Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Փետրվար 14,2009 00:00

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ

\"\"
Ի՞նչ կտա հուշագիրը:

Երեկ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան եւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը համատեղ ասուլիս տվեցին միջպետական իրավական համագործակցության հուշագիրը ստորագրելուց հետո: Յուրի Չայկան, անդրադառնալով ազգային հողի վրա Ռուսաստանում աճող հանցագործություններին, հիշեցրել է, որ ՌԴ գլխավոր դատախազությունում դեռ երկու տարի առաջ ստեղծվել է հատուկ ստորաբաժանում: «Համանման մի ստորաբաժանում էլ ստեղծվել է օրերս ՌԴ ՆԳՆ-ում՝ նախագահի հրամանագրին համապատասխան: Իրոք, դիտվում է այդ հողի վրա հանցագործությունների թվի աճ: Սակայն ես պետք է ասեմ, որ մեծ աշխատանք է տարվում, մենք ՆԳՆ-ի հետ միասին համակարգում ենք այդ երեւույթների հակազդեցությանը նպատակաուղղված ջանքերը, եւ ես կարծում եմ, որ այդ աշխատանքը չի թուլանա, այլ, ընդհակառակը, կավելանա: Ջանքերն աշխուժացնելու խնդիր է առաջադրել նախագահը՝ ԱԴԾ եւ ՆԳՆ կոլեգիայում: Դժբախտաբար, երդվյալների դատարանները երբեմն «ազգամիջյան պառակտման» հոդվածները վերաորակավորում են նվազ վտանգավոր հանցագործությունների, եւ Գլխավոր դատախազությունը, բողոքարկելով այդ դատավճիռները, հասնում է ընդհուպ Գերագույն դատարան»,- ասաց Յու. Չայկան:

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան կտրականապես հերքել է ՌԴ-ում բնակվող Հայաստանի քաղաքացիների շրջանում կեղծ անձնագրերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը:

«Եթե դուք հարց չտայիք, ապա ես դրա մասին չէի էլ իմանա»,- նշել է Յուրի Չայկան: «Այդ մասին առաջին անգամ եմ լսում: Բայց եթե նման բան լիներ, ես կիմանայի»,- ասել է նա: Երեւանյան մի շարք թերթերի հաղորդումների համաձայն, ՌԴ իրավապահ մարմինները տեղեկություններ ունեն այն մասին, թե Հայաստանի իշխանությունները շուրջ 600 հազար կեղծ անձնագիր են տրամադրել քաղաքացիների, որոնք այժմ բնակվում են ՌԴ-ում եւ ունեն տեղի քաղաքացիություն: Դրանք այն անձնագրերն էին, որոնք օգտագործվել են 2007թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու համար, եւ այդ առնչությամբ ՌԴ-ում արդեն սկսվել է քննություն, ինչից հետո մի շարք հարցեր են ուղղվել օրերս սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանին: Իր հերթին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հավելեց, որ նման հրապարակումներն ուղղված են բնակչության ոչ մեծ մասին, որը, ինչպես ակնկալում են «հաղորդումների» հեղինակները՝ առանց կասկածի կհավատա դրանց, թեեւ «դա հերթական մտացածին…… անգամ ոչ թե հաղորդում է, այլ, պարզապես, ստվերագիծ»:

ԲՋՋԱՅԻՆԻ ՀԱՄԱՐ՝ 3,5 ՏԱՐԻ

Երեկ ՀՀ քրեական դատարանում, դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, պետք է սկսվեր բջջային հեռախոսի գողության համար ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Համազասպ Բագրատյանի բողոքի քննությունը: Դատաքննությունը տեղի էր ունենալու ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի շենքում: Պատին փակցված ժամանակացույցով էլ դատական նիստի ժ. 13.00-ն էր: Սակայն դատարանում հայտնվելով տեղեկացանք, որ նիստը նշանակված է ժ.14.00-ին: Դատական կարգադրիչները ուղղեցին դատական նիստի ժամանակացույցը: Սակայն որոշ ժամանակ հետո ընդհանրապես նիստը հետաձգվեց:

Հ. Բագրատյանը մեր հեռակա զրույցի ժամանակ խնդրել էր իրեն վստահել, խնդրել էր նաեւ հրապարակման վերնագիրը դնել. «Արդարության գերին եւ անարդարության զոհը»: Նա փոխանցեց, որ «Կյանքի լավագույն տարիներն անցկացրել է կալանավայրերում: Բայց եղել եմ բարի ու ազնիվ անձնավորություն: Եվ բարության սերմեր եմ շաղ տվել մարդկության մեջ»: Նկարագրելով իր հետ պատահածը՝ Հ. Բագրատյանը հայտնում է. «Նոր ազատված լինելով կալանավայրից, դեռ չէի հասցրել ճաշակել ազատության քաղցրությունը, անցա փողոցով: Գետնից գտա ինչ-որ բջջային հեռախոս: Քանի որ չէի իմանում զանգել, պատասխանեցի վայրկյաններ հետո լսված հեռախոսազանգին: Զանգողը մի երիտասարդ էր, որն ասաց, թե հեռախոսն իր կնոջն է (Քրիստինե Մարգարյանին) պատկանում»: Պայմանավորվում են հանդիպել: Երիտասարդը խոստանում է դրամական պարգեւ՝ այն վերադարձնելուց հետո: Հ. Բագրատյանը հրաժարվում է պարգեւից եւ հանդիպում «Լուսաստղ» ռեստորանի մոտ: Տեղում «ամուսինը»՝ ոստիկանը, դարանակալ ոստիկաններով Հ. Բագրատյանին տեղափոխում է ոստիկանության բաժին: Բագրատյանին այդ պահին հանդիպում է ընկերը՝ Ռուդիկը, որին նույնպես տանում են բաժին: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Հ. Բագրատյանը գտնվում է անժամկետ հացադուլի մեջ:

ԿԱՆԳՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Օրեր առաջ «Առավոտում» անդրադարձել էինք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով դատավարությանը: Նաեւ տեղեկացրել էինք, որ ամբաստանյալները՝ Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները, Հրաչ Սահակյանը ողջ նիստին հետեւեցին կանգնած, քանի որ ցրտի պատճառով հնարավոր չէր նստել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը «չնկատեց» ամբաստանյալների կանգնած մնալը՝ ընդհանրապես ակնարկ չանելով այդ մասին:

Հավանաբար նա հստակ գիտի, թե կոնկրետ ում կանգնելը եւ ում նստելն է պետք «նկատել»:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել