Արմավիրի մարզպետի եղբայրական սիրո յուրօրինակ դրսեւորումը
Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի բոլոր դպրոցների տնօրեններին կարգադրել է բանկային հաշիվները տեղափոխել «Հայբիզնեսբանկի» մարզում գործող մասնաճյուղ: Մարզպետը առաջնորդվում է «ախպերությանը» լավություն անելու ցանկությամբ՝ «Հայբիզնեսբանկի» Արմավիրի մարզի մասնաճյուղի կառավարիչը մարզպետի եղբայրն է: Արմավիրի մարզում կա մոտ 130 դպրոց եւ, ըստ մեր աղբյուրների, 20 դպրոցի տնօրեն արդեն կատարել է մարզպետի կարգադրությունը: Մարզպետի օգնական, մամուլի հետ կապերով զբաղվող Նվեր Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ նման կարգադրություն չկա: Ըստ նրա՝ դպրոցներն իրենք են որոշում՝ որ բանկում հաշիվ ունենալ, Արմավիրում այլ խնդիր կա: Մեծ թվով հաճախորդներ ունեցող ՎՏԲ բանկի բանկոմատները վերջին 2-3 ամիսներին գրեթե միշտ խափանված են, մարդիկ պարզապես չեն կարողանում իրենց աշխատավարձերը ստանալ եւ շատերը, այդ թվում՝ Նվեր Պետրոսյանը, մտադիր են իրենց անձնական հաշիվն այլ բանկ տեղափոխել:
Նվեր Պետրոսյանը դժվարացավ ասել «Հայբիզնեսբանկի» Արմավիրի մասնաճյուղի ղեկավարը մարզպետի եղբա՞յրն է, թե՝ ոչ: «Այդ մասնաճյուղը նոր է բացվել, տեղյակ չեմ»,- հայտարարեց նա: