Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսուցիչը պետք է հագուկապով աչքի չընկնի

Փետրվար 17,2009 00:00

Որպեսզի աշակերտը ցանկանա ոչ թե արտաքինով, այլ հոգեւոր արժեքներով նրան նմանվել

«Հիմա դպրոցը մի պոդիում է դարձել, շատ աշակերտներ գալիս են ոչ թե սովորելու, այլ՝ իրենց զգեստապահարանը ցուցադրելու համար: Եթե երեխաների ուշքն ու միտքը հագուստն է, էլ ի՞նչ սովորելու մասին կարող է խոսք լինել: Իսկ բարձր դասարանի աշակերտներն իրենց հագուկապով չեն էլ տարբերվում ուսուցիչներից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ուսուցչուհի Ռուզան Գեւորգյանը:

Դպրոցում երեխայի սոցիալական վիճակի մասին հուշում է նրա հագուստը: Այսօր ազատ հագուստով դպրոց գնալը, հոգեբանների կարծիքով, շատ երեխաների հոգեկանի վրա խիստ բացասաբար է անդրադառնում:

Սոցիոլոգ-հոգեբան Մարիամ Դիլբանդյանի խոսքերով՝ «Մի դեպքում երեխայի մեջ ձեւավորվում է ինքնաթերագնահատման բարդույթ, եւ նա սկսում է իրեն ընկճված զգալ իրենից լավ հագնված համադասարանցու կողքին, նույնիսկ ատելություն զգալ նրա նկատմամբ, որը հետագայում կարող է ագրեսիայի պատճառ դառնալ: Իսկ մյուս խմբի երեխաների մեջ ձեւավորվում է ինքնագերագնահատման բարդույթ, որը եւս շատ վտանգավոր է»:

Ըստ հոգեբանի՝ դա ոչ միայն դպրոցի, այլեւ՝ մեր ողջ հասարակության խնդիրն է. «Նյութականն այսօր շատ մեծ դեր է կատարում մեր կյանքում, իսկ հոգեւորը գրեթե ամբողջությամբ մղվել է հետին պլան: Ամենեւին զարմանալի չէ, որ մեր դպրոցներում այսօր ոչ թե գիտելիքը կամ հոգեւոր արժեքները, այլ հագուստն է համարվում մրցակցության չափանիշ: Հատկապես դեռահասության շրջանում՝ 6-10-րդ դասարաններում, հագուստը շատ կարեւոր գործոն է դառնում: Երբ երեխաները սկսում են հասունանալ, տարբերվել իրենց սեռին հատուկ մարմնական առանձնահատկություններով, նրանք սկսում են ինքնարտահայտվել հագուստի միջոցով: Դա առավել ընդգծված է աղջիկների մոտ, եւ շատ դպրոցներում համազգեստի իսպառ բացակայությունը բերում է ծայրահեղության»:

Հոգեբանի կարծիքով՝ շատ բան կախված է հենց ուսուցիչներից. «Այս տարիքում երեխաների մոտ հաճախ վարքային մոդելների նույնականացում է կատարվում ուսուցչի հետ, եւ նրանք սկսում են կրկնօրինակել նրան թե արտաքին, թե ներքին առանձնահատկություններով: Եվ շատ կարեւոր է, որ ուսուցիչն իր հագուկապով շատ աչքի չընկնի, որպեսզի երեխան ցանկանա ոչ թե արտաքինով, այլ հոգեւոր արժեքներով նրան նմանվել»:

«Մեր դպրոցում պարտադիր հագնում ենք սպիտակ վերնաշապիկ եւ սեւ կիսաշրջազգեստ, սակայն դա մեզ այնքան էլ դուր չի գալիս: Բոլորս անհամբեր սպասում ենք աշնան վերջին, քանի որ այդ ժամանակ թույլատրում են ազատ հագուստով դպրոց հաճախել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 9-րդ դասարանցի Անահիտը:

10-րդ դասարանցի Լիլիթի կարծիքով էլ, համազգեստը շատ գեղեցիկ է, բայց ոչ այնքան արդիական. «Երբ նայում եմ մայրիկիս դպրոցական տարիների լուսանկարները, ինձ գրավում է նրանց համազգեստը՝ շագանակագույն զգեստ՝ սպիտակ գոգնոցով: Իհարկե, գեղեցիկ է, բայց կարծում եմ, որ եթե այժմ նման հագուստներ կրենք՝ այնքան էլ լավ տեսք չենք ունենա»:

Ըստ Մ. Դիլբանդյանի, այնքան էլ ճիշտ չէ, որ աշակերտները պարտադրված հագնեն կիսաշրջազգեստ, երբ դրանով իրենց բոլորովին հարմար եւ ինքնավստահ չեն զգում, բայց որոշակի չափանիշներ եւ կոնկրետ սահմանափակումներ, նրա կարծիքով, անհրաժեշտ են:

«Այսօրվա երեխան դժվար հասկանա, որ իր ծնողի համար դպրոցական համազգեստը արժեք է ներկայացրել: Այսօրվա դեռահասը այլ արժեհամակարգ ունի: Իսկ հագուստը ինքնարտահայտման ձեւերից մեկն է եւ շատ կարեւոր է: Նրանք իրենց օրվա մեծ մասն անցկացնում են դպրոցում, եւ շատերն ինքնադրսեւորվելու, ինքնահաստատվելու այլ վայր չունեն: Եվ եթե դպրոցում էլ չկարողանան դա անել, ապա ե՞րբ անեն: Ես-ի բացահայտումը պետք է տեղի ունենա ճիշտ ժամանակին: Դրա ոչ ճիշտ ընթացքն է պատճառը, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո՝ այնքան են շպարվում, որ դեմքը կորչում է, այնպիսի կոշիկներ են հագնում, որ չեն կարողանում քայլել: Իսկ դա բերում է տարիքային հետընթացի, որի առավելագույն դրսեւորումը մենք հիմա տեսնում ենք»,- ասում է հոգեբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել