Գործատուների չարաշահումները, ինչպես նաեւ աշխատակիցների խարդախությունները՝ ճգնաժամի հետեւանք են:
Ճգնաժամի պայմանները թելադրում են, որպեսզի խարդախները նորանոր մեթոդներ գտնեն՝ ընկերություններից գումար կորզելու նպատակով: Ըստ ռուսական BFM.ru կայքէջի, հայտնաբերվել է գումար կորզելու մի նախագիծ, որի միջոցով աշխատակիցն օրենքի լծակներն օգտագործում է գործատուի դեմ: Նոր աշխատակիցը կարող է ապացուցել իր աշխատանքային գործունեության փաստն անգամ այն դեպքում, եթե նա պաշտոնապես գրանցված չէ, չունի աշխատանքային պայմանագիր եւ չի ներկայացրել աշխատանքային գրքույկ։ Ապացույցներ ներկայացնելով այն մասին, որ ինքն աշխատանք էր իրականացնում հօգուտ ընկերության, աշխատակիցը կարող է վարձատրություն պահանջել, որը գերազանցում է այն գումարը, որի շուրջ նախնական պայմանավորվածություն է եղել: Խարդախին՝ ծրագրերն իրականացնելու գործում, օգնում է աշխատանքային օրենսդրությանը քաջատեղյակ լինելը:
Աշխատատեղ փնտրողները, օրինակ, «խնդրում» են հետաձգել եւ աշխատանքային գրքույկում գրանցում չկատարել՝ սպասելով պատեհ առիթի, հրաժարվում են կնքել աշխատանքային պայմանագիր, ստորագրել պաշտոնական փաստաթղթեր: Աշխատակիցն աշխատանքային առաջին իսկ օրվանից հասանելի բոլոր միջոցներով ու մեթոդներով արձանագրում է իր ներկայությունն աշխատավայրում. նա կարող է ստորագրել փաստաթղթեր, հաճախակի շփվել այցելուների հետ, որպեսզի իրեն լավ ճանաչեն, զանգել աշխատանքային հեռախոսով, օգտվել կորպորատիվ էլեկտրոնային փոստից, լուսանկարել, ձայնագրել այլ աշխատակիցների կամ ղեկավարների զրույցները…
Այս ամենն անհրաժեշտ է խարդախին, որպեսզի նա ունենա այն բոլոր անհրաժեշտ ապացույցները, որ ինքը, իրոք, աշխատել է ընկերությունում՝ անգամ, եթե օրենսդրական եւ իրավական ձեւակերպում չի իրականացվել: «Աշխատակիցը»՝ տառացիորեն մեկ ամսվա ընթացքում, կարող է իր աշխատանքային գործունեությունը հաստատող բազմաթիվ փաստեր հավաքագրել: Եվ երբ գալիս է աշխատավարձ ստանալու օրը, նա հայտարարում է, որ իրեն պայմանավորվածից շատ ավելին պետք է վճարեն: Գործատուի զարմանքին ի պատասխան՝ «հրաժարվել եւ ազատել աշխատանքից», պատրաստված «աշխատակիցը» տեղեկացնում է իր աշխատանքն ապօրինի օգտագործելու, իրեն շահագործելու մասին։ Ապացույց հանդիսացող տեղեկությունների շնորհիվ, խարդախը գործատուին շանտաժի է ենթարկում՝ վախեցնելով աշխատանքային օրենսդրության խախտմամբ, դատավարությամբ եւ այլն: Աշխատանքային օրենսդրությունում կա մի արտահայտություն, որով սահմանված է. «Եթե աշխատակիցը կարող է հաստատել իր աշխատանքային գործունեության փաստը, ապա աշխատանքային պայմանագրի բացակայության պատասխանատվությունը կրում է գործատուն»: Արդյունքում՝ խարդախը գործատուից խոշոր գումար է պահանջում, մերժում ստանալու դեպքում՝ սպառնում դատական գործընթացով: «Կադրային խարդախության դեմ գոյություն չունեն իդեալական մեթոդներ, եւ դատը հաճախ ավարտվում է հօգուտ աշխատակիցների՝ համարելով, որ նրանք հզոր գործատուի համեմատ ավելի անպաշտպան են»,- եզրափակում է BFM.ru կայքէջը:
Հ. Գ. Հետաքրքիր է՝ հայաստանյան դատական պրակտիկայում գոյություն ունի՞ այնպիսի փաստ, որ աշխատակիցը դիմել է նման խարդախության, իսկ գործատուն՝ ստիպված, նախնական պայմանավորվածությունից ավելի վճարել։ Կարծում եմ՝ ոչ: Հայաստանում իրականությունն այլ է. գործատուներն իշխողի դերում են եւ նրանք են թելադրում պայմանները: Դրա վառ ապացույցն է բազմաթիվ հիմնարկներում եւ ընկերություններում (սկսած խանութներից, վերջացրած՝ ժամանցային օբյեկտներով), առանց պայմանագրի՝ տարբեր մասնագիտություններով (վաճառող(ուհի), խոհարար(ուհի), մատուցող(ուհի), երգիչ, բարմեն, հավաքարար եւ այլն) աշխատողների հսկա բանակի առկայությունը: