Ի պատասխան «Առավոտ» օրաթերթում տպագրված «Իջեւանյան օրերի խրոնիկա» հոդվածի
«Առավոտ» օրաթերթի 2008 թվականի փետրվարի 11-ի համարում տպագրված հոդվածում հեղինակն անդրադարձել է Իջեւանի քաղաքապետի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հիմնավորվածությանը:
Մասնավորապես, հոդվածի հեղինակը նշել է, որ 2008թ. դեկտեմբերի 18-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի հատկանիշներով («Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը»), այն դեպքում, երբ իր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, թե Վ. Ներսիսյանը ամեն ինչ արել է ինքնակամ շինարարությունը դադարեցնելու համար՝ դիմելով տարբեր մարմինների:
Ապօրինի, ինքնակամ շինարարության եւ հողազավթումների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու եւ կանխարգելելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի՝ 05.08.2008թ. հանձնարարականի պահանջների կատարման նպատակով, Տավուշի մարզի դատախազության կողմից 11.09.2008թ. Իջեւան համայնքի ղեկավար Վ. Ներսիսյանին գրություն է ուղարկվել՝ նման փաստերի եւ դրանց կապակցությամբ իր կողմից ձեռնարկված միջոցառումների մասին մարզի դատախազությանը հաղորդում ուղարկելու խնդրանքով:
Իջեւանի քաղաքապետ Վ. Ներսիսյանը գրությանը պատասխանել է միայն 2008թ. նոյեմբերի 5-ին՝ դատախազության երկրորդ հիշեցումից հետո: Ի թիվս այլ փաստերի, քաղաքապետի պատասխանի մեջ նշված է եղել նաեւ Ալբերտ Դավթյանի կողմից կատարվող ինքնակամ շինարարության փաստը՝ առանց այդ բնագավառում իր կողմից կատարված միջոցառումները վկայող փաստաթղթային հիմքերը ներկայացնելու:
Մինչեւ դատախազության գրությանը պատասխանելը՝ Իջեւանի քաղաքապետը 24.09.2008թ. հաղորդում էր ներկայացրել ոստիկանության Իջեւանի բաժին, որ Ա. Դավթյանի կողմից Իջեւանի քաղաքային զբոսայգում կատարվում է ինքնակամ շինարարություն՝ խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ինքնակամ շինարարությունը դադարեցնելու ուղղությամբ: Ավելի վաղ՝ 29.07.2008թ., քաղաքապետը հաղորդում էր ներկայացրել նաեւ քաղաքաշինական պետական տեսչության Տավուշի տարածքային ստորաբաժանման պետին՝ նույն բովանդակությամբ եւ նույն խնդրանքով:
Քաղաքաշինական պետական տեսչության Տավուշի տարածքային ստորաբաժանման պետը թեեւ պատասխան գրությամբ հայտնել էր, որ ինքնակամ շինարարության դեմ պայքարը համայնքի ղեկավարի պարտականությունների մեջ է մտնում եւ նա պարտավոր է իրավախախտում կատարած անձին վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն նույնիսկ այդ պայմաններում Վ. Ներսիսյանը չի զլացել կրկին իր պարտականությունների կատարումը պահանջել այլ մարմնից, որը ընդհանրապես նման լիազորություն չունի:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը քաղաքաշինության բնագավառում ունի պարտադիր լիազորություններ, որոնցից է ինքնակամ շինարարության կանխարգելումն ու կասեցումը եւ օրենքով սահմանված կարգով դրանց հետեւանքների վերացումը: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարը անձանց, օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, ենթարկում է վարչական պատասխանատվության: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2191-րդ հոդվածի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաեւ նույն օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր: Տեղական ինքնակառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն համայնքի ղեկավարները՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված ժամկետներում:
Ոստիկանության Իջեւանի բաժնում նշված հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում, երբ բացատրություններ են վերցվել Իջեւան համայնքի ղեկավարից եւ պահանջվել է պարզաբանել, թե ինչու նա իր պարտականությունները չի կատարել, վերջինս հանձնարարել է քաղաքապետարանի վարչատուգանային հանձնաժողովին՝ լուծել Ա. Դավթյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նշված հանձնաժողովի կողմից 13.11.2008թ. որոշմամբ՝ Ա. Դավթյանը տուգանվել է 400 000 դրամ:
Ա. Դավթյանը տուգանքը չի մուծել եւ համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ նշված գումարը Ա. Դավթյանից բռնագանձելու պահանջով: Հայցը մերժվել է, քանի որ, դատարանի գնահատմամբ, ակտը կազմվել էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի պահանջների խախտումով:
ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները որեւէ այլ մարմնի վրա այդ բնագավառում նման լիազորություններ իրականացնելու պարտականություններ չեն դրել, ուստի ՀՀ պետական ապարատի այլ մարմինների կողմից նման գործառույթի իրականացումը կդիտվի որպես պաշտոնեական լիազորությունների անցում եւ այս պայմաններում անհասկանալի են հոդվածագրի այն պատճառաբանությունները, թե այլ մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեին ապօրինի շինարարությունը կանխարգելելու ուղղությամբ, այսինքն՝ ոստիկանությունը կամ քաղաքաշինական պետական տեսչությունը պետք է կատարեին համայնքի ղեկավարի՝ օրենքով սահմանված պարտադիր լիազորությունը: Համայնքի ղեկավարը պետք է իմանար, որ Ա. Դավթյանի կողմից կատարված ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու՝ օրենքով սահմանված միջոցառումները չեն ենթադրում տարբեր մարմիններին գրություններ ուղարկելու գործելաոճը, այլ զանցանք կատարած անձին ՀՀ ՎԻՎ օր.-ի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով վարչական պատասխանատվության ենթարկելու կոնկրետ միջացառումը՝ պահպանելով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության պահանջները՝ տույժի ենթարկելու ժամկետները եւ այլն:
Իսկ ինչ վերաբերում է հոդվածագրի այն դիտարկմանը, թե ինքնակամ շինարարություն կատարած Ա. Դավթյանը մի շարք անձանց, այդ թվում քաղաքապետ Վ. Ներսիսյանի մոտ հայտարարել է, որ դատախազությունն իրեն ստիպել է կեղծ, զրպարտչական դիմում գրել Իջեւանի քաղաքապետի դեմ՝ ուղղակի զրպարտություն է եւ վկայում, որ հոդվածագիրը հարկ չի համարել իրեն փոխանցված ասեկոսեները ճշտել, անձամբ ծանոթանալ դիտարկվող հարցին առնչվող փաստաթղթերին, դրանց թվում նաեւ ՀՀ Վարչական դատարանի ՎԴ2/0402/05 /08 գործով 06.02.2009թ. վճռին: Դատական նշված ակտի համաձայն՝ Ա. Դավթյանը ցուցմունք է տվել այն մասին, որ, մեջբերում ենք՝ «Իջեւանի քաղաքապետը իրենից փող է ուզել շինարարությունն իրականացնելու համար. առաջին անգամ 500 000 դրամ, որը տվել է, երկրորդ անգամ դարձյալ 500 000 դրամ, որը նույնպես տվել է: Իսկ դրանից հետո՝ շինարարության իրականացման ավարտին մոտ ժամանակաշրջանում, շինարարությունն օրինականցնելու համար, Իջեւանի քաղաքապետն իրենից ուզել է նախ մեկ միլիոն, հետո երեք միլիոն, ավելի ուշ՝ արդեն 10 մլն դրամ: Ինքն ասել է, որ այդքան գումար չունի, չի կարող տալ, որից հետո իրեն տուգանել են»: Նույն դատական ակտի համաձայն՝ հայցվորի ներկայացուցիչը Ա. Դավթյանի սույն հայտարարությունների դեմ չի առարկել՝ ասելով, որ իրեն ոչինչ հայտնի չէ:
Վերը նշված քրեական գործի շրջանակներում այս բոլոր հանգամանքները ստուգվում են, նախաքննության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: