Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ՞ ՀԱՐՑՆՈՒՄ

Փետրվար 14,2009 00:00

Տղաների՝ տարիքով իրենցից մեծ զուգընկերոջ ընտրությունը պայմանավորված է մի շարք պատճառներով

\"\"«Ես խենթի պես սիրում եմ ինձնից երկու տարով մեծ աղջկա, նա էլ՝ ինձ, բայց մենք միասին չենք. նա չի կարողանում համակերպվել իմ փոքր լինելու փաստի հետ, մեր ծնողները՝ նույնպես…»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 20-ամյա Արամը: 23-ամյա Դավիթը նշեց. «Ընկերուհիս 35 տարեկան է, իրականում նա իմ ռուսաց լեզվի դասախոսն է, բայց դե հասկանալի է՝ մեր հարաբերությունները համալսարանի պատերից այն կողմ այլ են: Նրան սիրում եմ, բայց չեմ պատրաստվում ամուսնանալ»: 19-ամյա Հակոբն էլ տեղեկացրեց, որ մի քանի օրից ամուսնանում է 26-ամյա մի աղջկա հետ. «Տարիքն ինձ համար տաբու չէ, ես նրան սիրում եմ, նա էլ՝ ինձ, իրար լիարժեք հասկանում ենք եւ համապատասխանում, էլ ինչո՞ւ դժբախտանամ տարիքային տարբերության համար»: 43-ամյա Զարուհին էլ անկեղծացավ, որ իր սիրած էակն իրենից փոքր է 10 տարով. «Նա 33 տարեկան է: Սիրահարված եմ, ինչպես 18-ամյա աղջիկը: Ճիշտ է, ամուսնացած չենք, բայց ապրում ենք միասին: Միակ խնդիրն այն է, որ հարեւանությունը, ծանոթ-անծանոթները շատ են խոսում, ինչն ինձ նյարդայնացնում է, իսկ նրան անգամ չի էլ հուզում…»:

Ինչո՞ւ են երիտասարդ տղաները ձգտում մեծահասակ կանանց եւ աղջիկների, ինչպե՞ս են մեկնաբանում եւ գնահատում հոգեբաններն այս հարաբերությունները, կարո՞ղ են տարիքային տարբերություն ունեցող զույգերը լիարժեք ընտանիք կազմել, եւ որքանո՞վ է արդիական այս խնդիրը հայ հասարակության շրջանում: Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց հոգեբան Աննա Աբրահամյանի հետ: Ըստ նրա. «Հարցին պետք է բազմակողմանի մոտեցում ցուցաբերել, որովհետեւ այն կոմպլեքսային է եւ, միեւնույն ժամանակ, շատ անհատական բնույթ է կրում: Յուրաքանչյուր մարդ անհատ է, որն ունի իր խառնվածքը, բնավորության գծերը, ինտելեկտը, ինչը բավական մեծ նշանակություն ունի կին եւ տղամարդ հարաբերություններում: Չես կարող մեկի օրինակը տարածել մի քանիսի վրա, քանի որ օրինակները շատ են եւ բազմապիսի»: Ինչպես Ա. Աբրահամյանն է մեկնաբանում, տղամարդկանց՝ տարիքով մեծ կանանց եւ աղջիկներին ընտրելու պատճառները տարբեր են. «Եթե ընտրությունը կատարում է տարիքով փոքր տղան, այստեղ հավանականությունն այն է, որ նա իր առաջին սեռական հարաբերությունն ունեցել է տարիքով մեծ կնոջ հետ: Սա բերում է համապատասխան կապվածության, որի հետեւանքով նա կարող է հենց իր առաջին «պարտնյորին» ընտրել՝ որպես իր կյանքի ընկեր, չի բացառվում նաեւ, որ նա հենց նույն այդ տարիքի սահմաններում մեկ ուրիշին ընտրի: Այստեղ մեծ դեր է խաղում առաջին սեքսուալ փորձը, ինչի հետեւանքով տղան կապվում է, երբեմն էլ սիրահարվում»: Հաջորդ պատճառը հոգեբանը կապում է տղամարդկանց մանկության հետ. «Հնարավոր է, որ տվյալ տղան մանկության հետ կապված խնդիրներ է ունեցել. գուցե նա լիարժեք մայրական սեր չի տեսել եւ մեծ հասակում էլ մայրական ջերմության պակաս զգացել: Եթե մանուկ հասակում մայրն իր որդուն մեծ ուշադրություն եւ ժամանակ չի հատկացնում, այդ բարդույթը մնում է տղամարդկանց մեջ եւ նրանք ուրիշ կանանց մեջ փորձում են մայր գտնել, այդ պակասը ուրիշի միջոցով լրացնել: Այսինքն՝ այն կինը, որը նրա սիրեցյալն է հանդիսանում, նաեւ մոր կերպարին է փոխարինում՝ չկորցնելով իր իրական դերը: Այստեղ մորը փոխարինելն այլ իմաստ ունի եւ ոչ ուղիղ՝ ավելի մեծ ուշադրություն, սեր, քնքշանք, հոգատարություն եւ այլն: Սա բերում է սիրահարության»: Իսկ արդյոք նման դեպքում չե՞ն խաթարվում մորը փոխարինող կնոջ եւ տվյալ տղամարդու սեռական հարաբերությունները, ըստ Ա. Աբրահամյանի՝ ոչ. «Նրանց սեքսուալ հարաբերությունները լիարժեք են, հավասարազոր եւ համոզված եմ՝ ավելի ակտիվ, քան սովորական զույգերինը: Տղամարդը, կնոջ մեջ մորը փնտրելով, սեռական հարաբերությունների ժամանակ իրենից տարիքով մեծ կնոջն ընդունում է որպես լիարժեք կին, այս դեպքում մայրական սիրո պակասի բարդույթը չի գործում: Եթե այդ տեսանկյունից վերցնենք, ըստ հոգեբանների, երեխան, որպես առաջին սեքսուալ «պարտնյոր», տեսնում է մորը, սա խիստ ենթագիտակցական մոտեցում է: Եվ պատահական չէ, որ ասում են՝ աղջիկն ընտրություն է անում՝ հոր, տղան էլ՝ մոր նման»: Ա. Աբրահամյանի խոսքով, պատճառների շարքում կարող է լինել նաեւ ուղղակի հրապուրանքը. «Գուցե այդ կինն ավելի խելացի է կամ էլ տղան է շատ ինտելեկտուալ եւ իր տարիքի աղջիկների շրջանում չի կարողանում համապատասխան մեկին գտնել, ումից հոգեւոր բավարարվածություն կստանա»: Հոգեբանը նաեւ շեշտում է. «Նման հարաբերություններն ընդունված չեն հայ հասարակության կողմից: Օրինակ, Ռուսաստանում այս կարգի տարիքային տարբերությունը երբեք հաշվի չի առնվում: Բայց հայերիս մոտ նույնիսկ մեկ տարվա տարբերությունն արդեն իսկ մեծ խնդիր է»: Աննան փաստում է, որ տարիքային տարբերություն ունեցող զույգերի հարաբերությունները մեծ մասամբ քարկոծվում են ծնողների կողմից. «Հայերիս մոտ «ընտանիք» հասկացությունն ավելի կարծրացած է, քան այլազգիների: Այստեղ ընտանիքի դրվածքը, ընտանեկան հարաբերությունները շատ կապված են՝ տատիկներ, պապիկներ…ինչը, չեմ ժխտում, մեծ դրական կողմ ունի, բայց միեւնույն է՝ հարաբերությունները շատ ամուր են: Օրինակ, Ռուսաստանում տղան ծնողին չի լսի այն աստիճան, որքան այստեղ: Եթե հայ ծնողն ասում է՝ ոչ, ուրեմն այդպես պետք է լինի: Եթե չլսի, ուրեմն ողջ գերդաստանի հետ խնդիրներ կունենա, հակառակ դեպքում՝ պետք է վերցնի սիրած էակին եւ գնա երկրից»: Ընտանեկան ամրության ու երկարատեւության մասին էլ հոգեբանն ընդգծում է. «Մեկ, երկու կամ հինգ տարվա տարիքային տարբերությունը խնդիր չէ, շատ հնարավոր է, որ այդ զույգերը մինչեւ մահ երջանիկ լինեն: Բայց եկեք համաձայնենք, որ 10 տարվա տարբերությունն իրապես անընդունելի է: Դրանք հիմնականում կարճատեւ հարաբերություններ են եւ այդ զույգերը 4-5 տարուց ավելի չեն կարող ապրել միասին: Նրանք անգամ ոսկե, արծաթե հարսանիքների մասին մտածել չեն կարող…»: Վերջում էլ մեր զրուցակիցն անկեղծացավ. «Ես, օրինակ, անձամբ դեմ չեմ նման հարաբերություններին: Բայց չգիտեմ, թե ինչպես կարձագանքեմ մի քանի տարի անց, երբ տղաս գա եւ ասի, որ սիրում է իրենից տարիքով մեծ աղջկա եւ ուզում ամուսնանալ, հնարավոր է, որ չընդունեմ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել