Հայաստանի աֆղանական պատերազմի վերտերանների միավորման նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը կարեւորեց աֆղանական պատերազմի մասնակիցների, վետերանների ու զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը:
Ա. Մխիթարյանը հորդորում է աֆղանական պատերազմի մասնակիցներին պատշաճ ուշադրություն դարձնել:
«Մենք մեր պապերից ենք սովորել՝ ինչպես պետք է պայքարել թշնամու դեմ, հանուն հայրենիքի, եւ հայ մարտիկի առնական հոգին իրենցից փոխանցվել է մեզ: Սակայն մեր մատաղ սերունդն այսօր մեծանում է սերիալների ու էժանագին շոուների ազդեցության տակ: Մեր երիտասարդները, տեսնելով այդ ամենը, ու նաեւ՝ թե ինչ վիճակում է այսօր պատերազմի վետերանը, իրենք էլ ակամայից չեն ցանկանում գնալ բանակ: Պետք է ավելի շատ խոսել ազգային, պատմական արժեքների մասին եւ երիտասարդների մեջ հայրենասիրություն սերմանել»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի աֆղանական պատերազմի վետերանների միավորման նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը: Ըստ նրա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետբյուջեից $85 միլիարդ է հատկացրել իր վետերաններին. «Հասկանալի է, որ մեր պետությունը չի կարող մեծ գումարներ հատկացնել, քանի որ այդքան հնարավորություն չունի, բայց, այդուհանդերձ, պետք է պետական լուրջ աջակցություն»:
Արմեն Մխիթարյանը աֆղանական պատերազմի մասնակից է: Նախօրեին Հաղթանակի զբոսայգում աֆղանական պատերազմի մասնակիցների, վետերանների ու զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը պարոն Մխիթարյանը շատ կարեւոր քայլ համարեց. «Հիմա խիղճս հանգիստ է: Դեռ 1987 թվականներից էր որոշված հուշակոթող տեղադրել, սակայն այն ժամանակ Թոխմախ լճի մերձակայքում էր տեղ հատկացվել: Բայց հետո սկսվեց արցախյան պատերազմը, ու հուշարձանի տեղադրումը ձգձգվեց: Հաղթանակի այգին այդ հուշարձանի ճիշտ տեղն է: Այժմ արդեն ավանդույթ է դարձել. այդ պատերազմի մասնակիցների հարազատները, որդիները ամեն առիթով՝ լինի հարսանիք, թե տխուր առիթ, անպայման այցելում են հուշարձան եւ ծաղկեպսակ դնում, այսպիսով հարգելով այդ մարդկանց հիշատակը»:
Ա. Մխիթարյանի ներկայացմամբ՝ աֆղանական պատերազմի ժամանակ Հայաստանը 86 զոհ է ունեցել, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանից զորակոչվել է 3700 զինվոր եւ 400 սպա: Պարոն Մխիթարյանի խոսքերով, իրենց տղաները մասնակցել են նաեւ արցախյան պատերազմին: Այդ ժամանակ էլ Արցախում մոտ 160 աֆղանական պատերազմի մասնակից է զոհվել. «Մեր տղաների մեծ մասը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին: Նրանցից շատերը մեծ ավանդ ունեն հայկական բանակաշինության գործում»:
Շուրջ 30 տարի հետո, անդրադառնալով այդ պատերազմին, պարոն Մխիթարյանն ասաց. «Այսօր մոտ 38 երկիր տեղակայված զորքեր ունի Աֆղանստանում, իսկ աշխարհում հերոինի մոտ 90%-ը մատակարարվում է հենց այդ երկրից: Սակայն, երբ սովետական զորքն էր այնտեղ, թմրանյութերի արտահոսքը մոտ 3% էր կազմում: Այսօր էլ հաճախ բանավեճեր են լինում, թե պատերազմում ով հաղթեց: Ճիշտ է, քաղաքական գործիչներն են ընտրում՝ որտեղ պատերազմել, բայց զինվորն ու սպան ամեն ինչ արել են ու պատվով են դուրս եկել»:
Պարոն Մխիթարյանի խոսքերով՝ աֆղանական պատերազմի վետերանների միավորումը ամեն կերպ փորձում է աջակցել միության անդամներին, վետերաններին, քանի որ պետբյուջեն ի վիճակի չէ ավելի շատ աջակցելու. «Զովածների ընտանիքի անդամներին գումարային աջակցություն ենք տրամադրում կամ միավորման անդամներին առողջարանների ուղեգրեր ենք տալիս եւ այլն: Բայց կան տղաներ, որ, բացի աֆղանականից, արցախյան պատերազմն էլ են անցել, սակայն այսօր գործազուրկ են: Նրանց աշխատանքի տեղավորելն առաջնային խնդիրներից է»: