Անկասկած, մեզնից յուրաքանչյուրը մասնակցել է երեկույթների։ Ամեն ինչ հրաշալի է, երբ այն ծանոթներն են կազմակերպել եւ բոլորին ճանաչում ես։ Իսկ եթե հայտնվել ես մի երեկույթում, որտեղ շրջապատող մարդկանց մեծ մասն անծանոթ է, ապա իրավիճակը բարդանում է… Նման դեպքերում շատերն իրենց կորցնում են, քաշվում անկյուն եւ համբերատար սպասում, թե երբ է երեկույթն ավարտվելու։ Ոմանք էլ 1-2 ժամից որոշում են, որ իրենց գնալու ժամանակն է։
Հարց. ինչպե՞ս վարվել, որ քեզ օտար չզգաս եւ չփչացնես ո՛չ քո, ո՛չ մյուսների երեկոն։
Պատասխանը գտնելուն կօգնեն հոգեբանների մշակած 5 հիմնական կանոնները՝ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են յուրային լինել ցանկացած ընկերախմբում։
Կանոն 1. Ծիծաղեք, երբ մյուսները կատակում են։
Բոլորին հայտնի է, որ մարդկանց հաճելի է, երբ իրենց մասին խոսում են։ Սակայն նրանք էլ ավելի մեծ բավականություն են ստանում, երբ լսարանը հիանում է իրենցով, ավելի ճիշտ՝ իրենց սրամտությամբ։ Եթե անծանոթ ընկերախմբում մեկը կատակում է կամ փորձում է կատակել, ապա պետք չէ անտեսել կատակը։ Նա պետք է զգա, որ գնահատել եք իր կատակը։
Կանոն 2. Ավելորդ հարցեր մի՛ տվեք, հատկապես այնպիսի, որոնց ինքներդ էլ չէիք ցանկանա պատասխանել։ Եթե վստահ եք, որ որեւէ մեկի հետ սկսած զրույցը շարունակելու համար պետք է հարց տաք զրույցից ածանցված թեմայի շուրջ, տվեք ընդհանուր բնույթի հարց՝ զրուցակցին հնարավորություն տալով խոսել այնքան, որքան ցանկանում է։ Մի՛ ընդհատեք նրան։ Իսկ եթե անծանոթ շրջապատում մեկը հարցնում է՝ ինչպե՞ս են գործերդ, միավանկ մի պատասխանեք՝ զրուցակցին հնարավորություն տալով ինչ-որ բանից կառչել։ Սա հետագա զրույցը շարունակելու լավ սկիզբ կդառնա։
Կանոն 3. Աշխատեք զրուցել ընդհանուր լեզվով։
Դա, իհարկե, չի նշանակում, որ եթե որեւէ մեկը անպատշաճ արտահայտություն է կատարել, պետք է հետեւել նրա օրինակին։ Պահանջվում է ընդամենը գտնել մեկին, որի հետ ընդհանուր հետաքրքրություններ ունեք։
Կանոն 4. Ոչ մեկի մասին վատ մի՛ արտահայտվեք։ Ծայրահեղ դեպքում այնքան ժամանակ, քանի դեռ լավ չեք գնահատել իրադրությունը։
Եթե անծանոթ ընկերախմբում ինչ-որ մեկի մասին այնքան էլ դրական չեն արտահայտվում, ապա դա ամենեւին չի նշանակում, թե նրանք ցանկանում են լսել քիչ ծանոթ մարդու կարծիքը եւս։ Ուստի, նման դեպքերում ավելի լավ է լռել։
Կանոն 5. Եթե որեւէ մեկի անունը մոռացել եք, եղեք անկեղծ ու բարեկիրթ։
Եթե ցանկանում եք դիմել մեկին, ում անունը չեք հիշում, ապա երկու ելք ունեք՝ սպասել, մինչեւ զրույցի ընթացքում կհնչի նրա անունը կամ պարզապես հարցնել: Արտահայտվեք մոտավորապես այսպես. «Կներեք, չեմ հիշում՝ ի՞նչ էր ձեր անունը։ Ես անունները դժվար եմ մտապահում»։