներ ունի անդամ երկրների վրա ազդելու, եւ գործնականում ինչպե՞ս են դրանք կիրառվում։ Եթե ավելի հեռուն գնանք, ի՞նչ կարգի գումարների ծրագրեր է ֆինանսավորում, եւ մի խոսքով՝ եթե Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից եւ անդամությունից, ապա ի՞նչ կսպասվի Հայաստանին, ի՞նչ կարգի գումարներով ֆինանսավորվելու դեպքում կարելի է այն փոխհատուցել»:

Եվրոպայի խորհրդի հիմնական լծակները ֆինանսական կամ տնտեսական չեն, այլ բացառապես՝ քաղաքական: Ներազդեցության ուղիղ լծակներ՝ խնդրի զուտ իրավական առումով, թերեւս միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի, որի վերջնական վճիռները (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն) պարտավոր է կատարել ԵԽ անդամ պետությունը, եւ ԵԽ նախարարների կոմիտեն էլ վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ:

Տեսական տարբերակի դեպքում, եթե Հայաստանը զրկվի ԵԽ-ին անդամակցությունից՝ զուտ ֆինանսական առումով մեր երկրի համար սա կնշանակի տնտեսել այն անդամավճարը՝ կարծեմ 250-300 հազար եվրոյի չափով, որ վճարում ենք՝ որպես անդամ երկիր: Հնարավոր չէ, սակայն, հստակ ասել, թե ինչ կարգի գումարների ծրագրեր է ֆինանսավորում այս կառույցը, քանի որ ծրագրերը տարբեր են, միասնական վիճակագրություն չկա: Բացի այդ՝ ծրագրերի մի մասի ֆինանսավորումը համատեղ է իրականացվում, ասենք՝ ԵԽ-ի եւ Եվրամիության, կամ ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի, կամ ԵԽ-ի եւ Հայաստանի կառավարության տրամադրած միջոցներով: Ծրագրերը հիմնականում իրականացվում են Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում:

Սակայն եթե Հայաստանի պատվիրակության քվեարկության իրավունքը կասեցվի, եւ առավել եւս՝ ծայրահեղ տարբերակի դեպքում, եթե մեր երկիրը դուրս մնա ԵԽ-ից՝ դա ոչ մի չափի գումարներով հնարավոր չէ փոխհատուցել, քանի որ ազդեցությունը՝ երկրի հեղինակության, վարկանիշի առումով, կլինի հսկայական բացասական:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, թե միայն մի դեպք է եղել, երբ կասեցվել է ԵԽ-ին երկրի անդամությունը՝ խոսքը Հունաստանի մասին է: 70-ականներին, երբ այդ երկրում իշխանության եկավ ռազմական խունտան եւ արձանագրվեցին մարդու իրավունքների կոպիտ խախտումներ՝ ԵԽ անդամ 4 պետություններ դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Հունաստանի դեմ հայցերով: Դրանից առաջ ԵԽԽՎ-ն ընդունել էր համապատասխան բանաձեւեր՝ նաեւ կասեցնելով Հունաստանի պատվիրակության քվեարկության իրավունքը: Եվ հարաբերություններն այնքան շիկացան, որ Հունաստանն ինքը հայտարարեց, թե դադարեցնում է մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ հետեւաբար՝ չի ընդունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը: Հիշեցնենք, որ Հունաստանն այժմ էլ Եվրոպայի խորհրդի անդամ է:

Վարդգես Գասպարիի վերջին հարցը վերաբերում է հենց Եվրոպական դատարանին. «Արդյոք ԵԽ անդամակցությունը կասեցվելու դեպքում ԵԴ-ի նկատմամբ առկա պարտավորություններն է՞լ են վերացվում։ Եթե այո, ապա անմիջապե՞ս, թե՞ ինչ-որ ժամանակ հետո»:

Այս հարցի պատասխանը եւս միանշանակ չէ: Նախադեպեր չեն եղել, ուստի շատ դժվար է տեղեկություն տրամադրելը, թե ինչ կլինի այդ դեպքում: Սակայն իրավաբանորեն՝ որոշ ժամանակ դեռ դատարանի իրավազորությունը կպահպանվի, եթե անգամ պետությունն անվավեր հայտարարի կոնվենցիային իր միանալը, եւ դեռ որոշ ժամանակ երկիրը կմնա այդ կոնվենցիայի ազդեցության ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել