Մանկավարժները դժգոհում են դասագրքերի որակից, դասագիրք գրողներն էլ հավաստիացնում են, որ այդ գործով քչերն են ուզում զբաղվել:Հայաստանում ինքնուրույն դասագրքաստեղծման գործընթացը կա
պվում է վերջին տարիների հետ: «Խորհրդային տարիներին մեզ ո՞վ կթողներ ինքնուրույն դասագիրք ստեղծել»,- տարբեր առիթներով հիշում են այս ոլորտի մասնագետները: Թերեւս բավականաչափ փորձ չունենալը, երկրի սակավ հնարավորությունները, համապատասխան ինստիտուտների ձեւավորվածության բացակայությունն է պատճառը, որ ներկայումս ՀՀ հանրակրթական դպրոցներ մուտք գործած դասագրքերն անընդհատ դժգոհության առարկա են դառնում: Սակայն բացի այդ օբյեկտիվ պատճառներից, կա եւս մեկը՝ ավելի սուբյեկտիվը. ովքե՞ր են այսօր մեր երկրում ստանձնել չափից ավելի պատասխանատու այդ գործը: Այդ գործընթացների «խոհանոցում» գտնվող որոշ մարդիկ պնդում են, որ այս բնագավառում էլ է գործում մաֆիայի օրենքը, այստեղ էլ է դաշտը մոնոպոլացված, ինչի մասին վկայում են դասագրքերի հեղինակների՝ տարեցտարի կրկնվող ազգանունները եւ դասագրքերի չբարելավված որակը:
«Առավոտը» բազմիցս անդրադարձել է այս թեմային՝ տարբեր տեսանկյուններից: Այս անգամ մի խումբ դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների դժգոհությունն է հարուցել Մանկավարժական համալսարանի բարձրագույն հանրահաշվի եւ երկրաչափության ամբիոնի պրոֆեսոր, մաթեմատիկական գիտությունների թեկնածու Համլետ Միքայելյանի հեղինակած՝ 9-րդ դասարանի «Հանրահաշիվ» դասագիրքը: «Առավոտը» բոլոր դժգոհությունների մեկնաբանությունները ստացավ հեղինակից: Մեզ դիմած ուսուցիչների բարձրացրած խնդիրներից ընդհանուր էր այն, որ դասագրքում ոչ բոլոր վարժությունների պատասխաններն են ընդգրկված: Նրանք պնդում են, որ հեղինակը, փոխանակ ընդգրկեր ավելի բարդ վարժությունների, օրինակ՝ համասեռ հավասարումների պատասխանները, նախընտրել է առավել դյուրիններինը: Այս կապակցությամբ Հ. Միքայելյանն ասաց. «Բոլոր վարժությունների պատասխաններն ընդգրկել հնարավոր չէր, քանի որ Համաշխարհային բանկը, որը տրամադրում է վարկային միջոցներ, դասագրքի համար սահմանել է 304 էջը: Որոշ դժվար վարժությունների պատասխաններ գուցե եւ չկան, բայց ուսուցիչը պարտավոր էլ չէ բոլորը լուծել, պարզապես չեն հասցնի, ուստի կարող են ընտրել այն վարժությունները, որոնց պատասխանները կան: Ես ունեմ բոլոր պատասխանները, սկզբում տեղադրել էի, բայց չափանիշներին համապատասխանեցնելու համար ստիպված էի 6-7 էջ կրճատել: Մյուս կողմից էլ, երբեմն որոշ պատասխաններ պիտի բաց թողնել, քանի որ շատ խելացի երեխաների համար դա օգտակար է: Հետո՝ ռուսական, ամերիկյան դասագրքերում էլ ոչ բոլոր պատասխանները կան»:
Հեղինակը հայտնեց, որ հանրահաշվի՝ իր հեղինակած 7-րդ դասարանի դասագրքում արդեն բոլոր պատասխաններն ընդգրկել է: Ուսուցիչների մյուս դժգոհությունն այն էր, որ տեքստային խնդիրները գրքում համակարգված չեն: Հեղինակը նկատեց. «Ըստ բնույթի՝ դրանք չեն էլ կարող համախմբված լինել, քանի որ թեմաները դասակարգված են՝ ըստ մաթեմատիկական նյութի: Դեռ, ի տարբերություն մյուս դասագրքերի, այստեղ ընդգրկված տեքստային խնդիրները կիրառական են»: Հարցրինք՝ մի՞թե լավ չէր լինի, որ նմանատիպ խնդրից մի քանիսը տեղադրեր, որպեսզի երեխաները կարողանային ամրապնդել գիտելիքները, օրինակ՝ տոկոսին, արագությանը վերաբերող տեքստային խնդիրներ լուծելիս, հեղինակը պատասխանեց. «Դա ի՞նչ կտա: Նախ տոկոս ուսուցանելու համար առանձին նյութ կա, հետո էլ մեր խնդիրը չէ տոկոս կամ արագություն ուսուցանելը, որը ֆիզիկայից են անցնում, այլ մաթեմատիկան ներգրավել, որպեսզի տնտեսական, ֆիզիկայի խնդիրները կարողանան լուծել: Հետո էլ, եթե նույն բնույթի 2-3 խնդիր տեղադրենք, գրքի ծավալն ո՞ւր կհասնի: Ուղղակի ուսուցիչը պիտի լավ բացատրի խնդիրը, իսկ նմանատիպը կա արդեն հաջորդ թեմայի ընթացքում: Աշակերտը խնդիրը պիտի հասկանա, ոչ թե այն զուբրիտ անի»:
Մանկավարժները նկատել են, որ, օրինակ՝ 93-րդ էջում տեղադրված է հռոմեական թվանշանների հետ գործողություններ կատարելու պահանջով մի վարժություն, մինչդեռ այդ թվանշաններին պիտի անդրադառնան հաջորդ դասին: Սա պարոն Միքայելյանը ոչ տեղին դժգոհություն է համարում. «Նախ հռոմեական թվանշաններն աշակերտներն անցել են 5-6-րդ դասարանում, հետո էլ՝ իմ նպատակն է եղել ցույց տալ, որ գրության այդ ձեւն անկատար է: Ուստի՝ նախորդ դասին տեղադրել եմ Ձեր նշած վարժությունը, որ երեխաները հանրագիտարաններից, իրենց նախորդ դասագրքերից պրպտեն-վերհիշեն այդ թվանշանները, որպեսզի արդեն հաջորդ դասին ուսուցիչը տեսական զրույց վարի այդ մասին»:
«Առավոտի» հետ զրույցում Հ. Միքայելյանն էլ փորձեց վեր հանել մանկավարժների որոշ թերությունները. «Մաթեմատիկա դասավանդող ուսուցիչների հիմնական թերությունն այն է, որ զբաղվում են մի քանի աշակերտի հետ, որոնք մաթեմատիկայից ուժեղ են: Բայց այդ մի քանիսը հետո թողնում-գնում են երկրից, այն թույլերը, որոնց հետ չեն աշխատում՝ մնում են մեզ: Այսինքն՝ մենք միջոցներ ենք ծախսում արտասահմանի համար կադրեր պատրաստելու համար: Ես այս դասագրքում առաջ եմ բերել լեզվամտածողության խնդիրը, որ, օրինակ՝ ուսուցիչը երեխային բացատրի խորացնել բայը մաթեմատիկական տեսանկյունից եւ այլն»:
Իսկ այն դիտարկմանը, թե այսօր դասագրքաստեղծման գործը մաֆիայի ձեռքին է, Հ. Միքայելյանն ասաց. «Չեմ կարծում, որ եթե որեւէ մեկը գիրք ուզի գրել՝ նրան չթողնեն: Այժմ հրատարակիչներն ընկած մարդ են ման գալիս դրա համար»:
Զրույցի վերջում պարոն Միքայելյանը մանկավարժներին խնդրեց նմանատիպ խնդիրները տեղափոխել հասարակականից ավելի մասնագիտական հարթակ, օրինակ՝ պատրաստակամություն հայտնեց ուսուցիչների դժգոհություն-առաջարկները հոդվածի տեսքով հրատարակել իր խմբագրած՝ «Մաթեմատիկան՝ դպրոցում» ամսագրում: