Պետական եկամուտների կոմիտեն նոր գլխացավանք է ստեղծել գործարարների համար. պարտադրում է, որ ամեն ամիս իրենց ներկայացնեն առեւտրի կետի լուսանկարները:
Տարեսկզբին տեղի ունեցած կառավարության առաջին նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով հարկային եւ մաքսային վարչարարությանը, ասաց, որ Հայաստանի ձեռներեցները պահանջում են հավասար, թափանցիկ պայմանների ապահովում եւ առաջին հերթին մատնանշում են, որ պետությանը չի հաջողվում խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ: Վարչապետի խոսքերով. «Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման թիվ մեկ թիրախը խոշոր բիզնեսն է եւ այն պետք է աշխատի թափանցիկ ու վերահսկելի»: Սակայն Հարկային պետական ծառայության հրապարակած խոշոր հարկատուների ցանկից պարզ է դառնում, որ խոշոր բիզնեսը ստվերից դուրս գալու միտք չունի, ավելին, հարկային վարչարարության արդյունքում տուժում է միջին եւ մանր բիզնեսը:
Օրերս «Առավոտը» դժգոհություններ ստացավ գրախանութների տերերից եւ մանր առեւտրով զբաղվող կրպակատերերից: Բանն այն է, որ վերջերս հարկայինի տեսուչները ոչ միայն «աչալրջորեն» հետեւում են, որ տնտեսվարողները պետությանը չխաբեն ու սպառողներին էլ վիճակահանությանը մասնակցելու հաճույքից չզրկեն, այլեւ մանր առեւտրով զբաղվողներին տեղեկացնում են, որ այսուհետեւ ամենամսյա հաշվետվության ժամանակ, հաշվետվության հետ իրենց տարածքի հարկային տեսչություն պետք է ներկայացնեն խանութի լուսանկարները: Ընդ որում, պետք է լուսանկարվեն խանութի բոլոր անկյունները, իսկ լուսանկարում պետք է երեւան ոչ միայն հաշվիչ դրամարկղային մեքենան, այլ նաեւ այդ պահին խանութի ցուցափեղկում ցուցադրված բոլոր ապրանքները: Մեր խմբագրություն դիմած տնտեսվարողներից մեկը, որը գրախանութի սեփականատեր է, դժգոհեց, որ հարկայինն իր այս քայլով մի քանի անգամ բարդացնում է իրենց աշխատանքը: Նրա ներկայացմամբ. «Երբ իմ հաշվապահը փետրվարի 4-ին հունվար ամսվա հաշվետվությունը տարել է հարկային, այնտեղ նրան տեղեկացրել են, որ հաջորդ անգամ պետք է անպայման բերի լուսանկարներ, որտեղ մեր խանութը պատկերված լինի եւ դրսից, եւ ներսից: Ընդ որում, հատուկ զգուշացրել են, որ խանութը դրսից լուսանկարելիս՝ ուշադրություն դարձնեն, որ խանութի պատին մեր հասցեն անպայման գրված լինի: Երբ հաշվապահը զարմացած հարցրել է, թե դա ինչի՞ համար է, տեսուչներից մեկը պատասխանել է. «Որ ձեզ մոտ գալու ժամանակ՝ ձեր կորած-մոլորած հասցեն հեշտ գտնենք»: Ստացվում է, որ առեւտրով զբաղվողները ստիպված պետք է իրենց աշխատողների ցուցակում նաեւ լուսանկարչի հաստիք ավելացնեն, որպեսզի կարողանան բավարարել հարկայինի քմահաճույքը: Տնտեսվարողներից մեկի ներկայացմամբ էլ. «Ստիպված լուսանկարիչ եմ գտել, բավականին էլ գումար եմ տվել, որ գա խանութս տարբեր կողմերից նկարի: Մի ժամ խանութը նկարել է, 10 հատ նկար ենք առանձնացրել, որ փետրվարի հաշվետվության հետ հարկային ուղարկենք»:
Թե որն է Հարկային պետական ծառայության կողմից պարտադրվող այս նորամուծության իմաստը, «Առավոտը» փորձեց պարզել Պետական եկամուտների կոմիտեից: Կոմիտեի լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ տարածքային հարկային տեսչություններին իրենց կողմից նման հրահանգ չի տրվել եւ իրենք ինֆորմացիա չունեն այն մասին, որ որեւէ տեսչություն տնտեսվարողներին նման պահանջ է ներկայացրել, իսկ հարցին ավելի հստակ պատասխան կարող են տալ եւ կոնկրետ միջոցներ ձեռնարկել միայն այն դեպքում, երբ իմանան, թե կոնկրետ որ խանութի սեփականատիրոջն է նման պահանջ ներկայացվել:
Մեզ հետ զրույցում տնտեսվարողները հրաժարվում էին իրենց անունով ներկայանալ, պատճառաբանելով, որ չեն ցանկանում հետագայում հարկայինի հետ խնդիրներ ունենալ:
Նշենք, որ Հարկային պետական ծառայությունը նման գործելակերպ ունեցել է: Մի քանի տարի առաջ տնտեսվարողներից պահանջվել են ներկայացնել առեւտրի վայրերի լուսանկարները: Սակայն դա կիրառվել է միայն ռիսկային գոտում գտնվող կամ կեղծ փաստաթղթերով անապրանք գործարքներ իրականացնող ընկերությունների հանդեպ: