Գործարանները չեն կարողանում գոյատեւել
«Դինո Գոլդ Մայնինգի» աշխատակիցները չեն ուզում գործազուրկ դառնալ:
Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարությունը 550 աշխատակցի տեղեկացրել է, որ նրանց հետ գործարանը լուծելու է աշխատանքային պայմանագրերը: Այսպիսով, «Գեոպրոմայնինգին» պատկանող գործարանը դադարեցրել է իր աշխատանքը: Ընկերության հայաստանյան գրասենյակի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ կոմբինատը կանգնել է լուրջ խնդիրների առաջ. «Քանի որ խնդիրը մեծ հնչեղություն է ձեռք բերել, ընկերության Մոսկվայի գրասենյակի կողմից հակաճգնաժամային խումբ է ստեղծվել: Մարզի բնակչության համար նույնպես վիճակը խոստումնալից չէ, քանի որ տարածաշրջանի 50%-ից ավելին աշխատում է մեր կոմբինատում եւ կոմբինատի փակվելը ճակատագրական դեր է խաղում ժողովրդի համար: Մեզ համար էլ այս պայմաններում աշխատելը հեշտ չէ, քանի որ միջազգային շուկայում պղնձի գինը 3 անգամ իջել է, իսկ վառելիքը մնացել է նույն գնին»: Չվճարված աշխատավարձերի մասին մեր հարցին Ռ. Գրիգորյանն ասաց, որ մինչեւ փետրվարի 15-ը բոլոր պարտքերը կփակեն: Նշենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատում էր 1350 մարդ:
Գրեթե նույն վիճակում է հայտնվել նաեւ մարզի մեկ այլ՝ Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ մոտ ապագայում կոմբինատը դադարեցնի իր գործունեությունը, հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը ասաց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, ճգնաժամ է: Դժվար է կանխատեսել, թե այս վիճակով ինչքան կկարողանանք գոյատեւել»:
Գ. Բ.
«Տերանովայից» հուսախաբ են
Հաշվիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման հետեւանքով, Պետական եկամուտների կոմիտեն երեկ 5 օրով դադարեցրել է մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Տերանովա» խանութ-սրահի գործունեությունը: Երեկ «Առավոտը» ականատես եղավ բազմաթիվ այցելուների դժգոհությանը, որոնք 70% զեղչով ապրանքներ ձեռք բերելու ակնկալիքով եկել էին խանութ, սակայն ստիպված էին վերադառնալ ձեռնունայն: Հաճախորդների ներկայացմամբ, պատժամիջոցն իրականացնելուց առաջ Պետեկամուտների կոմիտեն պարտավոր էր այդ մասին լրատվամիջոցներով իրազեկել սպառողներին: Իսկ խանութի մենեջերը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց տնօրինությունը կտրուկ դեմ է նման իրազեկմանը, համարելով, որ դա ուղղակիորեն կվնասի իրենց գործարար համբավին:
Նշենք, որ առաջին անգամ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում արձանագրելու դեպքում՝ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունների նկատմամբ կիրառվում է 150 հազար դրամ տուգանք, 2-րդ դեպքի համար՝ 300 հազար դրամ եւ գործունեության կասեցում՝ 5-օրյա ժամկետով: Իսկ արդեն 3-րդ խախտման դեպքում նախատեսված է 600 հազար դրամ տուգանք եւ գործունեության կասեցում՝ տասնօրյա ժամկետով:
Ա. Ս.
1 զանգը արժե 1000 դրամ
«Դեղաբազա Երեւան» ընկերությունը որոշել է մայրաքաղաքում գործող դեղատների եւ դեղերի մասին մինչ այս անվճար ինֆորմացիան տրամադրել միայն վճարովի հիմունքներով: Քաղաքացիները, զանգելով 55-31-77 հեռախոսահամարին, ակնկալում են տեղեկություն ստանալ այն մասին, թե տվյալ դեղը համեմատաբար մատչելի գնով մայրաքաղաքի որ դեղատնից կարող են ձեռք բերել: Սակայն, առանց զգուշացնելու, որ ծառայությունը դարձել է վճարովի, մարդկանց տրամադրում են մեկ այլ հեռախոսահամար՝ 099-000-033: Այս համարին զանգելով, 1 րոպեի դիմաց գանձվում է 380 դրամ: Եվ եթե շատերը զանգելով տեղեկատու, ակնկալում են, որ գոնե մի 100-200 դրամով էժան դեղ կգտնեն, ապա այդ մասին ինֆորմացիան արժենում է ավելի քան 1000 դրամ: «Առավոտին» դիմած քաղաքացիներից մեկի պատմելով. «Դեղաբազա Երեւանը», տրամադրելով նոր հեռախոսահամարը, ինձ չի զգուշացրել, որ 1 րոպեն 380 դրամ է: Ես էլ հանգիստ խոսելով մինչեւ ճշտեցի, թե իմ ուզած դեղն ինչ արժե եւ դեղատան հասցեն իմացա, առնվազն 2-3 րոպե անցավ: Հետո իմացա, որ իմ կատարած զանգն արժեցել է 950 դրամ: Նախկինում այս ծառայությունն անվճար էր, իսկ հիմա պարզապես թալանում են մարդկանց»:
Ն. Բ