Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Չեքիջյանի հոբելյանին

Փետրվար 13,2009 00:00

\"\"Հայ երաժշտական մշակույթն ունի երգչախմբային ավանդույթների արժանի հետեւորդ եւ պահապան

Կարծես երեկ էր, որ մեծ շուքով տոնեցինք Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի 70-ամյակը։ Այս տարիների զգալի բեռը մոտ հինգ տասնամյակ Հովհաննես Չեքիջյանի ուսերին է։ Շարունակելով Կարա-Մուրզայի, Եկմալյանի, Մեծն Կոմիտասի ավանդները, Հայաստանի պետական երգչախմբի հիմնադրման օրվանից՝ 1937 թ. մեծանուն երաժիշտներ Թաթուլ Ալթունյանից եւ Արամ Տեր-Հովհաննիսյանից հետո՝ 1961-ից մինչ օրս, կապելլան մեծ վարպետությամբ ղեկավարում է Հ. Չեքիջյանը։

Լինելով երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, մաեստրոն մեր ժողովրդին է մատուցել բազմաթիվ երաժշտական կտավներ, որոնք հնչել են առաջին անգամ եւ ինքը եղել է առաջին կատարողը՝ ինչպես երգչախմբի, այնպես էլ երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Մեծ է երգչախմբի երկացանկը, հայկական ստեղծագործությունների կողքին Հ. Չեքիջյանը տարբեր լեզուներով հնչեցրել է աշխարհի ժողովուրդների երաժշտություն, լեզվական անթերի՝ բնագրին հարազատ հնչողությամբ։ Երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի ավելի քան 40 հեղինակավոր նվագախմբերի հետ, տարբեր երկրներում եւ արժանացել մեծանուն երաժիշտների բարձր գնահատականին։

Ուրեմն բնական էր, որ պետությունը եւ ժողովուրդը հավուր պատշաճի պետք է նշեին մեր մեծ մաեստրոյի 80-ամյա հոբելյանը։ Ստեղծվեց Պետական հանձնաժողով, որ ղեկավարում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հոբելյանական համերգը, որ տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ազգային օպերային թատրոնում՝ լեփ-լեցուն էր։ Արամ Խաչատրյանի վեհաշուք երաժշտության ներքո բեմահարթակ է բարձրանում Հովհաննես Չեքիջյանը։ Եղան անվանի արվեստագետների բազմաթիվ գեղեցիկ համարներ…

Ուզում եմ փաստել, որ Հովհաննես Չեքիջյանի ստեղծագործական անձնուրաց կյանքի տասնյակ տարիները համոզում են, որ ի դեմս նրա՝ հայ երաժշտական մշակույթն ունի երգչախմբային ավանդույթների արժանի հետեւորդ եւ պահապան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել