Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԻԿ ՎԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ

Փետրվար 17,2009 00:00

Սյունիքի մարզում հետազոտված 206 գյուղացիներից 31-ի մոտ հայտնաբերվել է բրուցելոզի վարակը, որը փոխանցվել է հիվանդ անասունի միսն օգտագործելու եւ կենդանու հետ շփման հետեւանքով:

\"\"
Ծղուկի գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանի խոսքերով`
բրուցելոզը պատուհաս է գյուղի համար:

\"\"
Մեր լուսանկարելուց հետո, գյուղացիները պատրաստվում էին
սպանդի ենթարկել բրուցելոզով վարակված այս անասուններին:

Սյունիքի մարզի անասունների շրջանում տարածված բրուցելոզ հիվանդությունն արդեն փոխանցվել է մարդկանց: Մասնավորապես՝ մարզի Ծղուկ գյուղում, որտեղից էլ սկսվել է հիվանդության տարածումը, արդեն վարակվել է մի քանի տասնյակ մարդ: Վտանգ կա, որ հիվանդությունը կտարածվի նաեւ հարեւան գյուղերում, ինչն էլ մարզում խուճապ է առաջացրել: «Առավոտի» հետ զրույցում մարդկանց բրուցելոզով հիվանդանալու փաստը հաստատեց նաեւ Ծղուկի գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանը: Ըստ նրա՝ արդեն հետազոտվել է հիվանդության մեջ կասկածվող ավելի քան 210 գյուղացի: Գյուղում շրջանառվում են լուրեր, որ գյուղապետը նույնպես վարակված է բրուցելոզով, սակայն մեզ հետ զրույցում Մ. Ամիրջանյանն ասաց, որ ինքը հիվանդ չէ:

Մարզի գյուղացիները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, որը նրանց ապրուստի միջոցն է, իսկ հարյուրավոր անասունների հարկադիր ոչնչացումը գյուղացիների համար պարզապես ողբերգություն է: Նշենք, որ անասունների մոտ հիվանդության նշանները ի հայտ են եկել դեռեւս նախորդ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին, սակայն Սյունիքի մարզպետարանն ու անասնաբուժական տեսչությունը ոչ միայն չեն կանխել հիվանդության հետագա զարգացումը, այլեւ հակառակը՝ հանգստացրել են մարդկանց, թե հիվանդությունը վտանգավոր չէ, եւ խուճապահար լինելու պատճառ չկա: Վերջին երկու տարիներին Ծղուկում սպանդի է ենթարկվել 660 գլխից ավելի խոշոր եղջերավոր անասուն:

«Առավոտը» զրուցեց նաեւ Ծղուկի բուժքույր Լյուդմիլա Հակոբյանի հետ: Նրա խոսքերով. «Սկզբնական շրջանում 206 գյուղացի է հետազոտվել, որից 31-ի մոտ հայտնաբերվել է բրուցելոզի վարակը: Դրանից հետո կրկնակի ստուգում է արվել, եւ այս պահին հիվանդության առկայությունը հաստատվել է 15 մարդու մոտ: Ինֆեկցիոն բժիշկը տնային պայմաններում բուժում է հիվանդներին, եւ նրանց դեղորայք է նշանակված: Բրուցելոզով վարակվել են տարիքով մեծ մարդիկ, բարեբախտաբար, հիվանդների մեջ երեխաներ չկան»:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում տարածված բրուցելոզի վերաբերյալ օրեր առաջ անասնաբույժ Հովիկ Չիթիրյանը «Առավոտին» տեղեկացրել էր, որ հիվանդության վիրուսը անասուններից հեշտությամբ կարող է փոխանցվել մարդուն: Հ. Չիթիրյանի ներկայացմամբ՝ բրուցելոզը մարդկանց համար խիստ վտանգավոր հիվանդություն է, այն չի բուժվում եւ, դառնալով խրոնիկ, հիվանդին անհանգստացնում է ողջ կյանքի ընթացքում: Սրան ի պատասխան՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը մեզ հետ զրույցում ասաց, թե պարզապես անհնար է, որ մարդը խոշոր եղջերավոր անասուններից վարակվի բրուցելոզով, դեռ ավելին, նա նշեց, որ Հայաստանում նման դեպք երբեւէ չի արձանագրվել. «Հիվանդ անասունների միսը վտանգ չի ներկայացնում մարդու համար: Մսի մեջ վարակ, մանրէ չկա, վարակը արյան մեջ է լինում, իսկ միսը արնաքամ է լինում ու ախտահանվում»:

Նշենք, որ մարդկանց բրուցելոզով հիվանդանալու առաջին նշաններն են՝ բարձր ջերմությունը, ուժեղ հոդացավերը, սուր քրտնարտադրությունը, ուսերի ցավը: Հիվանդությունը տղամարդկանց մոտ առաջացնում է ամորձիների, իսկ կանանց մոտ՝ սեռական օրգանների բորբոքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել