Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աֆղանցիներին մեծարեցին

Փետրվար 17,2009 00:00

Ըստ գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանի, Աֆղանստանում սովետական 40-րդ բանակը կարողացել է զսպել այդ երկրում «բույն դրած» տեռորիզմը:

\"\"\"\"
Գեներալ-մայոր Տ. Գասպարյանը հարգանքի տուրք է մատուցում իր մարտական ընկերներին:

«Երբ այսօր իմ դիրքերից եմ գնահատում աֆղանական պատերազմը, գտնում եմ, այդ պատերազմը միանշանակ սխալ էր: Իսկ եթե այլ տեսանկյունից դիտարկենք, ապա պետք է նշել, որ դեռ 30 տարի առաջ ԽՍՀՄ-ն առաջին անգամ բախվեց ահաբեկչության խնդրի հետ: Աֆղանստանը դրանց բույնն էր, եւ ԽՍՀՄ-ն այդ տարիների ընթացքում զսպում էր տեռորիստներին: Պետք է տեսնել եւ դրական կողմերը, եւ բացասական: Այդ պատերազմի 5200 զոհը մեծ թիվ էր: Դա նշանակում է, որ այդքան մայրեր կորցրին իրենց զավակներին, կանայք՝ իրենց սիրեցյալներին, այդքանն անտեր թողեցին իրենց ընտանիքները կամ այդքան չծնված երեխաներ: Իմ դիտարկմամբ, զորք մտցնելու որոշումը սխալ էր»,- խորհրդային զորքերի Աֆղանստանից դուրսբերման 20-ամյակի միջոցառման առիթով «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ, գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը: Նա աֆղանական պատերազմի մասնակից է:

Անդրադառնալով այդ պատերազմում խորհրդային զորքերի դուրսբերմանը՝ գեներալ-մայորն ասաց. «40-րդ բանակի առջեւ խնդիր չէր դրված գրավել Աֆղանստանը: 1979 թ. խորհրդային զորքերն առանց խոչընդոտի մտան Աֆղանստան, 1989-ին կազմակերպված էլ դուրս եկան: Մենք չենք ասում հաղթել ենք կամ պարտվել: Բանակը լիարժեք իրականացրել է այն խնդիրները, որոնք դրված էին իր առաջ: Վերջերս ինտերնետում կարդացի, որ լրագրողը մի աֆղանցու հարցրել էր՝ ինչպե՞ս եք վերաբերվում խորհրդային զորքին, վերջինս պատասխանել է՝ երբ այդ զորքերը դուրս եկան, ես տասը հատ ոչխար մորթեցի, իսկ եթե նրանք ետ գան, ես 20-ը կմորթեմ: Այս տարիների ընթացքում 40-րդ բանակի զորքերի վարկանիշն այդքան բարձրացել է»:

Իսկ թե մասնակիցներն ի՞նչ դասեր են քաղել աֆղանական պատերազմից, որոնք այսօր ներդրել են հայրենիքի սահմանների պաշտպանության եւ հզորացման գործում, Տ. Գասպարյանը պատասխանեց. «11 գեներալ ունենք, որոնցից 2-ը մահացել են: Այդ պատերազմը ոչ միայն ռազմական գործողություններ իրականացնելու փորձ է տվել մեզ, այլեւ ղեկավարման, կազմակերպչական աշխատանքներ տանելու եւ մարդկանց հետ շփվելու: Քանի որ պատերազմում ամեն ինչ պարզ է. ով թույլ մարդ է՝ պատերազմում ավելի է թուլանում, ով ուժեղ է՝ ավելի է ուժեղանում: Եվ զինվորականների միջեւ ոչ ճիշտ փոխհարաբերությունները կարող են լուրջ խնդիրների հանգեցնել: Վերջապես, աֆղանական պատերազմը սովորեցրեց, թե ինչ բան է իսկական ընկերությունը, ինչ է վետերանների նկատմամբ հարգանքը»: Գեներալ-մայորի կարծիքով, երիտասարդ սերնդի մեջ չկա սեր հայրենիքի նկատմամբ, որը պետք է դաստիարակել մանկապարտեզից. «Իմ սերունդը, որ մեծացել է խորհրդային տարիներին, դաստիարակվել է այսպես՝ առաջին տեղում հայրենիքն է, ո՞ւմ պետք է սիրի իսկական տղամարդը. նախ հայրենիքը, հետո մորը կամ կնոջը: Նոր սերնդին էլ պետք է այդպես դաստիարակել: Չնայած արդեն մի քանի ծրագիր կա՝ այցելել դպրոցներ եւ հայրենասիրության դասեր անցկացնել եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել