Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 14,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ քսաներկուերորդ

ՋՈՒՐ ԾԱԽՈՂՆԵՐԸ

Եվ ես ժպտալով Կարոյին ասացի՝ «սրանից հետո պարզ կգրեմ», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ ի՞նչ կա. ազատ մարդ ես՝ կուզես պարզ կգրես, չես ուզի՝ չես գրի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ պես ափալթափալ չամուսնացար ու լծի տակ չմտար», եւ ես հարցրի՝ «ի՞նչ լուծ», եւ Կարոն հոգոց հանելով ասաց՝ «ընտանիքը տեղով մեկ լուծ ա», եւ ես ասացի՝ «նայած ընտանիք», եւ Կարոն ասաց՝ «ծախսերի տակ ուղղակի ճկռում ես», եւ ես ասացի՝ «մեկ շուտ բանակ գնացողը չի փոշմանում, մեկ էլ՝ շուտ ամուսնացողը», եւ Կարոն հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ժողովուրդը», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «ես, փաստորեն, առանց իմանալու՝ ժողովրդի էրկու ասածն էլ կատարել եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրեմն, չպիտի փոշմանես», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փոշմանելը չեմ փոշմանում, բայց մեկ-մեկ չեմ դիմանում», եւ ես հարցրի՝ «ինչի՞ն չես դիմանում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատասխանատվությանը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենմենակ, փաստորեն, չորս հոգու պատասխանատվություն եմ կրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հորնումորս չեմ հաշվում. իրանք իրանց թոշակով յոլա են գնում ու մի բան էլ էրեխեքին շորմոր են առնում», եւ ես հարցրի՝ «կինդ չի աշխատո՞ւմ», եւ Կարոն զարմացած ասաց՝ «էրկու մանր էրեխեքով ո՞նց կարա աշխատի», եւ ես ասացի՝ «շուտ թե ուշ՝ սաղս էլ էդ հոգսերի տակ մտնելու ենք», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չմտնելն էլ մի բան չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մարդ որ հոգս չի ունենում, պարապությունից սկսում ա բանաստեղծություն գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «բանաստեղծություն գրելն էլ ա հոգս», եւ Կարոն հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ա հոգս», եւ ես ասացի՝ «մտածում ես՝ ինչի՞ մասին գրես, հետո մտածում ես՝ որտե՞ղ գրածդ տպես» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «տպելուց հետո էլ մարդիկ կարդում ու անուն են կպցնում», եւ Կարոն հարցրեց՝ «ո՞նց են անուն կպցնում», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «ասում են՝ բարդ ես գրում», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, ավելորդ պրոբլեմներ եք ստեղծում՝ համ ձե՛ր համար, համ էլ՝ կարդացողի» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «քեզ ուրիշներն էլ ե՞ն ըտենց բան ասել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ բան», եւ Կարոն ասաց՝ «ուրիշներն էլ ե՞ն ասել, որ բարդ ես գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «չէ. դու առաջինն ես» եւ ծիծաղելով ավելացրի՝ «ընդհակառակը. ուրիշներն ասում են, որ շատ պարզ եմ գրում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետաքրքիր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «կարող ա՞ ես եմ անհասկացող», եւ ես ժպտալով ասացի՝ «որ անհասկացող ըլնեիր՝ Սեւակի գրածներն էլ չէիր հասկանա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սեւակի գրածները չհասկանալ հնարավոր չի. պիտի լրիվ դեբիլ ըլնես, որ իրա գրածները չհասկանաս» եւ մի քիչ դադար տվեց ու արտասանեց՝ «մարդ կա՝ հելել ա շալակն աշխարհի, մարդ էլ կա՝ աշխարհն ա շալակած տանում» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդը իրա մտքինը պարզ ու հասկանալի ձեւով ասում ա», եւ ես ասացի՝ «մի վախտ էլ Սեւակի մասին էին ասում, թե՝ բարդ ա գրում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պիտի լրիվ դեբիլ ըլնես, որ իրա մասին ըտենց բան ասես», եւ ես ժպտալով ասացի՝ «սրանից հետո պարզ կգրեմ» եւ մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «չգիտեի, որ գրածներս կարդում ես», եւ Կարոն զարմացած ասաց՝ «ո՞նց կարամ հազար տարվա ընկերոջս գրածը չկարդամ», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրիշներն ավելի բարդ են գրում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ. ուրիշների գրածները չեմ կարդում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «միշտ էլ «Գարունը» կարդում եմ, բայց մեջի բանաստեղծությունները չեմ կարդում», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց Սեւակի բանաստեղծությունները կարդացել ես», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սեւակի բանաստեղծությունները չկարդացած մարդը չի կարա իրան կրթված մարդ համարի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հատկապես իրա դուխն եմ սիրում. ինքն էս կյանքի ու էս պետության մասին մենակ ճիշտն ա գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզվում ա՝ ահագին պոեզիա ես հասկանում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Շիրազն էլ ա դուխով ու ճիշտը գրում, բայց Սեւակինը լրիվ նորություն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «դու պիտի գրականագետ դառած ըլնեիր», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «էս երկրին տնտեսագետներն ավելի են պետք» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ճիշտ ա, փողով եմ թվանշան ստանում, բայց էդ մասին մենակ էրկուսս գիտենք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մեկ էլ՝ կոմսոմոլի քարտուղարը», եւ Կարոն լրջանալով ասաց՝ «խոստացար, որ էդ մասին ոչ մի տեղ չես խոսալու», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդ թեման դո՛ւ նորից բացեցիր» եւ ծիծաղելով ավելացրի՝ «որ իսկական բանաստեղծ ըլնեի՝ էդ թեմայով մի հատ շատ ուժեղ բանաստեղծություն կգրեի», եւ Կարոն ժպտալով հարցրեց՝ «բայց չես գրի, չէ՞», եւ ես ասացի՝ «որ Սեւակի վախտ փողով թվանշան ստանային, ինքը հաստատ էդ թեմայով բանաստեղծություն կգրեր», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «դու որ էդ թեմայով գրես՝ էնքան բարդ կգրես, որ մարդ բան չի հասկանա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդ պատմությունը մեր մեջ կմնա, Կարո ջան», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «չեմ էլ կասկածում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չնայած… ի՞նչ իմանաս… վերջերս շատ ես փոխվել», եւ ես հարցրի՝ «ո՞նց եմ փոխվել», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «դեպի լավը», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «առաջ մի բակալ պիվա խմում ու փախնում էիր, բայց հիմի երկրորդ բակալն ես վերջացնում», եւ ես ժպտալով ասացի՝ «էսօր հաստատ քեզնից հետ չեմ մնա», եւ Կարոն ժպտալով հարցրեց՝ «էդ ինչի՞ց ա», եւ ես ժպտալով ասացի՝ «էսօր իմ համար էլ ա հաջող օր», եւ Կարոն ծիծաղելով հարցրեց՝ «կարող ա՞ դու էլ ես փողով թվանշան ստացել», եւ ես Կարոյին ասացի՝ «երկար պատմություն ա», եւ Կարոն հարցրեց՝ «ի՞նչ պատմություն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «սրանից հետո ստիպված պարզ եմ գրելու», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «էդ էր պակաս, որ սրանից հետո էլ պարզ չգրեիր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հազար տարվա ընկերդ հազարից մեկ մի բան ա խնդրում. կարող ա՞ չանես», եւ ես ասացի՝ «պարզ գրելու ուրիշ պատճառ էլ ունեմ», եւ Կարոն հարցրեց՝ «ի՞նչ պատճառ», եւ ես իմ ու Կարոյի դատարկ գավաթները սեղանից վերցնելով ու տեղիցս վեր կենալով ասացի՝ «հիմի պիվեքը կբերեմ՝ կասեմ», եւ երբ չորս գավաթները լցնելով ու վճարելով վերադարձա, Կարոն ժպտալով ասաց՝ «էս բանաստեղծներից ամեն ինչ սպասելի ա», եւ ես գավաթները սեղանին դնելով հարցրի՝ «ի՞նչ ա սպասելի», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «կյանքումս նեմեցկի շչոտով խմած չկայի», եւ ես հարցրի՝ «պարտադիր ա՞, որ միշտ մեկը փողը տա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ ա պատահել, որ ամեն մեկս մի քանի բակալ բերել ա» եւ ժպտալով ավելացրեց՝ «բայց հեչ չի պատահել, որ գլխանց նեմեցկի շչոտ պայմանավորվենք», եւ ես ժպտալով ասացի՝ «հաշվի, որ գլխանց չենք պայմանավորվել», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «արդեն պայմանավորվել ենք» եւ ժպտալով ավելացրեց՝ «ոչ մի անգամ նախօրոք պայմանավորված չկայի», եւ ես ասացի՝ «ինձ էլ ոչ մի անգամ չէին ասել, որ բարդ եմ գրում», եւ Կարոն զարմացած հարցրեց՝ «քեզ ըտենց բան ասող չի էղե՞լ», եւ ես ասացի՝ «հակառակը ասող էղել ա», եւ Կարոն հարցրեց՝ «հակառակը ո՞րն ա», եւ ես ասացի՝ «ասել են, որ չափից ավելի պարզ եմ գրում. նույնիսկ ասել են, որ պարզունակ եմ գրում», եւ Կարոն հարցրեց՝ «պարզունակը ո՞րն ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ իմանայի պարզունակը որն ա, պարզունակ չէի գրի», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես որպես հին ընկեր՝ քեզ իմ անձնական կարծիքս ասեցի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թե նեղանում ես՝ էլ չեմ ասի», եւ ես ժպտալով ասացի՝ «դու էն քիչ մարդկանցից ես, որոնց կարծիքը չեմ կարա հաշվի չառնեմ», եւ Կարոն ասաց՝ «ինձնից հասնում էր իմ կարծիքն ասեմ՝ ասեցի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հաշվի առնելն ու հաշվի չառնելը քո իրավունքն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ուզեմ չուզեմ՝ սրանից հետո պարզ եմ գրելու», եւ Կարոն հարցրեց՝ «իմ ասելուց հետո՞», եւ ես ասացի՝ «նախքան քո ասելն էի որոշել», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրեմն, ուրիշ ասող էլ ա էղել», եւ ես ասացի՝ «ուրիշ ասող չի էղել» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «կյանքն ա ստիպում», եւ Կարոն հարցրեց՝ «կյանքն ի՞նչ ա ստիպում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ստիպում ա, որ սրանից հետո պարզ գրեմ», եւ Կարոն հարցրեց՝ «կյանքը ո՞նց ա ստիպում», եւ ես ասացի՝ «գործիս բնույթն ա փոխվում», եւ Կարոն հարցրեց՝ «գործիդ բնույթը ո՞նց ա փոխվում», եւ ես ասացի՝ «ուրիշ աշխատանքի եմ տեղափոխվում», եւ Կարոն ծիծաղելով հարցրեց՝ «էդ անատոմիկից դուս ե՞ս գալի», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կարոն հարցրեց՝ «բա ո՞ւր ես գնում», եւ ես ասացի՝ «գնում եմ «Ծիծեռնակ» ամսագիր», եւ Կարոն հարցրեց՝ «էդ «Ծիծեռնակը» մանկական ժուռնալ չի՞», եւ ես ասացի՝ «հա», եւ Կարոն հարցրեց՝ «էդ ամսագրում ի՞նչ ես անելու», եւ ես ասացի՝ «մանկական ոտանավորներ եմ գրելու», եւ Կարոն հարցրեց՝ «էրեխեքի համա՞ր», եւ ես ասացի՝ «հա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուզես չուզես՝ էրեխեքի համար պարզ պիտի գրես», եւ ես ասացի՝ «ես էլ եմ էդ ասում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, ուր էլ գնաս՝ ինձանից պրծում չունես», եւ ես հարցրի՝ «խի՞ պրծում չունեմ», եւ Կարոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ «Ծիծեռնակ» ու «Պիոներ» էլ եմ բաժանորդագրված» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էրեխեքի մանկապարտեզի դաստիարակչուհին խնդրեց, ես էլ բաժանորդագրվեցի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էդ «Պիոները» չէ, բայց «Ծիծեռնակն» էրեխեքի համար հետաքրքիր ա. գոնե նկարները նայում են», եւ ես ասացի՝ «սրանից հետո «Ծիծեռնակն» ավելի հետաքրքիր ա դառնալու», եւ Կարոն քմծիծաղով ասաց՝ «որ դու էնտեղ աշխատես, պարզ ա՝ հետաքրքիր կդառնա», եւ ես ասացի՝ «էդ «Ծիծեռնակն» արդեն «Պիոներից» առանձնանալու ու լուրջ ժուռնալ ա դառնալու», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «դու որ աշխատես՝ ո՞նց կարող ա լուրջ ժուռնալ չդառնա» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էրեխեքի համար էլ որ ըտենց բարդ բաներ գրես՝ շատ լուրջ ժուռնալ կդառնա», եւ ես ժպտալով ասացի՝ «ուզեմ չուզեմ՝ արդեն պարզ պիտի գրեմ», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «որ պետք ըլնի՝ պարզունակ էլ պիտի գրես», եւ ես ժպտալով ասացի՝ «որ իմանամ պարզունակը որն ա՝ կգրեմ», եւ Կարոն ասաց՝ «ես բանաստեղծ չեմ, բայց մոտավորապես գլխի եմ ընկնում՝ պարզունակը որն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պարզունակը երեւի պրիմիտիվն ա», եւ ես ասացի՝ «ճիշտ ես ասում. պարզունակը հենց պրիմիտիվն ա», եւ Կարոն քմծիծաղով ասաց՝ «պարզվում ա՝ պարզունակը լավ էլ գիտես որն ա, բայց քեզ չիմացողի տեղ ես դնում» եւ մի քիչ մտածեց ու նեղացած ավելացրեց՝ «երեւի մտածում ես՝ Կարոն ո՞վ ա, որ հետը գրականությունից խոսամ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ մի բան ասեմ՝ երեւի չես հավատա», եւ Կարոն ասաց՝ «ասա», եւ ես ասացի՝ «կյանքումս էսքան գրականությունից խոսացած չկայի», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան շատ խոսաս՝ էնքան քո օգուտն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մարդ որ մի քիչ խմում ա, սկսում ա իրա չիմացած բաների մասին խոսալ», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քիչ էլ տնտեսագիտությունից խոսանք», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «տնտեսագիտությունից հեչ ե՛ս չեմ կարա խոսամ, ուր մնաց՝ դու», եւ ես ժպտալով ասացի՝ «չիմացած բաներից խոսալն ավելի հեշտ ա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նամյոկդ հասկացա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ նամյոկ», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «ուզում ես ասես՝ գրականությունից գաղափար չունեմ, բայց գրականությունից եմ խոսում», եւ ես ասացի՝ «ուզում եմ ասեմ՝ գրականությունից գաղափար չունեմ, բայց գրականությունից եմ խոսում», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «համ խոսում ես, համ էլ գրում ես», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ գրականությունից խոսալն ավելի հեշտ ա, քան՝ տնտեսագիտությունից խոսալը», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «տնտեսագիտությունից չես կարա օդի մեջ խոսաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «տնտեսագիտությունը ճշգրիտ հաշվարկների ու մեծ գումարների հետ ա կապված», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզվում ա՝ էնքան էլ մեծ գումարների հետ չի կապված» եւ ծիծաղելով ավելացրի՝ «պարզվում ա՝ ընդամենը երեսունհինգ մանեթի հետ ա կապված», եւ Կարոն նեղսրտելով ասաց՝ «քեզ մարդ մի բան չասի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էսօր տնտեսագիտությունից ահագին բան իմացա», եւ Կարոն ասաց՝ «շատ գիտես՝ քիչ խոսա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մարդ որ մի քիչ խմում ա՝ բերանբաց ա դառնում», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «էսօր քեզ էնքան եմ խմացնելու՝ մինչեւ էդ երեսունհինգ մանեթի մասին լրիվ մոռանաս» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ էդ դասախոսի վրա շառ անես», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ դասախոսի վրա դու ես, փաստորեն, շառ անում», եւ Կարոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ շառ անում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդ խեղճ դասախոսին ընդամենը քսանհինգ մանեթ ես տվել, բայց վրեն երեսունհինգ ես հաշվում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց մեր վրա երեսունհինգ ա նստում», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց քսանհինգն ա էդ խեղճ դասախոսին հասել», եւ Կարոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «լա՜վ խեղճ գտար» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ասածդ խեղճին ոչ թե քսանհինգ ա հասել, այլ՝ կլոր հարուր», եւ ես ժպտալով ասացի՝ «այսինքն, ամեն մեկիցդ՝ քսանհինգ» եւ ծիծաղելով ավելացրի՝ «մնացած քառասունը կոմսոմոլի քարտուղարի վրա եք ծախսելու», եւ Կարոն ասաց՝ «իրա վրա չենք ծախսելու. հինգով հավասար ուտելու ու խմելու ենք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընենց որ, էդ կոմսոմոլի քարտուղարից վազն արի», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրեմն՝ մի ասա, որ էդ քննությունը վրեքդ երեսունհինգ ա նստում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ նստում ա՝ ո՞նց չասեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ էդ կոմսոմոլի քարտուղարը չըլներ՝ էդ փողով կարգին մարդկանց հետ ռեստորան կգնայի», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ հետ կգնայիր», եւ Կարոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «պոետների» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էսքան տարվա ընկեր ենք, բայց իրար հետ մի անգամ ռեստորան գնացած չկանք», եւ ես ժպտալով ասացի՝ «կյանքներս դեմներս ա, Կարո ջան», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էսօրվա պես կարող ա ռեստորանում էլ նեմեցկի շչոտի անցնես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էսօրվա նեմեցկի շչոտը որ չըլներ, էդ քննությունդ վրեդ հիսուն մանեթից ավել էր նստելու», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ավելի լավ ա՝ գրականությունից խոսանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ես պիտի պոետ ըլնեի, դու՝ տնտեսագետ», եւ ես մեր չորս դատարկ գավաթները վերցնելով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Կարոն գավաթները ձեռքիցս խլելով ասաց՝ «համ պայմանը դրել ես, համ էլ խախտում ես» եւ տեղից վեր կենալով ավելացրեց՝ «ռազ նեմեցկի շչոտ ա, ուրեմն՝ հերթը չպիտի խախտենք», եւ երբ Կարոն չորս լիքը գավաթներով վերադարձավ, ես ասացի՝ «էս տեմպով որ շարունակենք, շատ շուտ կհարբենք», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «ես էլ եմ զարմանում», եւ ես հարցրի՝ «ինչի՞ ես զարմանում», եւ Կարոն ասաց՝ «էսօր ինձնից շատ ես խմում», եւ ես ասացի՝ «հավասար ենք խմել», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «բայց դու ինձնից արագ ես խմում. հազիվ եմ հետեւիցդ հասցնում», եւ ես ասացի՝ «մրցում չի» եւ ժպտալով ավելացրի՝ «ավելի լավ ա՝ շատ խոսանք, քիչ խմենք», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «ավելի լավ ա՝ գրականությունից խոսանք», եւ ես ժպտալով ասացի՝ «տնտեսագիտությունից էլ կարանք խոսանք», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «տնտեսագիտությունից շատ ուժեղ ես խոսում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մեր էդ թվանշան ստանալու պատմությունը շատ ուժեղ վերլուծեցիր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ձեր թվանշանի պատմությունը ոչ թե տնտեսագիտություն ա, այլ՝ պարզ թվաբանություն», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «պարզը շատ պարզ ա, բայց դու ավելի պարզացրիր» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «փոխանակ բանաստեղծությունը պարզացնես՝ թվաբանությունն ես պարզացնում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դու էլ փոխանակ տնտեսագիտությունը պարզացնես, բանաստեղծությունն ես ուզում պարզացնես», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բանաստեղծությունը Թումանյանը հարուր տարի առաջ պարզացրել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Թումանյանի արածը, փաստորեն, ջուրն եք գցում» եւ մի քիչ էլ մտածեց ու արհամարհական ասաց՝ «բայց ինչքան էլ ձեզ կոտորեք, մեկ ա, Թումանյանը Թումանյան ա մնալու», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, Թումանյանին ինձանից պաշտպանում ես», եւ Կարոն հարցրեց՝ «չպիտի՞ պաշտպանեմ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Կարոն զարմացած հարցրեց՝ «խի՞ չպիտի պաշտպանեմ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ Թումանյանը քո պաշտպանության կարիքը չի զգում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու սկսեց անզուսպ հռհռալ, եւ ես հարցրի՝ «էդ խի՞ ես ծիծաղում», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «որ սրանից մի քանի տարի առաջ ինձ հարցնեին՝ Արմենն ի՞նչ ա դառնալու, ամեն ինչ մտքովս կանցներ՝ բացի բանաստեղծից», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քանի տարի առաջ իմ մտքով էլ չէր անցնի», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «դու ինձնից շատ ես ստադիոնում ջուր ծախել», եւ ես Կարոյին ասացի՝ «ֆուտբոլի տոմս էլ ենք ծախել», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «էդ հետո էր» եւ մի քիչ մտածեց ու նորից սկսեց շատ ուժեղ ծիծաղել, եւ ես հարցրի՝ «հիմի՞ խի ես ծիծաղում», եւ Կարոն հռհռալով ասաց՝ «փաստորեն, կենսագրությունդ շատ բանաստեղծական ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչո՞վ ա բանաստեղծական», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «Շիրազն էլ ա վախտին ջուր ծախել» եւ ծիծաղելով հարցրեց՝ «չգիտե՞ս», եւ ես ասացի՝ «գիտեմ. ինքն իրա ջուր ծախելու մասին շատ ա գրել», եւ Կարոն ծիծաղելով հարցրեց՝ «բա դո՞ւ խի չես մեր ջուր ծախելու մասին գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «որ տեղը գա՝ կգրեմ», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «որ մեր ջուր ծախելու մասին գրես, կարող ա շատ հետաքրքիր ստացվի», եւ ես ժպտալով ասացի՝ «հաստատ հետաքրքիր կստացվի», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «բայց պիտի շատ պարզ գրես, որ կարդացողը բան հասկանա» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «կգրես՝ ոնց էինք սաղ խաղի վախտ վազելով բալեշչիկներին ջուր հասցնում ու վերջում համարյա սաղ փողը տալիս էինք Մայոյին», եւ ես ժպտալով ասացի՝ «ֆուտբոլիստներից շատ էինք վազում», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «Մայոյի աչքը լույս», եւ ես ասացի՝ «բայց մեզ էլ էր ահագին փող մնում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էն վախտվա մեր տարիքի համեմատ ահագին էր», եւ ես ասացի՝ «ամեն մեկիս էրկու մանեթից ավել էր մնում», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «լավ էլ հիշողություն ունես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դո՛ւ պիտի տնտեսագետ դառնայիր», եւ ես ժպտալով ասացի՝ «հետո որ արդեն տոմս էինք ծախում՝ տասը մանեթից ավել էր մնում», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «հետո որ «Հրազդանը» բացեցին՝ մեկից սաղս գործազուրկ դառանք» ու էդ ասելով՝ Կարոն նորից սկսեց անզուսպ հռհռալ, եւ ես հարցրի՝ «հիմի՞ խի ես ծիծաղում», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, էդ «Հրազդանը» որ չբացեին՝ բանաստեղծ չէիր դառնալու» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մասնագիտությունդ չէիր փոխի», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ չես հիշում», եւ Կարոն հարցրեց՝ «ի՞նչը լավ չեմ հիշում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ես մինչեւ նոր ստադիոնի բացվելն եմ տոմս ծախելը թարգել», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հիշում եմ. տոմս ծախելը թարգեցիր, որ բանասիրական ընդունվես ու բանաստեղծ դառնաս», եւ ես ասացի՝ «որ ուզում ես՝ լավ էլ հիշում ես», եւ Կարոն ասաց՝ «ամեն մարդ իրա՛ կյանքն ա լավ հիշում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դու էլ չես հիշում, որ ես էլ եմ մինչեւ նոր ստադիոնի բացվելը տոմս ծախելը թարգել», եւ ես հարցրի՝ «դո՞ւ երբ թարգեցիր», եւ Կարոն ժպտալով հարցրեց՝ «ավելի ճիշտ կըլնի հարցնես՝ խի՞ թարգեցի», եւ ես հարցրի՝ «խի՞ թարգեցիր», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «յոթանասուն թվի աշունը բանակ տարան, ու ստիպված թարգեցի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, ես քո կյանքն ավելի լավ եմ հիշում, քան դու՝ իմը», եւ ես հիշելով ասացի՝ «ես քո կյանքն ավելի լավ եմ հիշում, քան դու՝ իմը», եւ Կարոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց ես լավ հիշում», եւ ես ասացի՝ «նախքան բանակ գնալդ արդեն նշանված էիր», եւ Կարոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հետո՞ ինչ», եւ ես ասացի՝ «ուզում եմ ասեմ՝ ոչ թե բանակ գնալու պատճառով ես տոմս ծախելը թարգել, այլ՝ նշանվելուդ պատճառով», եւ Կարոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ո՞վ ասեց», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «դու ես ասել», եւ Կարոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ես ի՞նչ եմ ասել», եւ ես ասացի՝ «մի քանի օրվա նշանված էիր, որ էդ բանն ասեցիր», եւ Կարոն հարցրեց՝ «ի՞նչ ասեցի», եւ ես ժպտալով ասացի՝ «ասեցիր, որ նշանված մարդու համար տոմս ծախելն ամոթ ա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ եմ ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ե՞րբ եմ ասել», եւ ես մտածելով ու հիշելով ասացի՝ «ես արդեն ինստիտուտ էի ընդունվել. երեւի օգոստոսի վերջերն էր», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր ա, որ ասած ըլնեմ», եւ ես ասացի՝ «հաստատ ասել ես» եւ ավելի մանրամասն հիշելով ու անկյունի սեղանը ցույց տալով ավելացրի՝ «ա՜յ էն սեղանի մոտ նստած՝ պիվա խմելուց ես ասել», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ինձ ասաց՝ «դու ոչ թե բանաստեղծ պիտի դառնայիր, այլ՝ պատմաբան» եւ մի քիչ էլ մտածեց ու հիշելով ասաց՝ «օգոստոսի կեսերին նշանվանք, ու հոկտեմբերի կեսերին ինձ բանակ տարան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուզում էի մի պրիզիվ հետաձգեմ, բայց չստացվավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել