Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Վալենտինի տոնը նշվեց էրոտիկ եւ ռոմանտիկ

Փետրվար 17,2009 00:00

Տղաները մերկացան հանուն սիրո

\"\"\"\"

Հայերին բնորոշ՝ տոները ճոխ ու մի քանի անգամ նշելու սովորույթը դեռեւս շարունակվում է: Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 14-ին, ինչպես մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում երիտասարդները ետ չմնացին, նշեցին Սուրբ Վալենտինի տոնը: Սիրահարների համար, բնականաբար, շատ լավ է, որ սիրո տոնը նշվում է մի քանի անգամ, շատերի խոսքերով՝ իրենք պատրաստ են ոչ թե երկու, այլ նույնիսկ 2000 անգամ էլ նշել: Սուրբ Սարգսի կամ Սուրբ Վալենտինի տոնին ցանկացած սիրահար փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իր սիրելիին անկրկնելի եւ անմոռանալի նվեր մատուցի: Այս անգամ «Բրաբիոն» ծաղկի խանութը սիրահարված երիտասարդներին հնարավորություն էր տվել իրենց սիրելիներին շնորհավորել խենթ ու յուրօրինակ ձեւով: Հայտարարվել էր, որ բոլոր այն սիրահարված տղաները, ովքեր փետրվարի 14-ին, ժամը 14-ին կհամարձակվեին միայն վարտիքով ներս մտնել «Բրաբիոն» սրահ՝ այնտեղի ցանկացած փունջ, տղայի ցանկությամբ, իրենը կլինի: Ինչպես եւ խոստացվել էր՝ տոնը ստացվեց: Ծաղկի խանութի PR մենեջեր Ծովինարը «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ են նման ակցիա կազմակերպել եւ քանի՞ տղա է մերկացել՝ ասաց. «Քանի որ սիրահարների օրն էր, որոշեցինք երիտասարդների համար մի հետաքրքիր բան անել, նրանց ուրախացնել: Ինչ վերաբերում է մերկացած տղաներին, ապա նրանք 14 հոգի էին»: Հարցին, հնարավո՞ր է ուրիշ տոների հետ կապված դարձյալ նման ակցիաներ լինեն կամ, ասենք, տղաների տոնին՝ փետրվարի 23-ին, աղջիկները մերկանան՝ պատասխանեց. «Այո, իհարկե, նմանատիպ անակնկալներ դեռ սպասվում են: Բայց տղաների տոնի հետ կապված՝ աղջիկները հաստատ չեն մերկանա»: Մեր հաջորդ հարցին էլ, թե ինչքա՞ն վնաս է կրել «Բրաբիոնը» 14 տղայի 14 ծաղկեփնջերի պատճառով՝ PR մենեջերը նշեց. «Չէի ասի, որ դա վնաս է, նրանք մեր հիմնական հաճախորդներն էին: Այդ տղաները, հանուն իրենց սիրելիների, գնացին այդ քայլին՝ մերկացան, իսկ դա երբեք չի կարելի վնաս անվանել: Ինչ վերաբերում է 14 ծաղկեփնջերի գումարին, չենք հաշվել, բայց մոտավորապես 200 000 դրամ կլիներ»:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ են մերկացել երիտասարդները, միաժամանակ պատասխանեցին՝ հանուն սիրո: Նշենք, որ մերկ երիտասարդները տարբեր տարիքի էին, իսկ նրանցից ոմանք՝ նույնիսկ ամուսնացած: Երիտասարդների խոսքերով, ծաղիկներ միշտ էլ հնարավոր է նվիրել, բայց ոչ միշտ է հնարավորություն տրվում մերկ վիճակով այն ձեռք բերել. «Երբ ես մերկացա, հասկացա, որ ավելի շատ եմ նրան սիրում, կարծում եմ՝ նա էլ իմ հարցում համոզվեց: Մերկ վիճակով ծաղիկ ձեռք բերելը ոչ միայն ռոմանտիկ է, այլեւ՝ էրոտիկ»,- «Առավոտին» ասաց հանուն սիրո մերկացած 22-ամյա Արմենը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել