Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԴԻՄԵ՞Ն ՄԻԵԴ-ԻՆ, ՈՐ ՄԵԿՆԱԲԱՆԻ «Ա1+»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ՎՃԻՌԸ

Փետրվար 14,2009 00:00

\"\"Իսկ մինչ այդ՝ երեկ ՀՀ Վճռաբեկ դատարանը քննեց «Ա1+»-ի դիմումները

«Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ ներկայացուցիչները 2008-ի դեկտեմբերի 19-ին դիմել էին Հայաստանի վճռաբեկ դատարան, պահանջելով նոր ի հայտ եկած հանգամանքով, այն է՝ «Ա1+»-ի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից հետո, վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի 2004 թվականի փետրվարի 27-ին եւ ապրիլի 23-ին կայացրած որոշումները: Նաեւ խնդրել էին ճանաչել «Մելտեքս» ՍՊԸ-ի, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված՝ տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու ազատության իրավունքի խախտման փաստը: Նաեւ՝ մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու նպատակով՝ խնդրել էին անվավեր հայտարարել այն 7 կապուղիների մրցույթները, որոնց 2003-ին մասնակցել է «Ա1+»-ը եւ արտոնագիր չի ստացել՝ ՀՌԱՀ չհիմնավորված որոշումներով, ու պարտավորեցնել ՀՌԱՀ-ին հայտարարել նոր մրցույթներ:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ «Ա1+»-ի դիմումները քննելիս մեջբերել է «Ա1+»-ի վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած վճիռը եւ նշել, որ Հայաստանի դատական ատյանները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, «Ա1+»-ի նկատմամբ որոշումներ է կայացրել օրենքի շրջանակներում: «Դատարանը հարց տվեց, թե որքանո՞վ է ճիշտ բեկանել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի 2004 թվականի այդ որոշումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի գտել, թե տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում,- պատմեց «Մելտեքս» ընկերության ներկայացուցիչ, «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը:- Մեր մոտեցումն այն է, թե միեւնույն է՝ մենք ունենք 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի վերականգնման խնդիր, որը ճանաչվել է ՄԻԵԴ կողմից: Եվ պետք է հաշվի առնվի այն, որ մեր ներպետական դատարաններում մենք տարիներ առաջ վիճարկել ենք ՀՌԱՀ-ի որոշումները եւ խնդրել, որ դատարանը ՀՌԱՀ-ից պահանջի պատճառաբանված որոշում տալ: Սակայն մեր դատարաններում անտեսվել է մեր այդ իրավունքի վերականգնման խնդիրը, որ տարիներ հետո ճանաչեց ՄԻԵԴ-ը: Իսկ այժմ, բացի Վճռաբեկ դատարանից՝ այլ իրավասու չունենք, որ կարողանանք լուծել իրավունքի վերականգնման խնդիրը»:

Նույն կերպ էր դատարանում Վճռաբեկ դատարանի նախագահի հարցադրմանը պատասխանել նաեւ «Մելտեքս» ընկերության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արտակ Զեյնալյանը. «Այլ ճանապարհ չկա, քան Եվրոպական դատարանի որոշումը նոր հանգամանք ընդունելով՝ վերստին Վճռաբեկ դատարան դիմելը»: Իսկ «Մելտեքսի» երրորդ ներկայացուցիչը՝ Արա Ղազարյանը դատարանում հայտարարել էր, թե Հայաստանում նման նախադեպ չի եղել, եւ խնդրի լուծումը պետք է գտնել Վճռաբեկ դատարանի հետ համատեղ:

Եթե Վճռաբեկ դատարանում երեկ լսված 24 այլ դիմումների վերաբերյալ որոշումները հրապարակվելու են փետրվարի 16-ին, ապա «Ա1+»-ի մի դիմումով որոշումը հրապարակվելու է փետրվարի 18-ին, մյուսով՝ 19-ին:

Իսկ մինչ այդ՝ Տիգրան Տեր-Եսայանն ասաց. «Պետք է մի տեղ լինի, ուր «Ա1+»-ը կարող է դիմել իր խախտված իրավունքը վերականգնելու համար: Իրավունքի վերականգնումը կարող է լինել մրցույթին մասնակցելու տեսքով: Եվ դատական այլ ատյանների մենք չենք կարող դիմել, քանի որ կա Վճռաբեկի՝ ուժի մեջ մտած որոշումը: Կա մի ճանապարհ՝ պարտադրել ՀՌԱՀ-ին, որ իրավունքը վերականգնի եւ մրցույթ հայտարարի: Իրավունքի վերականգնման նպատակին հասնելու ճանապարհները կարծես տանում են դեպի մի փոքրիկ փակուղի: Չեմ ուզում շտապել եւ ենթադրել, թե փետրվարի 18-19-ին ինչ կլինի, բայց Վճռաբեկ դատարանին ներկայացվեցին նաեւ որոշ օրինակներ, թե Սահմանադրական դատարանն էլ է ուղղություն ցույց տվել, որ մեր ներպետական դատարաններում պետք է բարձրացվի իրավունքի վերականգնման խնդիրը: Ուրիշ ճանապարհ իրոք չունենք»:

«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահը նաեւ ասաց. «Ընդունված պրակտիկա կա՝ կարող ենք նաեւ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որպեսզի մեկնաբանություններ անի իր վճռի կապակցությամբ եւ թեկուզ հենց իրավունքի վերականգնման իմաստով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել