Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլի» 21 հավակնորդ

Փետրվար 13,2009 00:00

Փետրվարի 14-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Եվրատեսիլ 2009»-ի հայաստանյան նախընտրական փուլը, որին մասնակցության հայտ են ներկայացրել 21 հայտնի եւ անհայտ երգիչ-երգչուհիներ՝ Շպռօտ, Հայկ Կասպարով, Արտյոմ Հակոբյան, Տիգրան Պետրոսյան, Ինգա եւ Անուշ Արշակյաններ, Մհեր, Լիլու, Իռեն, Հասմիկ Մարգարյան եւ այլք: Երեկ այդ առիթով Հանրային հեռուստատեսությունում հրավիրվել էր մամուլի ասուլիս, որին ներկայացել էին նախընտրական փուլի բոլոր 21 ներկայացուցիչները: Նրանք ընտրվել են 47 հոգուց:

21 «լավագույնները» խոսեցին իրենց երգերի, ակնկալիքների եւ պայքարի մասին: Տիգրան Պետրոսյանը հույս հայտնեց, որ կանցկացվեն արդար ընտրություններ. «Ես 3 տարի շարունակ ցանկանում էի ինձ «Եվրատեսիլի» բեմում միայնակ տեսնել, բայց ստացվում էր, որ բեքվոկալի «ֆորմատով» էի հանդես գալիս: Իսկ ինչո՞ւ եմ ուզում մասնակցել… որովհետեւ մեծ պատիվ է: Ելույթի երեք րոպեների ընթացքում ամբողջ կյանքդ աչքերիդ առջեւով անցնում է: Ես պատրաստ եմ միայնակ մի ամբողջ պետություն ներկայացնելու»: «Բամբիռ» ռոք խմբի անդամներն ասացին, որ «Եվրատեսիլին» մասնակցում են ուղղակի մասնակցելու համար: Մոսկվաբնակ երգիչ Մհերն էլ նշեց. «Պատրաստել եմ հաջող երգ, ըստ իս՝ «Եվրատեսիլին» համապատասխան: Սա եւս մեկ փորձ է ինձ համար՝ պարզերես անելու Հայաստանը»: Երգչուհի Շպռօտն իր մասնակցության հայտը այսպես պատճառաբանեց. «Էքսպերիմենտ է ինձ համար: Ես սիրում եմ էքսպերիմենտներ անել, եւ սա եւս մեկ հնարավորություն է ինքնադրսեւորվելու»: Ինգա եւ Անուշ Արշակյանների խոսքով, եւ իրենք, եւ երգը, եւ բեմականացումը լիարժեք ներկայացնում են հայի դեմքն ու Հայաստանը: Ի տարբերություն Արշակյանների, Շպռօտն անկեղծացավ. «Քույրերին հակառակ, ասել, թե իմ երգով եւ բեմականությամբ ներկայացնում եմ մեր ժողովրդի դեմքն ու կերպարը, ծիծաղելի կլինի: Իսկ թե ինչ է լինելու, թող գաղտնիք մնա»:

Լրագրողի հարցին՝ փետրվարի 14-ի նախընտրական փուլն արդյո՞ք «թոզ փչոցի» չէ, Ավետ Բարսեղյանը սրտնեղած պատասխանեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այստեղ ոչ ոք թոզ փչոցիով չի զբաղվում: Սպասվելիք մրցույթը ձեւականություն չէ, առանձնացվելու է իսկապես լավագույնը, որին կընտրեն ժյուրին եւ հեռուստադիտողները՝ կարճ հաղորդագրությունների միջոցով»: Երգչուհի Լիլուն էլ անկեղծացավ. «Ես գիտեմ, որ չեմ անցնելու, դրա համար էլ մեծ ջանքեր չեմ գործադրել երգ ընտրելիս, երգս էլ հայերեն է ամբողջությամբ»: Ռեփ երգիչ Դավոն նկատեց, որ իր մասնակցությանբ Հայաստանից առաջին անգամ հայկական ռեփ կհնչի «Եվրատեսիլի» բեմում:

Մասնակիցների շարքում չէր Արամեն, որը «Եվրատեսիլի» ամենահավանական թեկնածուն է համարվում: Վերջին պահին նա հանել է իր թեկնածությունը եւ հրաժարվել մասնակցությունից: Պատճառը, ըստ կազմակերպիչների, Արամեի՝ «Եվրատեսիլին» համապատասխան երգ չունենալն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել