Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՍՏՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ՀԱԿԱՌԱԿ

Փետրվար 17,2009 00:00

Անցյալ տարվա ամռանը «Հայփոստի» պատասխանատու աշխատողները հանդիպեցին Վայոց ձորի մարզային փոստային մասնաճյուղի տնօրինության, բաժանմունքների պետերի եւ աշխատակազմի հետ: «Հայփոստի» կորպորացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ա. Խաչատրյանը, արհկոմի նախագահ Ս. Արզուցյանն ու մարդկային ռեսուրսների կառավարման ծրագրի ղեկավար Հ. Չութիլյանը ներկայացրին աշխատանքի նոր պայմանները եւ վարձատրման բարեփոխված համակարգի հետ կապված բոլոր մանրամասները:

Առաջնային իրականացվելու է միջանկյալ փուլը, ասացին նրանք: Իսկ բարեփոխման այդ փուլում նախատեսվում էր աշխատակիցների հետ կնքվող եռամսյա ժամանակավոր պայմանագրերի փոխարեն կնքել անժամկետ աշխատանքային պայմանագրեր, ինչը երաշխիք էր աշխատանքային զբաղվածության կայունության, որի արդյունքում պետք Է բարձրանար արդյունավետությունն ու բնագավառի բոլոր աշխատողների աշխատավարձերը: «Իրականացվող այս փուլից հետո, սեպտեմբերի 1-ից, «Հայփոստում» կներդրվի վարձատրման վերջնական համակարգը, որի արդյունքում յուրաքանչյուր աշխատակից ապահովված կլինի աշխատավարձի կայուն աճով: Միաժամանակ, կախված կատարած աշխատանքից, կկիրառվեն անհատական մոտեցումներ, եւ յուրաքանչյուր աշխատակցի համար կսահմանվի անհատական աշխատավարձ»,- շատ վստահ տոնով ավելացրեց տիկին Չութիլյանը:

«Հայփոստի» մարզային աշխատողների ոգեւորությունը շատ մեծ էր, սակայն հանդիպումից ամիսներ են անցել, բայց, ինչպես ընդունված է այս պարագայում ասել՝ «սայլը տեղից չի շարժվել»: Ավելին, փոստատարներից տեղեկացանք, որ իրենց նկատմամբ կիրառված «անհատական մոտեցումների» արդյունքում ոչ միայն չբարձրացավ աշխատավարձը, այլ՝ նվազեց: Նրանց հավաստմամբ, «Հայփոստի» ղեկավարության հայտարարությունները, թե մշտապես շարունակվելու են աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավմանն ու արդիականացմանն ուղղված գործընթացները, առ այսօր այդպես էլ միայն հայտարարություն են մնացել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել