Մասնագիտությամբ՝ քարտեզագիր, հոգով՝ նկարիչ
Քարտեզագիր Ռուբեն Աթոյանի հեղինակած քարտեզների մասին լեգենդներ են պատմում: Քարտեզագիրը համատեղել է հոբին՝ նկարչությունը եւ մասնագիտությունը՝ քարտեզագրությունը ու դարձել եզակի մասնագետ՝ քաղաքները թռչնի թռիչքի բարձրությունից նկարող վարպետ՝ համայնապատկերային նկարիչ: Նման վարպետները Եվրոպայում եզակի են: Երկար տարիներ Երեւանում ապրած եւ աշխատած Ռուբեն Աթոյանը այժմ ապրում է Մինսկում, համագործակցում մի շարք հրատարակչությունների հետ:
Համայնապատկերային նկարչությունը հին արմատներ ունի: Հայտնի է, որ Լեոնարդո դա Վինչին հեղինակել է ներկայիս Իտալիայի առանձին մի շրջանի համայնապատկերը: Ժամանակի հետ արվեստի այս ճյուղը սկսել է մահանալ, իր տեղը զիջելով տիեզերական լուսանկարչությանը, բայց հիմա կարծես վերածնվում է: Ռուբեն Աթոյանը ավելի քան 80 նման քարտեզ՝ եռաչափ նկարներ է հեղինակել: Քաղաքներ՝ ըստ փողոցների, տների, այգիների ու ծառերի: Ռուբեն Աթոյանի ձեռքի աշխատանքներն են Սիցիլիայի, Կիպրոսի, Վենետիկի, Բեռլինի, Ցյուրիխի, Վարշավայի, Գդանսկի, Կրակովի, Վիլնյուսի, Մոսկվայի, Մինսկի, Երեւանի քարտեզները: Ի դեպ, Հռոմի պապ՝ ազգությամբ լեհ Հովհաննես Պողոս Երկրորդը իր հայրենի քաղաք Գդանսկում տեսել եւ այնքան է հավանել Ռուբեն Աթոյանի հեղինակած քաղաքի համայնապատկեր- նկարը, որ այն իր հետ տարել է Վատիկան, եւ նկարն այժմ ընդգրկված է իր կենսագրությունը ամփոփող գրքում:
Ռուբեն Աթոյանի նկարներում անգամ փոքր անճշտություն չկա: Նկարում շատ փոքր չափերով պատկերված տների լուսամուտների քանակը կամ քարերի դասավորությունը համապատասխանում են իրականությանը: Նույն Գդանսկի քաղաքապետը, համեմատելով նկարը եւ քաղաքը, զարմացել էր, որ նկարում պատկերված է անգամ իր տան մատույցներում աճող փոքրիկ ծառը: Այս առթիվ Ռուբեն Աթոյանը նկատում է. «Ես չգիտեի, թե որտեղ է ապրում քաղաքապետը եւ փոքրիկ դետալները նկարել եմ ոչ թե հատուկ իր համար, այլ որքան ճիշտ՝ այնքան հուսալի եւ արժանահավատ: Երբ ես լեհական Մալբորկ քաղաքի գոթական ամրոցին էի հասել, նկարելուց առաջ հաշվեցի, թե քանի աղյուսով է կառուցվել գմբեթը: Ես աշխատում եմ ցույց տալ անգամ ծառի տեսակը: Եթե կեչի է, ուրեմն այդտեղ հենց կեչի էլ աճում է»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային համակարգերի ժամանակաշրջան 21-րդ դարում Ռուբեն Աթոյանը համակարգիչ չի օգտագործում, ամեն ինչ նկարում է ձեռքով: Ի դեպ, վարպետը հավասարապես լավ է աշխատում եւ աջ, եւ ձախ ձեռքերով, ձախով նկարում է, աջով՝ գրում: