ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋՆ՝ «ՕՐՐԱՆՈՒՄ»
Երեկ «Օրրան» բարեգործական հ/կ-ի սաները նշեցին Տյառնընդառաջ տոնը՝ ավանդական կրակով, փոխինդով, գաթայով, երգ ու պարով: «Օրրանի» 12-ամյա սան Մարիաննան «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Տյառնընդառաջն իր ամենասիրելի տոներից է. «Հետաքրքիր խորհուրդ ունի այս տոնն ինձ համար: Գիտեմ, որ նորապսակների համար նույնպես խորհրդանշական է: Ես էլ որ ամուսնանամ, փեսացուիս հետ թռչելու եմ կրակի վրայով, որ երջանիկ լինեմ»: 11-ամյա Արուսյակն էլ ավելացրեց. «Գիտեմ, որ Տրնդեզի կրակի վրայով թռչելով զույգերը կրակի լույսն են վերցնում եւ երջանկանում»:
«Օրրան» բարեգործական հ/կ-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի խոսքով, «Շատ եմ կարեւորում, որ երեխաները մեծանան հայկական ավանդույթներով, որովհետեւ դրանք մարդկանց ետ են բերում իրենց արմատները: Եվ այդ արմատներից կառչելն ու գնահատական տալը, ըստ իս, շատ կարեւոր է հենց երեխաների համար: Ամեն տարի երեխաներն են մեզ համար միջոցառումներ կազմակերպում, մեզ ուրախացնում իրենց երգ ու պարով, այս տարի որոշեցինք այդ ավանդույթը խախտել եւ մենք երեխաների համար այս միջոցառումը նշել»: «Օրրանի» գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանն էլ նշեց. «Երեխաները Տյառնընդառաջ տոնի խորհրդանշական գաթաների պատրաստման մեջ էլ իրենց լուման ունեն»: Հետաքրքրվեցինք՝ կա՞ն սիրահար զույգեր «Օրրանում», Հ. Հարությունյանն ասաց. «Վերջերս մեր աղջիկներից մեկն ամուսնացավ: Հիմա ապրում է ամուսնու հետ: Դե, քանի որ նրա ընտանիքը մենք էինք՝ ծնողներ չուներ, ըստ կարգի, մենք պետք է գնայինք նրանց տուն՝ Տրնդեզի: Բայց խախտեցինք այդ կարգը եւ նրան հրավիրեցինք մեզ հետ Տրնդեզը նշելու: Հետո պարզ դարձավ, որ իրենք իրենց տանը նշելու են տոնը, իսկ մեզ կմիանան հաջորդ օրը: Մենք նվերներն ուղարկեցինք ու շնորհավորեցինք նրանց: Իսկ այստեղ մեր աղջիկներից մեկին հարսի զգեստ հագցրինք եւ տղաներից մեկին փեսացու կարգեցինք, որպեսզի հարս եւ փեսա էլ ունենանք: Ինչ վերաբերում է սիրահար զույգերին, ունենք, բայց դեռ փոքր են՝ ամուսնության մասին մտածելու համար»:
Լ. Շ.
ՀԱՅ ԳՐԱԿԱՆԱԳԵՏԸ ԿԴԱՍԱՎԱՆԴԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
«Նոյյան տապանը» հայտնում է, որ Թուրքիայի «Սաբանջը» համալսարանում շուտով կսկսի դասախոսել հայտնի գրականագետ, սոցիալական եւ փիլիսոփայական գիտությունների մասնագետ, հայերեն, անգլերեն ու ֆրանսերեն բազմաթիվ գրքերի հեղինակ ֆրանսահայ Մարկ Նշանյանը: Նա երկար տարիներ դասախոսել է Նյու Յորքի Կոլոմբիա համալսարանում, իսկ վերջերս՝ նաեւ Բեյրութի համալսարանում: Այժմ նա «Սաբանջը» համալսարանի ղեկավարության կողմից մի քանի ամսով հրավիրվել է Թուրքիա՝ նույն համալսարանում դասախոսություններով հանդես գալու համար:
Արդեն 3 օր Ստամբուլում գտնվող Մարկ Նշանյանը այցելել է «Մարմարա» օրաթերթի խմբագրություն եւ զրուցել աշխատակազմի հետ հայ մշակույթի ու գրականության մասին: Նա տեղեկացրել է, որ վերջերս լույս են տեսել իր երեք ֆրանսերեն գրքերը՝ 20-րդ դարի հայ գրականության, Դանիել Վարուժանի եւ Հակոբ Օշականի մասին:
«Մարմարա»-ն գրում է, որ ցանկալի կլիներ, եթե Մ. Նշանյանը մեկ-երկու դասախոսություն կազմակերպեր նաեւ Ստամբուլի հայկական կրթօջախների սաների համար:
ԱՅՑԵԼԵ՛Ք ՀԱՅԱՍՏԱՆ
Բըրբանքում (Կալիֆոռնիա) «Այցելե՛ք Հայաստան, գեղեցիկ է» ծրագիրը կազմակերպել է շարադրության մրցույթ, որին կարող են մասնակցել 9-12-րդ դասարանների աշակերտները: Մասնակիցները պետք է գրեն շարադրություն՝ «Ինչո՞ւ եմ ցանկանում այցելել Հայաստան» թեմայով՝ հայերեն կամ անգլերեն: Գրանցման վերջնաժամկետն է փետրվարի 15-ը: Շարադրությունները կարելի է հանձնել մինչեւ մարտի 31-ը, իսկ հաղթողների անունները կհրապարակվեն ապրիլի 30-ին:
ՄԻՆԵՍՈՏԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ՝ ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մինեսոտայի համալսարանի բիզնես կենտրոնում փետրվարի 11-ին տեղի է ունեցել համաժողով՝ «Հայկական Կոնստանդնուպոլիս/Ստամբուլ. Եկեղեցին, հասարակությունը եւ մշակույթը» թեմայով, որը վարել է համալսարանի դասախոս, դոկտոր Ռոնալդ Մարչեզը: Համաժողովը նախաձեռնել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի Հայկական ուսումնական ծրագիրը (Ֆրեզնո):