Դրա հեղինակը պետական գերատեսչություններն են
Հայաստանում պաշտոնական մակարդակով կատարվող կեղծիքը կամ զեղծարարությունը նոր երեւույթ չէ: Այդուհանդերձ, ամեն անգամ նոր կեղծիք հայտնաբերելիս զարմանում ենք, կարծես թե մինչ այդ նման բան մեր պետական համակարգում չի եղել: Թերեւս, հենց այդպես էլ կարձագանքի յուրաքանչյուր պարկեշտ քաղաքացի՝ հենց իմանա մի այդպիսի հերթական կեղծիքի մասին, որն այս անգամ տեղ է գտել մինչեւ վերջերս քաղկալանավոր, «Մասիսի» գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանին վերաբերող քրեական գործի նյութերում: Հ. Բաղդասարյանը անցյալ տարեվերջին հայտնվեց ազատության մեջ, երբ Վճռաբեկ դատարանը որոշեց նրա նկատմամբ կայացված 2 տարի ազատազրկման դատավճիռը կիրառել «պայմանականով»: Միաժամանակ Վճռաբեկը «չհիմնավորված» էր համարել նրա պաշտպանների բողոքը 2008թ. փետրվարի 26-ին Հ. Բաղդասարյանի տանը կատարված խուզարկությունը ապօրինի ճանաչելու եւ այդ ապօրինի խուզարկության արդյունքում հայտնաբերված, իբր, ապօրինի պահվող 16 փամփուշտը որպես ապացույց ճանաչելու մասին: Հիշեցնենք, որ հրամանատարի պաշտպանների պնդմամբ, 2008թ. փետրվարի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում «պետական իշխանությունը յուրացնելու» հոդվածով հարուցված քրգործի շրջանակներում եւ դատարանի որոշմամբ, Հ. Բաղդասարյանի տանը խուզարկություն էր կատարվել: Թեեւ դատարանը խուզարկություն կատարելը հանձնարարել էր ԱԱԾ հիշյալ վարչության ավագ քննիչ Մարուքյանին, բայց վերջինս իրականում այդ խուզարկությանը չէր մասնակցել, թեեւ պարտավոր էր: Խուզարկությունը կատարել էին ՀՀ ոստիկանության Մասիսի մարզային վարչության աշխատակիցները: Իհարկե, ՀՀ քրեադատավարական օրենսգրքի համաձայն, եթե քննչական խումբ է ձեւավորվել, քննիչը իրավունք ունի քննչական գործողություններ կատարելու հանձնարարական տալ հետաքննական մարմնին, բայց դա անպայմանորեն պետք է լինի գրավոր հանձնարարական, կոնկրետ փաստաթուղթ, որն իր հերթին պետք է լիներ Հ. Բաղդասարյանի քրգործի նյութերում:
Այդպիսի փաստաթուղթ այդ գործում չի եղել ո՛չ ընդհանուր իրավասության եւ ո՛չ էլ Վերաքննիչ դատարան դիմելու պահին: Ուստի պաշտպանները պնդում էին, որ խուզարկությամբ ձեռք բերված ապացույցները անօրինական են, որ խուզարկությունը կատարվել է օրենքի շրջանցմամբ:
Բայց ահա, մոտ 10 օր առաջ, Հուսիկ Բաղդասարյանին հաջողվել էր Արարատի մարզի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանից ստանալ իր քրեական գործի ամբողջական նյութերի, ներառյալ՝ Վճռաբեկ դատարանի որոշման պատճենը: «Ու հանկարծ պարզվում է, որ մինչեւ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը՝ Վերաքննիչ-Վճռաբեկ բողոքարկման արանքում, գործի նյութերը կեղծվել են. փոխվել է էջերի համարակալումը, 9 եւ 10 համարակալմամբ էջերը խտացվել եւ դարձել են մի էջ, իսկ 10-րդ էջում հայտնվել է մինչ այդ գոյություն չունեցած նոր փաստաթուղթ: Կան էլի ավելացված փաստաթղթեր, բայց կոնկրետ 10-րդ էջում ավելացվածը հենց այն քննչական հանձնարարությունն է, որն, իբր, ԱԱԾ ավագ քննիչ Մարուքյանը տվել է Արարատի մարզի ոստիկանության վարչությանը քննչական գործողություն՝ իմ բնակարանում խուզարկություն անցկացնելու վերաբերյալ»,- իր գործում ավելացված փաստաթղթերը մատնանշելով՝ պարզաբանեց Հ. Բաղդասարյանը: Նրա մատուցմամբ, հենց այդ փաստաթղթի հիման վրա է, որ Վճռաբեկ դատարանը «անհիմն» է համարել իր պաշտպանների բողոքները: «Եթե ընդհանուր իրավասության եւ Վերաքննիչ դատարաններն իրենց որոշումներում պարզապես հղում էին անում Քրդատի այն հոդվածին, ըստ որի՝ քննիչն իրավունք ունի հանձնարարականներ տալու, ապա Վճռաբեկն իր որոշման մեջ արդեն ուղղակիորեն հղում է արել գործի նյութերում եղած փաստաթղթին, որը դատական նախորդ ատյաններում քննելիս գործի նյութերում պարզապես չի եղել: Իսկ որպեսզի այդ փաստաթուղթը հայտնվեր այնտեղ, անհրաժեշտ էր, որ դրանում շահագրգռություն դրսեւորած լինեին պետական միանգամից երեք օղակներ՝ ԱԱԾ-ն, դատախազությունը եւ Վճռաբեկ դատարանի գրասենյակը»,- փաստն արձանագրեց հրամանատարը: Ակնհայտ է, որ այս երեք կառույցները համագործակցված որոշել են հետին թվով փաստաթուղթ սարքել եւ, մինչեւ Հ. Բաղդասարյանի գործը Մարդու իրավունքների Եվրոպական դատարան հասցնելը, նրա դեմ «թխված» գործը «քրիստոնեական» տեսքի բերել՝ փորձելով օրինականացնել կատարված ապօրինությունը:
«Կատարվել է ակնհայտ պաշտոնական կեղծիք: Ես իմ բողոքներում հիմնական շեշտը դրել եմ հենց այն փաստի վրա, որ խուզարկությունն ապօրինի է եղել, քանի որ այդ փաստաթուղթը բացակայել է: Այսօր հետին թվով գործի նյութերում փաստաթուղթ ավելացնելը նշանակում է կատարել պաշտոնական կեղծիք, եւ մենք անպայման դիմելու ենք համապատասխան մարմիններին՝ պահանջելով այդ կապակցությամբ քննություն կատարել, եւ կատարված ապօրինությունը վիճարկելու ենք բոլոր հնարավոր տարբերակներով»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Հ. Բաղդասարյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը: Նա նախընտրեց առայժմ շատ մանրամասների մեջ չմտնել, բայց հայտարարեց, որ գործի նյութերում փաստաթուղթ ավելացնելն ու դրա աննկատ մնալը հեշտ չէ: «Դա անպայման իր հետքերն ունենում է: Ինչպե՞ս կարելի է կեղծիքներ թույլ տալ՝ մտածելով, թե դա հանգիստ կանցնի»,- տարակուսեց պաշտպանը, ենթադրելով, թե դա արվել է հատուկ՝ պաշտպանական կողմի բողոքի փաստարկները Վճռաբեկում կամ ԵԴ-ում հերքելու կամ անհիմն դարձնելու համար: