Արամ Կարապետյանը չի մեկնաբանում ընդդիմադիրների հայտարարությունները
«Այս շոուներով եւ բեմադրությամբ մարդկանց ուղեղներն են լվանում: Եթե այդ հանձնաժողովում (խոսքը մարտյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի մասին է- Ն. Գ.) կան ՀՀ քաղաքացիներ, պետք է օր առաջ հրաժարվեն: Դա խարան է նրանց ճակատներին: Լինելով հանձնաժողովի անդամ՝ նրանք մասնակցում են իշխանությունների բեմադրությանը, որտեղ իրենք ընդամենը անկարող դերասաններ են: Չեն էլ կարողանում մինչեւ վերջ խաղալ իրենց դերը: Ստիպված են լինում նույնիսկ բացահայտումներ անել, որի վառ ապացույցը վիրավորների հստակ թվի բացակայությունն է: Ամեն գերատեսչություն մի թիվ էր ասում, որովհետեւ սուտը հնարավոր չէր համաձայնեցնել բոլորի հետ»,- երեկ նման կարծիք հայտնեց ՍԴՀԿ ԿՎ անդամ, նախկին բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանը: «Առավոտի» դիտարկմանը, որ նշյալ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը՝ ի դեմս Արամ Կարապետյանի, իսկ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում Գուրգեն Եղիազարյանը կուսակցության ցուցակում երկրորդ պատվավոր հորիզոնականում էր, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Ես ընդամենը եղել եմ ցուցակում: Ես կուսակցության անդամ չեմ եղել: Այդ հարցն էլ չեմ մեկնաբանում»:
ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանն «Առավոտի» խնդրանքով այսպես արձագանքեց Գուրգեն Եղիազարյանին. «Մենք չենք մեկնաբանում որեւէ մեկի ասածը, առավել եւս՝ մեր ընդդիմադիր լավագույն գործիչներից մեկի: Դա իր կարծիքն է»: Իսկ Արամ Կարապետյանի կարծիքը խորհրդարանական հանձնաժողովի մասին այսպիսին է. «Այն լուրջ տեղ կարող է դառնալ ճշմարտությունը պարզաբանելու համար: Կարող է եւ չդառնալ: Աշխատանքը բավականին հետաքրքիր առաջ է գնում, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որ ճշմարտությունը բացահայտվի: Մինչ հանձնաժողովի գոյությունը՝ ոչ ոք չէր խոսում այն մասին, որ դիմահար կրակոցներ են եղել, որ դիպուկահար է եղել, որ Հայկ Հարությունյանը հրամաններ է արձակել: Ուրախ եմ, որ ՀԱԿ-ը, որի մի մասնիկն է Գուրգեն Եղիազարյանը, որոշեց մասնակցել Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված փաստահավաք խմբի աշխատանքներին: Ի դեպ, խորհրդարանական հանձնաժողովն իր կարգավիճակով ավելի բարձր է. եթե նրանում կան, սրան ինչո՞ւ են դեմ»:
Գուրգեն Եղիազարյանը մտածում է, որ «եթե հատուկ քննչական խումբն ի սկզբանե իր գործունեությունը սկսեր ՀՀ օրենսդրության շրջանակներում՝ մարդասպանները, զենք կիրառողները մեկ ամսվա ընթացքում բացահայտված կլինեին: Մարդասպաններն իրենք էին: Պետք էր ներգրավել մեզ, սակայն ոչ մի կերպ չի ստացվում: Այս ամենը մեկ բնութագրում ունի՝ կապիկություն: Գործը վաղուց բացահայտված է. հրաման տվողներն էլ, կատարողներն էլ պարզ են: Ուղղակի մարդկանց ուղեղները լվանալու համար այդ հանձնաժողով կոչվածը հրավիրում է սրան-նրան, թեթեւակի հարցեր են տալիս, որն անհետեւանք անցնում-գնում է: Մինչդեռ, սկսած Գագիկ Ջհանգիրյանի վրա մահափորձից, փետրվարի 24-ին Սմբատ Այվազյանին կեղծ մեղադրանքով ձերբակալելուց՝ մարտի 1-ը ծրագրված էր»: Ի հավաստումն ասվածի՝ մեր զրուցակիցը հիշեցնում է 2008-ի փետրվարի 26-ի ձերբակալությունների շղթան, երբ ընդդիմադիր բազմաթիվ լիդերներ բերման ենթարկվեցին եւ ոստիկանությունում ու ԱԱԾ-ում անօրինական կերպով պահվեցին 10-12 ժամ՝ «ձեռնաշղթաներով, խուզարկություններով եւ այլ մեյմունություններով»:
Անդրադառնալով ՌԴ ՆԳ փորձագիտական կենտրոնից ստացված դատաձգաբանական փորձագիտության արդյունքներին, որոնք Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը ներկայացրել է ԱԺ հանձնաժողովի ուրբաթ օրը կայացած նիստում, Գուրգեն Եղիազարյանը նախ տարակուսում է, թե ինչո՞ւ է փորձաքննությունն իրականացվել այդքան ուշ, եւ ովքե՞ր են պատասխան տալու դրա համար. «Քննչական խումբը միտումնավոր թաքցրել է հանրությունից ամենը, քանի որ գործը միտված էր նրան, որպեսզի մենք դատապարտվեինք, այդ իսկ պատճառով էլ 225 հոդվածով՝ մասսայական անկարգություններ, որոնք ուղղորդվել են սպանություններով, մեր դեմ գործեր հարուցվեցին: Արդյոք ոստիկանության համակարգում չկա՞ն պատասխանատուներ, ովքե՞ր են եղել տվյալ զինվորի կամ սպայի հրամանատարները, ո՞ւմ ձեռքին է եղել «Չերյոմուխա 7»-ը: Ո՞ւմ կարգադրությունն է կատարվել: Եղե՞լ է ծառայողական քննություն, եւ ո՞ւր են արդյունքները: Որեւէ մեկը հեռացվե՞լ է համակարգից՝ հին հատուկ միջոց կիրառելով մահ պատճառելու համար, կամ գոնե կարգապահական տույժի ենթարկվե՞լ է մեկը. ի վերջո՝ 10 դիակ կա: Այդպիսիք չկան, քանի որ իրենք են ուղղորդել: Խաղաղ ցուցարարների դիմաց կանգնած ոստիկանները նույնպես հանցագործ համակարգի զոհ են: Նրանք վաղ թե ուշ պատժվելու են, բայց կլանը հիմա իրավունք չունի ոստիկանին նույնիսկ նկատողություն հայտարարելու, քանզի դեռ հանրահավաքներ են լինելու, եւ նրանց էլի պետք է օգտագործեն: Օգտագործվողները չեն հասկանում, որ վերջում իրենց են նստեցնելու, քանի որ խաղալիք են դարձել չընտրված նախագահի ձեռքում»: