Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փետրվար 17,2009 00:00

Ազատություն՝ անկարգությունների մասնակիցներին

\"\"Կիրակի օրը մոտ 200 հոգի հավաքվել էին Լատվիայի գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել Ռիգայում հունվարի 13-ին տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներին: Ցուցարարների պաստառներում գրված էր՝ «Գետաքարը՝ պրոլետարիատի զենքն է» եւ «Ազատություն ժողովրդական ապստամբության մասնակիցներին»: «Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ հունվարի 13-ի երեկոյան Ռիգայի կենտրոնում տեղի ունեցավ հանրահավաք, որի ավարտից հետո երիտասարդների ամբոխը սկսեց ավերել խորհրդարանի շենքը եւ դրան հարող փողոցները: Հրկիզվեց ոստիկանական մի քանի մեքենա, թալանվեց մոտակա գինու եւ օղու խանութը: Ոստիկանությունը ձերբակալել է 106 հոգու, նրանցից 14-ին ներկայացված է մեղադրանք Քրօրի 220 հոդվածով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, որը նախատեսում է 3-15 տարվա ազատազրկում: Անկարգությունների քննությունը անց է կացնում հատուկ քննչական խումբը, որը կազմված է 15 քննիչից եւ 3 դատախազից: Միաժամանակ հասարակական կարծիքը՝ Լատվիայի բնակիչների մոտ 60%-ը, կամ սատարում է ձերբակալվածներին, կամ առնվազն դեմ է նրանց նկատմամբ խիստ պատիժ իրականացնելուն: Կիրակի օրվա ցույցի կազմակերպիչներից մեկն էր «Նացիոնալ բոլշեւիկյան կուսակցությունը», որի ղեկավար Վլադիմիր Լինդերմանը ռադիոթղթակցին ասաց. «Մենք կարծում ենք՝ բացարձակապես սխալ է տեղի ունեցածը ներկայացնել որպես ջարդարարություն, ինչպես դա անում են որոշ պաշտոնյաներ եւ ԶԼՄ-ներ: Դա ժողովրդական ապստամբություն էր եւ հետեւաբար՝ քաղաքական իրադարձություն: Այստեղ պետք է տալ քաղաքական գնահատական: Պետք է պատժել նրանց, ովքեր հասցրել են մարդկանց այս վիճակին»:

Չավեսը հասավ իր մուրազին

\"\"Կիրակի օրը տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ Վենեսուելայի բնակիչները կողմ արտահայտվեցին ընտրովի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի լիազորությունների ժամկետների սահմանափակումների վերացմանը: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը չէր թաքցնում, որ դա իր վստահության հանրաքվեն է: «Երկուշաբթի օրը ես կարթնանամ, մտածելով, թե ինչ պետք է անել 2012 թվականից հետո, եւ դա ինձ ավելի մեծ վստահություն կհաղորդի»,- ասաց երկրի նախագահը: Չնայած ընդդիմությունը պնդում էր, որ ժողովուրդը չի պատրաստվում հաշտվել բռնապետական ղեկավարության հետ, մեծամասնությունը, այնուամենայնիվ, Չավեսի կողմն էր՝ հնարավորություն տալով նրան 2013-ին եւս մեկ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում:

«Գազետա» թերթը հիշեցնում է, որ 2007 թվականին նման հանրաքվե արդեն անց է կացվել, սակայն այն ժամանակ Չավեսը հաջողության չէր հասել: 2 տարվա ընթացքում իշխանությունը կարողացավ հաշվի առնել իր սխալները եւ այս անգամ հանեց ոչ միայն իր սեփական, այլեւ նահանգապետերի, քաղաքապետերի եւ այլ ընտրված պաշտոնյաների ժամկետների սահմանափակումները: «Ասել, որ Չավեսը թագավոր է կամ Չավեսը բռնապետ է՝ նշանակում է ստել,- ասաց Վենեսուելայի նախագահը՝ կոչ անելով հետաձգել Սուրբ Վալենտինի օրվա տոնակատարությունը:- Մեզ ճակատամարտ է սպասվում, բայց այդ ճակատամարտից հետո ես ձեզ խոստանում եմ սիրո շաբաթ: Ես ձեզնից խնդրում եմ ընդամենը 1 օր, բայց խոստանում եմ 7-ը»:

Հոլբրուքը պատրաստվում է կազմակերպել աֆղանցիներին

\"\"Երեկ Աֆղանստանում հանգստյան օր էր: Նշվում էր Ազգային փրկության օրը՝ ի պատիվ 20 տարի առաջ այդ երկրից խորհրդային զորքերի դուրսբերման: Սակայն, ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, անցած շաբաթն Աֆղանստանում ամենեւին էլ տոնական չէր: Փետրվարի 12-ին Թալիբանի մահապարտ ահաբեկիչները մի քանի հանդուգն հարձակումներ են ձեռնարկել Քաբուլի պետական գերատեսչությունների շենքերի վրա, որի հետեւանքով զոհվել է մոտ 30 հոգի: Այդպես էին իսլամական ռադիկալները ուժ ցուցադրում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքի այցից մի քանի ժամ առաջ: Դա հենց նույն դիվանագետն է, որը 1990 թվականին հայտնի դարձավ իր բալկանյան առաքելությամբ՝ վերջ դնելով Բոսնիայում տեղի ունեցող պատերազմին: Քաբուլում Հոլբրուքը նախ եւ առաջ հանդիպեց Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, ցույց տալով, թե ինչպես է պատրաստվում իրագործել իր վրա դրված պարտականությունները: Իր պատվին կատարված ահաբեկչությունները դժվար թե անսպասելի էին Հոլբրուքի համար: Դեռեւս Աֆղանստան այցելելուց առաջ նա հայտարարել էր, որ այս երկրում գործելը շատ ավելի դժվար կլինի, քան Իրաքում, եւ ինքը «երբեք չի տեսել նման խառնաշփոթ, որը ժառանգել է երկրի ներկայիս իշխանությունը»:

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է նաեւ Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հետ, որի իշխանությանն ավելի վաղ քննադատում էր՝ թույլ եւ կոռումպացված լինելու մեջ: Սակայն հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում Կարզայը շնորհակալություն հայտնեց, որ հնարավորություն է տրվել իր կառավարությանը՝ մասնակցել թալիբների դեմ պայքարի մարտավարության մշակմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել