ԱՄՀ-Ի ՀԵՏ ԼԵԶՈՒ ՉԳՏԱՆ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) թեեւ ցանկանում է ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն առայժմ չի կարող դա անել, գրում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Օրերս հրաժարական է տվել այդ երկրի ֆինանսների նախարար Վիկտոր Պինզենիկը, իսկ նախագահն ու վարչապետը երեկ շարունակում էին փոխադարձ մեղադրանքներ տեղալ իրար վրա: $16,4 միլիարդանոց վարկի առաջին տրանշը՝ $4,5 միլիարդը, Ուկրաինան ստացել է մի քանի ամիս առաջ: Սակայն այս ընթացքում վարչապետ Տիմոշենկոն պայքարում էր Ազգային բանկի նախագահ Ստելմախին աշխատանքից ազատելու համար, ինչպես նաեւ ցանկանում էր վերաձեւել խորհրդարանի կողմից հաստատված բյուջեն, ու երկու դեպքում էլ անհաջողության մատնվեց: Արդյունքում ԱՄՀ-ի պատվիրակները երեք շաբաթ անպտուղ բանակցություններից հետո լքեցին Կիեւը եւ դժվար թե այս պահին խորհուրդ տան հիմնադրամի տնօրենների խորհրդին՝ տրամադրել հաջորդ տրանշը: Նախագահ Յուշչենկոն դա բացատրում է հետեւյալ կերպ. «Խնդիրն այն է, որ աշխարհը չի ճանաչի ուկրաինական տնտեսության վարդագույն երանգներով նկարած պարամետրերը»: «Եթե մենք անենք ճիշտ, պատասխանատու քայլեր, ապա հավատացնում եմ ձեզ՝ ոչ մի խնդիր չենք ունենա,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը,- մենք կհաղթահարենք ճգնաժամը: Բայց եթե կառավարությունը շարունակի զբաղվել միայն պոպուլիզմով, քաղաքականություն խաղալ, տնտեսական արդյունքը միանգամայն այլ կլինի»: ԱՄՀ պաշտոնական ներկայացուցիչը Վաշինգտոնում պարզաբանեց, որ նրա կազմակերպությունը համաձայնության չեկավ ուկրաինական իշխանությունների հետ, թե ինչպես է պետք ֆինանսավորել բյուջեի դեֆիցիտը:
«ԿԲԽԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ»
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ կողմերը մոտեցել են համաձայնությանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, «թեեւ դա չի նշանակում, որ մենք հասել ենք «հաղթական ավարտին»»: «Իհարկե, նախագահները պետք է ավելի լավ ճանաչեն միմյանց, աշխատեն միասին. միայն այդ դեպքում նրանք կարող են լիարժեք վստահել միմյանց: Սակայն ես կարող եմ վստահությամբ ասել, որ վերջին հանդիպման ընթացքում նախագահները չէին վախենում փոխզիջումների գնալ: Նրանք երկուսն էլ փորձում էին պարզել, թե հատկապես ի՞նչ է պետք մյուս կողմին համաձայնության հասնելու համար, նրանք երկուսն էլ փորձում էին հաղթահարել մնացած տարաձայնությունները: Ես զգում եմ դրական ու կառուցողական մթնոլորտը, ինչպես նաեւ գործն ավարտին հասցնելու երկու նախագահների իրական ցանկությունը: Դա անվիճելի առաջընթաց է»,- ասել է ամերիկացի դիվանագետը «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում:
«Մենք մոտեցել ենք մի համաձայնագրի մշակմանը, որը կբխի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից, որն, ի դեպ, ճանաչում է ողջ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Համաձայնագիրը պետք է ներառի նաեւ ինքնորոշման եւ ուժ չգործադրելու հայեցակարգերը: Հուսով եմ, որ համաձայնագիրը ձեռք կբերվի եկող ամռան կեսերին: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ե՞րբ դա տեղի կունենա: Ամեն ինչ նախագահների ձեռքերում է, որոնք պետք է մեր օգնությամբ՝ որպես միջնորդների, փոխզիջումների ուղղությամբ ընդհանուր լեզու գտնեն առանցքային հարցերի շուրջ»,- ասել է Բրայզան:
Երեկ ուշ երեկոյան ստացվեց ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը, որում ասվում է, թե նման մեկնաբանություններով Բրայզան ցանկանում է խոչընդոտել բանակցային գործընթացը:
ԱԼԻԵՎԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է, ԲԱՅՑ՝ ՄԵՂՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, day.az-ի փոխանցմամբ, պատասխանելով ռուսաստանյան լրատվամիջոցների հարցերին, անդրադարձել է, մասնավորապես, իր երկրի ռազմական պոտենցիալի ուժեղացմանը. «Մենք այդ հարցին շատ մեծ ուշադրություն ենք դարձնում: Քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան կոնֆլիկտը, այդ քաղաքականությունը շարունակվելու է: Կարճ ժամանակում մեզ հաջողվեց ստեղծել ոչ միայն զինված ուժերի նյութատեխնիկական բազա, այլեւ բարձրացնել բանակի մարտունակությունը, պրոֆեսիոնալիզմը: Մի քանի տարի առաջ ստեղծվել է պաշտպանական արդյունաբերության նախարարությունը: Եվ այսօր մենք ունենք մի քանի գործարաններ, որոնք թողարկում են համաշխարհային չափանիշներին համապատասխանող ռազմական արտադրանք: Այսօր ադրբեջանական բանակը հզորագույն կառույց է, որն ընդունակ է լուծել ցանկացած խնդիր եւ առաջին հերթին՝ բռնազավթված տարածքների ազատագրումը: Եթե Ադրբեջանն ունենար այդպիսի ռազմական պոտենցիալ այն ժամանակ, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը, ապա մեր հողերը երբեք չէին օկուպացվի: Այսօր դժվար է պատկերացնել, որ որեւէ մեկը կարող է Ադրբեջանին իր կամքը փաթաթել ռազմի դաշտում: Մենք հետագայում նույնպես այդ հարցերին մեծ ուշադրություն ենք դարձնելու՝ այնքան ժամանակ, մինչեւ չազատագրվեն մեր հողերը»: