«Ազատ եւ պատասխանատու» լինելու դիմաց հեռուստաընկերությունները ստանում են անպատասխանատու սերիալներ ցույց տալու հնարավորությունը:
Հայկական անորակ, ցածրաճաշակ եւ վտանգավոր սերիալների դեմ բազմիցս եմ գրել ու ինչպես այնժամ՝ հիմա էլ կարծում եմ, որ դրանք անթույլատրելի են: Ուրախանում եմ, որ իմ կարծիքը բաժանողներ կան, մասնավորաբար, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ հոգեւորական Վահրամ քահանա Մելիքյանը: Ցավում եմ, որ ինչպես իմ, այդպես էլ այդ մարդկանց մտահոգությունը եւս մնում է անարձագանք: Ու կրկին հիշում եմ գործընկերներիցս մեկի՝ 13 տարի առաջ գրած տողը. «Պետությունները լինում են երեք տիպի՝ լավ, վատ, Հայաստանի Հանրապետություն»:
Ես հասկանում եմ, որ հեռուստաընկերությունը պետք է փող աշխատի, բայց ես չեմ հասկանում, երբ միջոցների ընտրություն չեն կատարում: Իմաստուններից մեկը ժամանակին ասել է. «Տոնածառ դառնալը լավ բան է՝ լույսեր, գեղեցիկ խաղալիքներ, համընդհանուր ուշադրություն, բայց արժե՞ արդյոք դրա համար զրկվել արմատներից»: Իսկ սերիալները կտրում են ամեն լավի, բարու, գեղեցիկի արմատներից: Սերիալներ ցուցադրում են ազատ եւ պատասխանատու լրատվամիջոցները: Եվ ի դեպ, այդ սերիալները ոչ միայն բարոյականի սահմաններից են դուրս, այլ նաեւ օրենքի՝ է՛լ թաքնված գովազդ, է՛լ փողոցային արտահայտություններ, է՛լ ագրեսիվության, հարցերը ծեծուջարդով լուծելու քարոզ:
Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում իր առաջին ուղերձում ասաց. վայ մեզ, եթե մեր երեխաների համար ընդօրինակման արժանի լինի ոչ թե առարկայական օլիմպիադայում հաղթածը, այլ շքեղ մեքենա ունեցողը: Սերժ Սարգսյանին գովերգող ազատ եւ պատասխանատու լրատվամիջոցները նկարահանում եւ ցուցադրում են սերիալներ, հանրությանը մատուցում հերոսներ, որոնք ոչ միայն շքեղ մեքենա ունեն, այլեւ օրենք ու կարգ են արհամարհում: Ես չեմ հավատում այն պնդումներին, թե այսպիսի վտանգավոր սերիալների պահանջ կա: Հանրությունը նման պահանջ չի դնում, հանրությանը պարտադրվում են այդ սերիալները: Անցած դարասկզբին, երբ թուրքերը հայերին զանգվածաբար եւ ամենուր կոտորում էին, Կոմիտասը պատարագ էր գրում ու մնայուն այլ գործեր արարում: Այդ ժամանակ կոտորվող հանրությունը պատարագ գրելու պահանջ, հավանաբար, չէր դնում: Բայց Կոմիտասը գրում էր:
Սերիալների վտանգավորությունը «չգիտակցող» եւ այդ սերիալների օգտին խոսողներին, որ հենց այդ սերիալների հեղինակները, ցուցադրողներն են, սա կասեմ. «Բուերի չսիրած առաջին բանն այն է, որ նրանց լույս են մատուցում»: Մեր իշխանավորները ցանկության դեպքում կարող են մեզ այդ ամենից ազատել: Օրինակ, եթե պետք չէ, որ «Ա1+»-ը եթեր ունենա՝ անմիջապես «թվայնացում» են հորինում ու օրենք են փոխում: Ուրեմն, եթե պետք լինի սրբապիղծ սերիալները արգելել՝ կարող են անել: Օրենքի եւ բարոյականության սահմաններում չտեղավորվող սերիալներ ցուցադրելու «դաբրոն» ազատ եւ պատասխանատու լինելու գինն է:
Բացի առարկայական օլիմպիադայի հաղթողին ընդօրինակելու կոչից, նախագահն ասաց նաեւ, որ ուժով հարցեր լուծելը անթույլատրելի է: Դրանից հետո ե՛ւ սերիալները բազմացան ու բազմացան ե՛ւ լրագրող Էդիկ Բաղդասարյանին ծեծեցին: