Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիմեցին ՀՀ ոստիկանապետին

Փետրվար 17,2009 00:00

Մարտի 1-ին Երեւանում հանրահավաք կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես եկած «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, նույն կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ ոստիկանապետին՝ տեղեկացնելով, որ այդ օրը նշանակված հանրահավաքը, հակառակ քաղաքապետարանի կողմից հարուցվող արգելքների, այնուամենայնիվ, տեղի է ունենալու:

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ուղղված նամակում Ա. Զեյնալյանը տեղեկացրել է, որ սույն թվականի փետրվարի 9-ին թիվ 010 գրությամբ ինքը Երեւանի քաղաքապետին իրազեկել է մարտի 1-ին կազմակերպվելիք զանգվածային հրապարակային միջոցառման մասին: Բայց քանի որ, հակառակ գործող օրենքի, քաղաքապետարանը սահմանված ժամկետում՝ իրազեկումը ստանալու պահից 72 ժամվա ընթացքում իրենց տեղյակ չի պահել իրազեկման քննարկման արդյունքների մասին, ապա դա նշանակում է, որ իր վստահորդը, տվյալ դեպքում՝ Արամ Սարգսյանը, իրավունք է ստացել իրականացնելու զանգվածային հրապարակային միջոցառումը՝ իրազեկման պայմաններով: Այն է՝ մարտի 1-ին, 14:00-20:00-ը, Մատենադարանին հարող տարածքում անցկացնելու է զանգվածային հրապարակային միջոցառում, որը մեկնարկելու է հանրահավաքով եւ ավարտվելու է երթով՝ Մատենադարանին հարող տարածք-Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոց-Իտալիայի փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Տերյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով: Ա. Զեյնալյանը նաեւ մանրամասնել էր, որ միջոցառման նպատակը 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելն է, որ այդ օրը հանրահավաքից հետո մասնակիցները ծաղկեպսակ են դնելու Մյասնիկյանի արձանի հարթակին՝ ի հիշատակ մեկ տարի առաջ սպանված 10 զոհերի: «Խնդրում եմ զանգվածային լրատվության միջոցներով (առավել արդյունավետ են էլեկտրոնային ԶԼՄ-ները) տարածել վարորդներին ուղղված տեղեկատվություն՝ կայանալիք երթի երթուղու եւ ժամանակացույցի վերաբերյալ, ինչպես նաեւ Ձեր հանձնարարականը՝ ուղղված համապատասխան պաշտոնատար անձանց, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրենց պարտականությունները կատարելուն»,- կանխավ շնորհակալությամբ ՀՀ ոստիկանապետին դիմել է Արտակ Զեյնալյանը:

Ի դեպ, նամակի կրկնօրինակները, որպես ի գիտություն, փոխանցվել են նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, Միջազգային կազմակերպություններին եւ դիվանագիտական ներկայացուցչություններին, ԶԼՄ-ներին ու քաղաքապետ Երվանդ Զախարյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել