Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Փետրվար 14,2009 00:00

\"\"Երեկ հայտարարեց «Մարտի 1»-ի գործով հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը, նաեւ տեղեկացրեց, որ «Չերյոմուխա-7»-ի նոր փորձագիտական տվյալները վկայում են, որ չի կարելի հասկանալ, թե կոնկրետ որ «չերյոմուխաներից» են զոհվել մարտի 1-ի 10 զոհերից 3-ը:

Մարտի 1-ի դեպքերը եւ դրանց պատճառները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը ներկայացրեց ՌԴ ՆԳ փորձագիտական կենտրոնից ստացված դատաձգաբանական փորձագիտության արդյունքները: Այս փորձագիտությունը պետք է պարզեր, թե մարտի 1-2-ի դեպքերի տուժողների մարմիններից եւ դիակներից հանված «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների բեկորները գործով առգրավված ո՞ր կարաբիններից են կրակվել: Ինչպես եւ սպասվում էր, պարզվեց, որ հնարավոր չէ պարզել այս հիմնական հարցը՝ ո՞ր զենքից կրակված փամփուշտներից են բազմաթիվ մարդիկ վիրավորվել եւ 3-ը՝ սպանվել: Վահագն Հարությունյանը երեկ հայտարարեց. «Գազային նռնակների մետաղյա պատյանների մանրադիտակային հետազոտությամբ պարզվեց, որ կրակող զենքի փողանցքից դրանց վրա հետքեր չեն արտացոլվել: Դա պայմանավորված է նրանով, որ գազային նռնակների պատյանի մակերեսի եւ փողանցքի ներքին մակերեսի միջեւ չկա ուղղակի հպում, քանի որ պատյանի վրա երկու կողմից հագցված են պոլիմերային նյութերից խցակներ, որոնք նախատեսված են նռնակը կարաբինի փողի ուղղորդող մասով տանելու եւ կրակոցի պահին վառոդային գազերը փակելու համար»: Զարմանալի է, անգամ ոչ մասնագետին է պարզ, որ այս «բացահայտումն» անելու համար կարիք չկար հատուկ փորձագիտության, բավական էր միայն կարաբինների կառուցվածքը իմանալ, եւ պարզ կդառնար, որ որեւէ բացահայտում էլ չի լինելու: Մոտ մեկ ժամ պարոն Հարությունյանը մանրամասն «բացատրում» էր փորձագիտական տվյալները: Սակայն այդ ամբողջ «տքնաջան» աշխատանքի արդյունքն այն էր, որ դարձյալ մութ մնաց, թե ովքեր են նույն այդ «չերյոմուխաներից» կրակել եւ սպանել զոհերից 3-ին եւ վիրավորել բազմաթիվ մարդկանց: Իրականում Մարտի 1-ի հանձնաժողովի գործունեությունը սկսել է ավելի ու ավելի նմանվել Հակոբ Պարոնյանի նկարագրած իրավիճակին, երբ «պարապ» հերոսներից մեկը պարծենում է. «Յոթ նիստ ըրինք եւ յոթ նիստին մեջ բան մը չըրինք»:

Վահագն Հարությունյանի հայտարարությունը, որ «հետքերը պիտանի չեն նույնացման համար», հանձնաժողովի շատ անդամների, այդ թվում նաեւ՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղակի վրդովեցրին: Արմեն Հարությունյանը հարց տվեց. «Ես հասկացա, որ այս փորձագիտությամբ հնարավոր չէ կոնկրետացնել, թե ինչպե՞ս է եղել, ո՞ր զենքից եւ ի՞նչ պայմաններում են այդ մարդիկ սպանվել, գիտենք, որ այդ միջոցների պատճառով, ոստիկանության դեպքում, բայց՝ կոնկրետ նույնացնել հնարավոր չէ»: Վահագն Հարությունյանը հաստատեց. «Այո, հնարավոր չէ»:

Արմեն Հարությունյանը տվեց հաջորդ հարցը. «Այսինքն՝ հնարավոր չէ՞ որեւէ մեկին մեղադրել»: «Այս պահին հնարավոր չէ»,- համաձայնեց Վահագն Հարությունյանը: Մարդու իրավունքների պաշտպանը ավելի հեռուն գնաց. «Հնարավոր չէ նաեւ անուղղակի ձեւով մեղադրել, տվյալ դեպքում՝ այդ զորքերի հրամանատարական կազմին, չէ՞,- երբ Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչը գլխով «այո» ասաց, օմբուդսմենը շարունակեց:- Այդ դեպքում, Դուք համաձայն եք, չէ՞, որ պետք է մեկնաբանությունը սիմետրիկ լինի, ուրեմն՝ ինչո՞ւ «7-ի գործով» այս սպանությունների օժանդակությունը տրված է, եւ, փաստորեն, այս 3-ն էլ են դրա մեջ մտնում, այնտեղ էլ հստակ որեւէ կոնկրետացում չկա, սպանությունը եւ մահը տարբեր իրավաբանական կատեգորիաներ են, բայց այս դեպքում սիմետրիկությունը չի պահպանվել, փաստորեն՝ այդ մարդիկ մեղադրվում են այդ սպանությունների համար»:

Հատուկ քննչական խմբի ներկայացուցիչն ասաց. «Կազմակերպիչները չեն մեղադրվում սպանությունների համար կամ՝ սպանություններին օժանդակելու համար, այլ մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք զուգորդվել են սպանություններով, այսինքն՝ նրանց ուղղակի դիտավորությունը սպանությունների նկատմամբ, տվյալ հանցակազմի դեպքում, պարտադիր չէ, նրանք ուղղակի պարտավոր էին դա կանխատեսել եւ թույլ չտալ»: Մարդու իրավունքների պաշտպանը արձագանքեց այսպես. «Բանն այն է, որ նրանք պետք է կանխատեսեին, որ մենք չենք կարողանում նույնացնել՝ կոնկրետ «Չերյոմուխան» ո՞ր կարաբինից է կրակվել, բայց պետք է կանխատեսեին, որ նաեւ այդ միջոցների հնացած լինելու պատճառո՞վ կարող էին մարդիկ զոհվել: Բացի դրանից, մահն ու սպանությունը տարբեր իրավաբանական կատեգորիաներ են, եթե գործում մահ գրած լիներ՝ կհասկանայինք, բայց գրված է սպանություն, մահը դեռ սպանություն չէ: Բայց մարդիկ մեղադրվում են, որ անկարգությունները զուգորդվել են սպանություններով, սրա մասին է խոսքը»:

ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը ուզեց հասկանալ՝ ի՞նչ է պետք անել, որ նմանատիպ իրավիճակում այլեւս չհայտնվենք. «Երբ կա հրազենից սպանված մարդկանց քանակ, եւ մենք չենք կարողանում հասկանալ, թե ով է սպանել այդ մարդկանց»:

«ՆԺ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ուզեց պարզել՝ եղե՞լ է այլ դեպք, երբ «հատուկ միջոցներից դիմահար կրակոցի միջոցով սպանվել են մարդիկ, պարզվե՞լ է, արդյոք, տեղաշարժերի բնույթը, եւ կարծո՞ւմ եք, արդյոք, որ 4 մարդ «չերյոմուխաներով» քայլել են եւ այդ 3-ին սպանել են»,

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը լսելով փորձագիտության տվյալները՝ ասաց. «Փաստորեն, ստացվում է, որ մեր երկրում իրավապահ համակարգը կարող է ունենալ զենք, օրինական օգտագործել, մարդիկ զոհվեն դրա արդյունքում, եւ չիմանանք, թե որ զենքով են կրակել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել