Երեւանի քրեական դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, փետրվարի 19-ին կսկսվի «Օդնոկլասնիկ» սրճարանում անցյալ տարվա սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը:
Նախորդ դատական նիստի ժամանակ հայտարարվեց, որ տուժողներ Աբել Միքայելյանն ու «Ռադիոլուրի» նախկին խմբագիր Արթուր Սահակյանը չեն ներկայացել դատական նիստին, այդ պատճառով էլ այն հետաձգվել է: «Առավոտը» տեղեկացրել էր, որ Արթուր Սահակյանը գտնվում է ԱՄՆ-ում: «Ինչո՞ւ ես ԱՄՆ-ում» հարցին՝ Ա. Սահակյանը երեկ պատասխանեց. «Եկա ԱՄՆ՝ հանգստանալու: Ուզեցի կտրվել այն իրականությունից, որն ինձ հետ տեղի ունեցավ, եւ որին դուք քաջածանոթ եք»: Մեր հաջորդ հարցին, թե դատական նիստերը ընթանալու են առանց իր մասնակցությա՞ն, Ա. Սահակյանն ասաց. «Ես նախաքննական մարմնին հայտնել եմ ամեն ինչ, ինչին տեղյակ էի, գիտեի եւ փորձել էի իմանալ: Ավելացնելու, կրճատելու կամ փոխելու ոչինչ չունեմ: Այնպես որ, իմ ներկայությունը ոչինչ չի փոխելու դատավարության ժամանակ: Ես առաջարկել եմ, որպեսզի իմ նախաքննական ցուցմունքները հրապարակվեն դատարանում»:
Ինչ վերաբերում է Ա. Սահակյանի կող մից ԱՄՆ-ից քաղաքական ապաստան խնդրելու լուրերին, երեկ նա կտրականապես հերքեց դրանք՝ հավելելով. «Ես Հայաստանից չեմ փախել: ԱՄՆ-ից քաղաքական ապաստան չեմ խնդրել: Ես ԱՄՆ-ում եմ գտնվում այս պահին տուրիստական վիզայով, բնականաբար, իմ այստեղ գտնվելն օրինական է: Այն որեւէ կապ չունի քաղաքականության, առավել եւս՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրի հետ»:
«Առավոտի» այն հարցին՝ արդյո՞ք այս ընթացքում AMGA հեռուստատեսությունից առաջարկ է ստացել կամ աշխատում է այնտեղ, Ա. Սահակյանն ասաց. «Ես չեմ աշխատում AMGA հեռուստատեսությունում: Որպես լրատվության մեջ որոշակի փորձ ունեցող մարդ, օգնում եմ հեռուստաընկերության ղեկավարներին, որոնք, ի դեպ, իմ ընկերներն են՝ «30 րոպե» նոր լրատվական ծրագրի ձեւավորման հարցերում: Ինչ վերաբերում է հեռուստաալիքին, այն անկախ հեռուստաալիք է, եւ այստեղ իրենց կարծիքը կարող են հայտնել ընդդիմադիր հայացքներ ունեցողները»:
Ա. Սահակյանն ասաց, որ հայաստանյան մամուլը հաճախ է իր մասին հերյուրանքներ տարածում՝ վկայակոչելով «լոսանջելեսյան աղբյուրներ» բառակապակցությունը: «Այդ աղբյուրները ստախոս, սադրիչ աղբյուրներ են, որոնց նպատակը կարելի է միայն կռահել»,- ասաց նա: