Արգենտինայի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են պրոֆեսիոնալ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի անձի հետ կապված անհավատալի, բայց նաեւ սկանդալային պատմության մասին:
Մեր հայրենակիցը, որ թենիսի համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, Կորդոբա նահանգում իր մեքենայի ղեկին՝ հրաժարվել է վճարովի ճանապարհով երթեւեկելու համար սահմանված գումարը վճարել:
Ըստ նույն լրատվամիջոցների, Արգենտինայի երիտասարդության կուռք, 27-ամյա Դավիթ Նալբանդյանը վճարովի մայրուղի մուտք գործելիս արգելափակոցի առջեւ նստած գանձապահուհուն ասել է. «Ես Նալբանդյանն եմ եւ իմ փոխարեն կվճարի նա, ով ինձանից հետո է գալիս»: Գանձապահի համաձայնությամբ՝ Դավիթը շարունակել է ճանապարհը: Սակայն նրա հետեւից եկող մեքենայի տերը հրաժարվել է՝ հայտարարելով, որ ինքն անձամբ չի ճանաչում աշխարհահռչակ թենիսիստին: Եվ գանձապահը, հարկադրված, տեղի ունեցածի մասին զեկուցագիր է գրել ղեկավարությանը:
Արդյունքը եղել է այն, որ Դավիթի մտերիմ ընկերներից Ֆաբիան Ֆավան լրատվամիջոցներին ստիպված է եղել մանրամասնել, որ Դավիթն ընդամենը կատակ է արել եւ, հնարավոր է, ոչ այնքան հաջող: Նա նաեւ վստահեցրել է, որ «կատակասերն» անպայման կվճարի պարտքը եւ հնարավոր տուգանքը:
Տեղեկացնենք, որ վճարովի ճանապարհի այդ հատվածով երթեւեկելու գումարը 1$ էլ չի կազմում: Իսկ Նալբանդյանն իր մարզական կարիերայի ընթացքում որպես մրցանակ վաստակել է ավելի քան $9,6 միլիոն: