Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ եթե «յուրացումը» չի՞ հաջողվել

Փետրվար 17,2009 00:00

Տրամաբանական սխալներ՝ 300-րդ հոդվածում

Իմ կարծիքով, ՀՀ Քրօրի 300-րդ հոդվածի դիսպոզիցիայում կա տրամաբանական սխալ: Հոդվածի 1-ին մասը սկսվում է «Պետական իշխանությունը յուրացնելը»՝ բառերով, որը խոսում է արդեն ավարտված գործողության մասին, իսկ դրանից հետո տրված է պետական իշխանությունը յուրացնելու հասկացության բացատրությունը:

Հնարավոր է կազմակերպել ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ, որոնք կարող են հաջողվել եւ չհաջողվել:

Այն դեպքում, երբ այդ գործողությունները չեն հաջողվել, ապա ինչպես կարելի է խոսել պետական իշխանությունը յուրացնելու մասին՝ որպես ավարտված գործողություն:

Իմ կարծիքով, երկրորդ տրամաբանական սխալը տեղ է գտել նույն հոդվածի 2-րդ մասում: Վերլուծենք մի իրավիճակ, երբ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մասին անձը նախօրոք հայտնել է իշխանության մարմնին, իսկ այդ մարմնի ոչ արհեստավարժ գործողությունների հետեւանքով պետական իշխանությունը յուրացնելու գործողությունները չեն կանխվել:

Ի՞նչ է, այս դեպքում անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվությա՞ն:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ «Պետական իշխանությունը իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա»:

Եթե պետական իշխանությունը բաղկացած է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններից, ապա ինչպես է պետք գնահատել ՀՀ Քրօրի 300 հոդվածում նշված պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն գործողությունները: Այդ գործողությունները պետք է ուղղված լինեն իշխանության երեք թեւերի դեմ միաժամանա՞կ, թե՝ մեկի դեմ ուղղված գործողությունները նույնպես պետք է դիտվեն որպես պետական իշխանության յուրացում:

Ընդհանուր տրամաբանության մեջ չի մտնում նաեւ ՀՀ Քրօրի 300 հոդվածի 1-ին մասում «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն» բառերից հետ նշված «կամ դա բռնությամբ պահելուն» բառերը: «Բռնությամբ պահելու» հասկացությունը ենթադրում է, որ իշխանությունը արդեն իսկ բռնությամբ զավթված է: Եթե իշխանութան երեք թեւերն էլ արդեն իսկ բռնությամբ զավթված են, ապա այդ դեպքում ով, ում եւ ինչպես պետք է ենթարկի քրեական պատասխանատվության:

Ելնելով վերոգրյալից, առաջարկում եմ ՀՀ Քրօրի 300 հոդվածի անվանումը փոխել եւ այն վերանվանել «Պետական իշխանությունը լուրացնելուն ուղղված գործողություններ»:

ՀՀ Քրօրի 300 հոդվածի դիսպոզիցիան շարադրել հետեւալ կերպ:

«ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը՝ այսինքն օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանությունը բռնությամբ զավթելուն, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ ՀՀ տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները… 2-րդ մաս. Նույն գործողությունները, որոնց հետեւանքով հասցվել է գույքային վնաս… 3-րդ մաս. Նույն գործողությունները, որոնք զուգորդվել են մարդկային զոհերով…»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել