Եվ ոչ մի գրատարած ցանց
Այսօր Հայաստանում տարեկան տպագրվում է շուրջ 1600 անուն գիրք, որն ավելին է, քան խորհրդային տարիներին: Գրահրատարակչական այս «բումին» հակադրվում են մեր հանրապետությունում գրքի վաճառքի ծավալները: Երեւանում գործում են հատուկենտ գրախանութներ, մարզերում դրանք ընդհանրապես բացակայում են: Այս «տխուր» փաստերը վկայում են այն մասին, որ ՀՀ-ում գրքի «բիզնեսը» կայացած չէ, դրանից շահույթ ստանալու մասին խոսելը՝ անտեղի, գրողների ստացած հոնորարներն էլ սիմվոլիկ են: Այս խնդիրները գրողների շրջանում լուրջ մտահոգություն են առաջացնում: Օրինակ՝ գրող Մարինե Պետրոսյանն «Առավոտին» ասաց, որ իր գրքերն ինքն է տանում գրախանութներ, եւ գրատարած ցանցի բացակայությունը շատ է խանգարում: «Դրա պատճառով գրքերը չեն հասնում շրջաններ, իսկ այնտեղ ընթերցանության ավանդույթը դեռ պահպանվում է: Համենայնդեպս, ես բազմիցս տեսել եմ վաճառողների, որոնք գիրք են կարդում: Չեմ հավատում, որ այս խնդիրը պետությունը մի օր կլուծի: Իմ երազանքն այն է, որ Հայաստանում լինի մի գրախանութ-սրճարան, որը ոչ թե միայն շահույթ ստանալու մասին մտածի, այլ կարեւորի գրական մթնոլորտ ստեղծելը: Մեր երկրում այսօր վերացել է նաեւ գիրք գնելու ավանդույթը: Դրա պատճառը ոչ թե գրքերի գինն է, այլ այն, որ մարդիկ չեն ուզում գրքի վրա գումար ծախսել, նույնիսկ այն դեպքում, երբ այն մի տաքսու փող արժե»:
Ներկայումս ՀՀ-ում գործում են 70-ից ավելի հրատարակչություններ: Գրահրատարակչությունը կատարվում է մի քանի ձեւերով՝ անհատական ներդրումներով, հովանավորչական մեխանիզմներով եւ պետական աջակցությամբ: Ըստ այդմ՝ գրքի ծախսերի 60%-ը հոգում է պետությունը, 40%-ը՝ հրատարակչությունը: Տպաքանակն էլ համապատասխանաբար բաժանվում է այդ երկու օղակների միջեւ: Լավ, ենթադրենք պետությունը միջոցներ տրամադրեց, գրքերն էլ տպագրվեցին, իսկ դրանց վաճառքի կազմակերպո՞ւմը:
Անդրադառնալով «Առավոտի» բարձրացրած վերոնշյալ խնդրին, Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը նշեց. «Արտասահմանում այս հարցը լուծել են ներդրումներ կատարելու միջոցով, բայց այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, գիրքն ապրանք է դառնում: Իսկ մեզ մոտ կան հազվագյուտ գրողներ, որոնց ստեղծագործությունները պահանջարկ ունեն: 2004-ին, երբ պետպատվերով էին գրքեր տպագրվում, որոշվեց ողջ տպաքանակը տալ հրատարակչություններին, որ կայանան: Բայց դա էլ չաշխատեց: Այդ դեպքում էլ գրքերը կուտակվում էին հրատարակչություններում եւ ուղղակի նվիրվում ցանկացողներին: Այժմ մշակույթի նախարարությունում ստեղծվել է «Գիրք» հիմնադրամ, որը պիտի զբաղվի կուտակված գրականության իրացման հարցերով, բայց այդտեղից էլ արդյունավետ քայլեր դեռ չենք տեսնում»: ՀԳՄ նախագահն այս խնդիրների առաջացման պատճառ է համարում մեր երկրում գրատարած ցանցի բացակայությունը. «Խորհրդային տարիներին այդ գործը մայրաքաղաքում կազմակերպվում էր «Երեւանգիրք», Հայաստանում՝ «Հայգիրք» ընկերությունների միջոցով: Այսինքն՝ գրքի տպագրումից հետո պետությունն ինքն էր տեր կանգնում գրականությանը, այն հասցնում մարզեր, տեղաբաշխում գրադարաններին: Քանի որ այժմ գիրքն ապրանք չի դառնում եւ դրա վաճառքը շահույթ չի բերում, խախտվել են ընթերցանության ավանդույթները, գրքերի իրացման խնդիրը ոչ մի կազմակերպության ձեռնտու չէ վերցնել իր վրա: Հետեւաբար, պիտի պետությունն ինքն իր ձեռքը վերցնի այդ կարեւոր գործը: Այստեղ առաջ է գալիս նաեւ հայ ժամանակակից գրողների գրքերն արտասահման, Սփյուռք առաքելու հարցը»: Լ. Անանյանը նաեւ նեղսրտեց, որ ՀՀ-ում գրքի տպագրման հարցում հարկային, մաքսային արտոնություններ չեն սահմանվում. «Կան բազում երկրներ, որոնք գրքի տպագրությամբ զբաղվողներին զրկել են ավելացված արժեքի հարկից: Իսկ մեզ մոտ միայն մանկական գրականության հանդեպ կան որոշ զիջումներ»: