Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարունակում են լափել անտառը

Փետրվար 17,2009 00:00

Ու չկա մեկը, որ փակի լափողի բերանն ու բռնի անտառը ոչնչացնողի ձեռքը

\"\"\"\"
Գողոնը տեղափոխվում է առանց համարանիշի բեռնատարներով:

«Չորրորդ իշխանություն» թերթի մեր գործընկերները արդեն մի քանի ամիս է, ինչ նախանձելի հետեւողականությամբ հետաքննում են Դսեղի եւ Լալվարի անտառներում իրականացվող վայրենի ու ապօրինի ծառահատումները, որոնք իրականացվում են պատկան մարմինների՝ ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների լռելյայն համաձայնությամբ եւ «Հայանտառ» պետական ընկերության ու դրա տնօրեն, դաշնակցական գործիչ Մարտուն Մաթեւոսյանի գլխավորությամբ: Որքան զարհուրելի են Դսեղի անտառտնտեսության Ջարդուտ, Ճգնավորի Էր, Ճգնավորի Թալա, Մոշուտ Մատ, Արփաթալա, Բերձենի հողեր, Աթանի Ղաշ, Տանձուտ-Խոտհարք, Ժանգառլու, նաեւ Նորհաս եւ Գյուղատեղ-Խոտհարք, Մեծ Չալա, Ահնիձոր, Աթան եւ Լորուտ, Տանձուտ-Խոտհարք, Ահնիձորի Չարդախլու, Գյուղատեղ-Խոտհարք, Մեծ Չալա, Հաղպատ, Ծաղկաշատ Ջիլիզա եւ բազմաթիվ այլ հանդամասերի անտառներում տեղի ունեցած եւ շարունակվող անտառոչնչացման տեսարաններն ու դրանց նկարագրությունը, այնքան տարակուսելի է այդ հանցագործության նկատմամբ հայրենի իշխանությունների համառ անտարբերությունը: 2008թ. նոյեմբերից մինչեւ երեկ ՀՀ իշխանությունների միակ արձագանքն այն է, թե՝ «ՉԻ»-ի փաստական հարուստ տվյալներ պարունակող հրապարակումներն, իբր, ուսումնասիրվում են տեղում, ու մեկ էլ, որ Դսեղի անտառների կոտորածի հեղինակներից մեկը՝ անտառտնտեսության պետ Արմեն Այդինյանը, պաշտոնանկ է արվել: Իսկ ովքե՞ր են ուսումնասիրում «տեղում». հենց իրենք՝ «սանիտարական հատումներ» անմեղ անվան տակ հեկտարներով անտառ ոչնչացնողներն ու դրանից ստացվող հսկայական եկամուտներում իրենց փայն ունեցող «Հայանտառը», ՀՅԴ-ի պրոտեժե, «Ավշար» ընկերության սեփականատեր Արամայիս Գրիգորյանի գլխավորած գյուղնախարարության անտառների մոնիտորինգ իրականացնող կառույցը, բնապահպանության նախարարության վերահսկողական տեսչությունը, Լոռու մարզպետարանը եւ էլի ինչ-որ մարդիկ կամ կառույցներ: Հիմա մեզ կմեղադրեն, թե մերկապարանոց հայտարարություններ ենք անում, «խեղճ» նախարարներին զրպարտում ենք… Բայց այլ եզրակացության համար մեզ ծանրակշիռ եւ կոնկրետ փաստեր են պետք, որ հիշյալ գերատեսչությունները հետեւողական են ապօրինի ծառահատումները կանխելու գործում, որ ավարտել են ուսումնասիրություններն ու ի հայտ են բերել, օրինակ՝ Դսեղի ու Լալվարի անտառները ոչնչացման եզրին հասցրած հանցավոր խմբի բոլոր անդամներին, պարագլուխներին, որ վերջիններս ոչ միայն պաշտոնանկ են արվել, այլեւ ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Անվիճելի է, որ հիշյալ գերատեսչությունները չտեսնելու են տալիս, որ հենց «Հայանտառում» Լոռվա անտառները ոչնչացնելու համար շատ կուռ աշխատող ենթակառուցվածք է ձեւավորվել նաեւ անտառապետերի գլխավորությամբ, որ ապօրինի ծառահատում-տեղափոխում, վերամշակում-վաճառք օղակում ներգրավված են ինչպես հարակից գյուղերի՝ Ահնիձոր, Աթան եւ Լորուտ, այնպես էլ Վրաստանի՝ ՀՀ-ին սահմանամերձ գյուղերի բնակիչներ, որոնք օգնում են հանցագործներին տեղափոխել հատված փայտանյութը: Ու չկա մեկը, որ փորձի փակել առողջ ծառը որպես արդյունաբերական փայտ երկրից հանող մեքենաների ճանապարհը:

«Հայանտառի» տնօրենը կարող է պնդել, թե ծառահատումները բացառապես «սանիտարական», «անտառմաքրման» կամ «անտառվերականգնման» նպատակ ունեն: Բայց փաստ է, որ այդ նպատակներով հատվող ծառերն, ըստ մասնագետների, պետք է կազմեն տարեկան ընդամենը 10-15 հազար խմ, իսկ իրականում «սանիտարական հատում» անվան տակ անգամ պաշտոնապես ներկայացվում է տարեկան մոտ 100 հազար խմ ցուցանիշ, ինչն արդեն վկայում է, որ ծառահատումներն ամենեւին էլ սանիտարական նպատակներով չեն իրականացվում: Կան փաստեր, որ Լոռվա անտառներում «սանիտարական հատում» անվան տակ ոչնչացվում են ոչ թե բոխի կամ հացենի, այլ հաճարենի, կաղնի, որոնց 1 խմ-ն դեռ 2007թ.-ին արժեր $800-1000: Այդ շինափայտի մի մասն, ըստ մեր աղբյուրների, վերամշակվում է ՀՀ-ում, ապա արտահանվում է երկրից եւ վերադառնում՝ որպես պատրաստի արտադրանք:

Ասում են՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն էլ է որոշել «հնձվող» անտառներում սեփական հետաքննությունն անել: Որեւէ իրական հետաքննություն կարող է մի քանի հատորանոց եւ հաստափոր քրեական գործի նյութ դառնալ: Հիմա խնդիրը ոչ միայն ապօրինի ծառահատման կազմակերպիչներին ճաղերի ետեւում տեսնելն է, այլեւ, նախեւառաջ, Լոռվա հրաշք անտառները ոչնչացումից փրկելը, որն, ի դեպ, ոչ միայն իշխանությունների կամ բնապահպանական հարցերով զբաղվող եւ դրա համար նաեւ միջազգային ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների, այլեւ ողջ հասարակության խնդիրն է: Թե չէ՝ սպասել, թե գողը կամ հանցագործն ինքն իր ձեռքը կբռնի, միամտություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել