Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 13,2009 00:00

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԶԲՈՍՆԵԼ Է $300 ՄԻԼԻՈՆԻ

\"\"Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը մեղադրել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին՝ պետական բյուջեից ճանապարհորդությունների վրա $300 միլիոն ծախսելու մեջ: Այս մասին փետրվարի 11-ին հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Իոսեբ Շատբերաշվիլին: «Այն ժամանակ, երբ երկրում սովահար են լինում այդքան շատ փախստականներ, Սահակաշվիլու ընտանիքը դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի վերջ ճանապարհորդում էր: Նրանք այցելել են Սահարա, իսկ այնուհետեւ սուզանավով շրջանցել են աֆրիկյան մայրցամաքը: Սակայն նախագահը այդքանով չի սահմանափակվել եւ շաբաթը 2 անգամ մեկնում է Ֆրանսիա՝ իջեւանելով ամենաթանկ հյուրանոցում»,- ըստ news.ru-ի, ասել է Շատբերաշվիլին: Նա ճշտեց, որ խոսքը Փարիզում գտնվող «Գեորգ 5-րդ» հյուրանոցի մասին է, որտեղ մեկ գիշերն արժե 30 հազար եվրո: «Լեյբորիստների» տվյալներով, փողերը ծախսվում էին նախագահի, նրա կնոջ եւ երեխաների, մոր եւ տատի, ինչպես նաեւ աներոջ եւ զոքանչի ճանապարհորդությունների վրա: «Երբ նորանշանակ վարչապետ Գիլաուրին խորհուրդ է տալիս ֆինանսական ճգնաժամի պայմաններում ձգել գոտիները, թող այդ խորհուրդը նախ եւ առաջ տա Միխայիլ Սահակաշվիլուն, որը շարունակում է ծախսել պետական միջոցները ճանապարհորդությունների վրա»,- նշել է Լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղարը:

ԹԻԿՆԱՊԱՀԸ ՊԱՏՄԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՐ

\"\"Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նախկին թիկնապահ Ումար Իսրաիլովը, որը հունվարից պահվել էր Վիեննայում, պետք է հանդես գար որպես գլխավոր վկա՝ Կադիրովի դեմ հարուցված դատաքննության ժամանակ: Դատաքննությունն այդպես էլ չկայացավ, սակայն Իսրաիլովը հասցրեց հարցազրույց տալ, որում մեղադրեց Չեչնիայի նախագահին՝ բազմաթիվ հանցագործությունների մեջ: Դատական հայցը հարուցել էր գերմանական իրավապաշտպան կազմակերպություններից մեկը, որն իր մտահոգությունը հայտնեց առ այն, որ Իսրաիլովի սպանությունը չունեցավ որեւէ քաղաքական կամ իրավական հետեւանք: Իսրաիլովը սպանվել էր Վիեննայում, հունվարի 13-ին: Հանցագործությանը նախորդել էր զոհի հետապնդումը Ավստրիայի մայրաքաղաքի փողոցներում՝ բազմաթիվ կրակոցներով ուղեկցված: Չեչնիայում Իսրաիլովը սկզբից դատապարտվել էր որպես անջատողական գրոհային, այնուհետեւ ներում էր ստացել եւ դարձել Ռամզան Կադիրովի թիկնապահներից մեկը, սակայն 2006-ին նա գժտվեց իր ղեկավարի հետ եւ դիմեց Ստրասբուրգի դատարան՝ իրեն հայտարարելով Կադիրովի ռեժիմի զոհ: 2008-ի աշնանը «New York times» թերթին տված հարցազրուցում Իսրաիլովը մանրամասնորեն պատմել էր Կադիրովի բազմաթիվ հանցագործությունների մասին՝ առանձնացնելով հատկապես մարդկանց առեւանգումները եւ բանտերում կալանավորների խոշտանգումները: «Gazeta.ru»-ն հիշեցնում է, որ Իսրաիլովը Կադիրովին քննադատած եւ այնուհետեւ սպանված առաջին անձնավորությունը չէր: Անցած տարվա սեպտեմբերին Մոսկվայում սպանվել էր Պետդումայի պատգամավոր Ռուսլան Յամադաեւը: 2006-ի հոկտեմբերին սպանվեց Չեչնիայի իրադարձությունները լուսաբանող Աննա Պոլիտովսկայան: Սպանվել եւ անհայտ կորել են նաեւ Կադիրովի հետ թշնամական հարաբերություններ ունեցող մի քանի դաշտային հրամանատարներ:

ԻՆՉՊԵՍ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը անհանգստացած է Ռուսաստանի աշխարհաքաղաքական առավելություններով եւ առաջարկում է Եվրոպային՝ չեզոքացնել դրանք միասնական քաղաքականության միջոցով՝ հատկապես էներգետիկայի բնագավառում: Այդ կարծիքն է նա արտահայտնել օրերս արեւմուտքում լույս տեսած «Աշխարհաքաղաքականության այլընտրանքը. ռուսաստանյան խնդիր» հոդվածում: Նա նշում է, որ եվրոպական քաղաքականությունը չպետք է հիմնվի բացառապես աշխարհաքաղաքականության վրա, քանի որ այդ դեպքում ազգային շահերը կարող են ավելի ուժեղ լինել, քան միասնական դիրքորոշումը: Մինչդեռ Ռուսաստանը այդ դեպքում կարող է կիրառել «բաժանիր, որ տիրես» հայտնի կարգախոսը: Ըստ Սորոսի, Ռուսաստանը կարող է փորձել իրականացնել Եվրոպայի մաս դառնալու իր հին երազանքը՝ հավակնելով գերիշխող տերության դերին: Այս առումով Եվրոպան պետք է անցկացնի երկակի քաղաքականություն: «Մի կողմից նա պետք է պաշտպանվի կրկին ագրեսիվ եւ ակտիվ դարձած Ռուսաստանի աշխարհաքաղաքական սպառնալիքներից, մյուս կողմից ձգտի, որպեսզի օրենքի իշխանությունը դուրս մղի ուժեղի իրավունքը, իսկ ժողովրդավարության, բաց հասարակության եւ միջազգային համագործակցության ձգտումը գերիշխի աշխարհաքաղաքական շահերի նկատմամբ»,- ասված է Սորոսի հոդվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել