Բուլղարիայի հին հայերը տարբերվում են նորերից
Պլովդիվի հայերը հպարտանում են ոչ թե հունական այս ամֆիթատրոնով, այլ փոքրիկ սրճարանով, ուր այցելել է Զորավար Անդրանիկը:
O՜, Պլովդիվ, o՜, հրաշք… հին հունական մարմարներ, օսմանյան մզկիթներ, միջնադարյան Եվրոպայի նեղլիկ, սալապատած փողոցներ, Ալյոշայի մոնումենտը… Տարօրինակ է տեսնել բոլոր այս մարած կայսրությունների ներդաշնակ հարեւանությունը: Չեմ հիշում, թե ումից եմ լսել միամիտ ու բարի կարծիքը, թե Պլովդիվում՝ բուլղարներից հետո, ամենաշատը հայերն են: Իրականում եւ Պլովդիվում, եւ ընդհանրապես Բուլղարիայում պատկերն ուրիշ է՝ բուլղարներ, թուրքեր, գնչուներ, հետո միայն հայեր, հույներ, ռումինացիներ եւ այլք: Համենայնդեպս, այդպիսին են տվյալները: Դե, ասում են՝ թանկարժեք քարերը միշտ էլ քիչ են լինում, բայց երեւում են բոլորին: Երեւի դրանում ճշմարտություն կա՝ իրոք որ հայ համայնքի կորիզը, եկեղեցին եւ հայկական դպրոցը գտնվում են Պլովդիվի ամենագեղեցիկ թաղամասում՝ Ստարի Գրադում:
Ինձ ուղեկցում է Դիանան: Նա Պլովդիվում ապրում է մոտ 7 տարի, ազատ խոսում է բուլղարերեն: Մենք քայլում ենք քաղաքի կենտրոնական փողոցով, որը այդպես էլ կոչվում է՝ Ցենտրալնա: Փողոցի մեջտեղում, մի մեծ փոսի մեջ մարմարե ամֆիթատրոն է՝ հին հույներից է հիշատակ մնացել: Հանկարծ լսվում է մուեդզինի «Ալլահ ակբարը»: Զարմացած շրջվում եմ եւ հայտնաբերում, որ կանգնած եմ մի մեծ մզկիթի կողքին: Մուեդզինի աղոթքի տակ բարձրանում ենք ծուռ ու մուռ եւ նեղլիկ փողոցով: Այստեղ իսկական միջնադար է՝ առանձնատների սուր տանիքները ծածկված են կարմիր «գմբեթակափարիչով», բակերում՝ կռածո երկաթով զարդարված հին ջրհորներ: Ահա եւ հայկական եկեղեցին: Կիրակնօրյա ծեսը արդեն սկսվել էր:
Հարցնում եմ Դիանային՝ տարբերո՞ւմ է «հին» հայերին «նորերից»: «Եթե ուշադիր նայես, ինքդ էլ կտարբերես»,- պատասխանում է նա: Նայում եմ: Սկզբում բոլորս իրար նման ենք թվում, բայց շուտով նկատում եմ մի շատ պարզ տարբերություն: «Հին» հայերի կեցվածքը, հայացքը, շարժ ու ձեւը հանդարտ են, զսպված, արժանապատվությամբ լի: Իսկ երեկվա «սովետական» հայությունը աղմկոտ է եւ շատախոս: Հին աշխարհում գնահատվում էր արժանապատվությունը, Սովետում՝ հասարակ, «ժողովրդական» վարքը: Իրոք որ Սփյուռքը պահպանել է հին արժեքները:
Եկեղեցու բակում է գտնվում նաեւ հայկական դպրոցը: Ավելի ճիշտ՝ դպրոցը բուլղարական է, ուր այցելում են Ստարի Գրադում ապրող բոլոր ազգերի երեխաները, պարզապես բոլորի համար նախատեսված դասերից հետո հայ սաները մնում են լրացուցիչ հայոց լեզվի եւ պատմության դասերին: Միջանցքները զարդարված են Մեսրոպ Մաշտոցի, հայ թագավորների պատկերներով, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի լուսանկարներով: «Գիտեք, հայերենի դասերի ժամանակ դրսից լսվում է այլազգի աշակերտների խաղերի աղմուկը, պատկերացնո՞ւմ եք ինչ մեծ գայթակղություն է տասը տարեկան երեխայի համար: Այնուամենայնիվ, մեր սաները դասերը բաց չեն թողնում»,- զուսպ ժպիտով ասում է ուսուցչուհի տիկին Էլզան: Պլովդիվի հին համայնքի տիկնայք հնարավորության չափով աշխատում են մասնակցել դպրոցի, հայկական թերթի, պարի խմբակների աշխատանքին: Հայկական «Վահագն» թերթի խմբագրությունը գտնվում է Ցենտրալնա փողոցում: Հարեւանությամբ մի հին սրճարան կա, որտեղ երբեմն-երբեմն հավաքվում են մեծահասակ պարոնայք՝ շփվում են, Հայաստանի քաղաքական իրավիճակը քննարկում: Ասում են՝ այս սրճարանը դեռ Անդրանիկ Օզանյանին է հիշում:
Համենայնդեպս, մեր օրերում այստեղ կարելի է հանդիպել զորավարի եղբայրների եւ քույրերի զավակներին: Բոլոր նորեկներին անպայման ցույց են տալիս, եթե հարմար պահ է լինում՝ ծանոթացնում են: Մի պահ զգում եմ, որ տիկին Էլզային Դիանան լսում է մեծ հետաքրքրությամբ, ինչպես ես ինքս: Երբ մենակ ենք մնում բացատրում է՝ ժամանակ չկա, ճիշտն ասած ուժ էլ չի մնում՝ ուսումնասիրելու այս ամենը: Առաջին դժվար տարիներին նորեկ էմիգրանտի դրությունը իր դաժան առանձնահատկություններն ունի: Այդ մասին մեկ ուրիշ անգամ: Ի վերջո, ամեն ինչ, ամեն ծանր հուշ անցնում-գնում է, իսկ Պլովդիվի սրճարաններից մեկը մինչ օրս Անդրանիկին չի մոռացել: